livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

baletԳրեթե մեկ շաբաթից վերանորոգված բեմահարթակով եւ գերժամանակակից տեխնիկայով վերազինված` իր դռները կբացի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Բայց, թատրոնի գլխավոր բալետմայստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ, կարծես թե, այդ փաստն անտեսելով` այս ընթացքում որքան հասցրեց տարբեր հարցազրույցների ու մամլո ասուլիսների ժամանակ բողոքեց ցածր աշխատավարձերից ու պարողների բացակայություններից.

 

ՙՄանկավարժական համալսարանի դահլիճում շաբաթը հինգ օր 3-ական ժամով էինք պարապում, ինչը շատ քիչ էր: Պարողներից շատերը չէին գալիս, մեր աշխատավարձերը շատ ցածր էին, չնայած խոսք են տվել, որ պետք է բարձրացնեն: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա` բալետի արտիստը ութ տարի Պարարվեստի ուսումնարանում մարզվում է, որից հետո գալիս է թատրոն եւ շատ քիչ աշխատավարձ է ստանում: Նույն ժամանակ ՙփողոցային՚, սպորտային կամ մյուս տեսակի պարերն ավելի բարձր են գնահատվում, եւ թատրոնի պարողները ստիպված աշխատում են ռեստորաններում, բարերում, որպեսզի գումար աշխատեն: Հասկանում ես, որ նրանք էլ պետք է ընտանիքը պահեն, միեւնույն ժամանակ ափսոսում ես, որ ութ տարի աշխատել են, պոտենցիալ ունեն, բայց ռեստորաններում են աշխատում: Եթե աշխատավարձերը բարձրացնեն, ես նրանց կպահեմ այստեղ: Մեկ տարի է՝ մենք թատրոնի բեմը չենք տեսել: Լիարժեք աշխատելու համար բալետի արտիստը պետք է 6-7 ժամ աշխատի, տարեկան 100-ից ոչ պակաս ելույթներ ունենա, որպեսզի պրոֆեսիոնալիզմը ե°ւ պահպանի, ե°ւ կարողանա դրսի թատրոնների հետ ոտք մեկնել՚:

Բոլորիս համար նորություն չեն ցածր աշխատավարձերն ու այդ ասպարեզում եղած խնդիրները, բայց ավելի լավ է ներկայացնենք թատրոնի տնօրեն ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքն այս թեմայի մասին. ՙԲալետային խնդիրների աժիոտաժը բարձրացրել է բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, որը իր ամերիկյան ապրելակերպն ուզում է տարածել Հայաստանում: Ուրիշ կերպ է նա մտածում, ես ոչ մի կերպ չեմ կարողանում նրան փոխել, որ մի քիչ համեմատականով կարողանանք առաջ գնալ: Մենք ապրում ենք ուրիշ երկրում, դեռ պատերազմական վիճակի մեջ ենք: Բայց այդ նույն վիճակում երկիրը հնարավորություն է տալիս բալետի պարողներին ե°ւ ծառայել, ե°ւ աշխատել: Գիտե՞ք ինչ մեծ բան է, եւ դա չգնահատել, այդ մասին ոչ մի անգամ չբարձրաձայնել: Միայն բարձրաձայնել, որ աշխատավարձը քիչ է, եւ լավ չեն հաճախում: Ես կարող եմ ասել, որ լավ չեն հաճախում, որովհետեւ բալետմայստերը լավ չի աշխատում: Նույն երեխաները ՙԲարեկամությունում՚ են՝ Նորայր Մեհրաբյանի մոտ, այնտեղ չեն բացակայում, բայց նույն աշխատավարձն են ստանում: Բալետի խնդիրը բալետմայստերի մեջ է: Ես այդպես եմ կարծում, որովհետեւ բալետմայստերն ինքն է դրա մասին բարձրաձայնում: Այն, որ մեր երկրի ղեկավարությունը օպերային թատրոնում կարողացավ ՙՍպարտակ՚ բալետ ներկայացնել, ՙԱիդա՚ օպերա բեմադրել, ուրեմն այստեղ ուրիշ բան է պետք փնտրել: Աշխարհի շատ օպերային թատրոններ, որոնք ավելի հարուստ են, մեծ հնարավորություններ ունեն ՙԱիդա՚ չեն կարողանում բեմադրել, եւ աշխարհի շատ քիչ բեմերում է ՙՍպարտակ՚ բալետ բեմադրվում: Ես կարող եմ ասել, որ մեր օպերային եւ բալետային խումբը 5 աստիճան իր մակարդակը բարձրացրեց՝ ՙՍպարտակ՚ բեմադրելով՚:

Ինչեւէ, մնում է Ռուդոլֆ Խառատյանը մի կողմ դնի իր ամերիկյան սկզբունքները, փնովելու ու կոլեկտիվին լարված իրավիճակում պահելու փոխարեն մտածի բալետի ապագայի մասին:


Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում