livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

medicԱպրիլի 3-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում, ինչպես պատմում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը. ՙԲժիշկների, ավելի շուտ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանի պատճառով, մահացել է Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ 27-ամյա Ցոլակ Մկրտչյանը՚:

 

Փաստաբանի խոսքերով.

-Ապրիլի 2-ին Ցոլակի ինքնազգացողությունը վատացել էր: Կինը կանչում է ամուսնու հարազատներին, ովքեր Ցոլակին տեղափոխում են Մասիսի հիվանդանոց: Այդ օրվա բժիշկը եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանը, ով ձեռքերով շոշափել է Ցոլակի որովայնի հատվածները, հետո հարզատներին ասել է, որ լուրջ բան չկա` ցավերը կապված են սննդի հետ, ինչի պատճառով էլ հավանաբար աղիների խցանում կա: Բուժքրոջը հանձնարարել է, որպեսզի ցավերի մեջ գտնվող Ցոլակին միջմկանային ներարկում կատարեն, որից հետո ասել է, որ կարող են հանգիստ գնալ տուն, անհանգստանալու կարիք չկա: Տուն գալուց հետո` գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, Ցոլակը նորից ցավեր է ունեցել, ու այս անգամ ինքնուրույն` իր ավտոմեքենայով, գնացել է հիվանդանոց` այդ մասին միայն կնոջը տեղյակ պահելով: Երբ Ցոլակը ուշացել է, կինը զանգել է եղբորը, որ գնա հիվանդանոց` իմանա ինչ է պատահել: Երբ եղբայրը գնացել է հիվանդանոց, իմացել է, որ... վերակենդանացման բաժանմունքում Ցոլակը մահացել է:

Մահվան վկայականը, որտեղ գրված է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության խանգարումը, հարազատների մոտ է: Սակայն նրանք պնդում են, որ Ցոլակը երբեւէ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, այդ թվում` սրտի: Չգիտես ինչու, առաջին անգամ Ցոլակի ինքնազգացողության վատթարացումը բժիշկը կապել է աղիների հետ, իսկ հետո` երիկամի: Իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, մահը կապել են սրտի հետ:

- Կոնկրետ ինչում եք մեղադրում, բժշկի՞ն:

- Երբ առաջին անգամ Ցոլակը ծնողների հետ դիմել է բժշիկների օգնությանը, բժիշկներին ասել էր, որ ինքը դեղերից ալերգիա է ստանում: Դա պետք է բժիշկների մոտ հիմք հանդիսանար, որ առանց հետազոտման ներարկումներ չանեին: Իսկ բաժնի վարիչ Գեւորգ Գրիգորյանը հետազոտում է համարել ձեռքերով փորը շոշափելը եւ ներարկել է այնպիսի դեղամիջոց, որից հիվանդը ստացել է ալերգիա, անաֆիլակտիկ շոկ, ինչից էլ մահացել է:

Նույն օրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել` Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով, բայց մինչեւ օրս քրեական գործ դեռեւս չի հարուցվել, որի համար ես պատրաստվում եմ բողոքարկել: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ:

Իսկ Ցոլակ Մկրտչյանի եղբայրը` Վիրաբ Մկրտչյանը, անդրադառնալով բժշկի մեղավորությանը` եղբոր սպանության հետ կապված, ՛Զարուոհու՚ հետ զրույցում ասաց. ՙԲժշկի մեղավորությամբ էսօր եղբորս ընտանիքի` կնոջ ու անչափահաս երեխեքի վիզը ծուռ մնաց, ինչ ա թե ինքը, երեւի հավես չուներ, իրեն դիմած հիվանդին զննելու, դրա համար ա գլխառադ արել` չմտածելով, որ դիմացինը մարդ ա, անասուն չի, ու հիվանդը` եղբայրս, իր ա օգնության կարիքն ունի: Ցանկանում եմ, որ բժիշկ Գեւորգ Գրիգորյանը ամենայն խստությամբ կրի իր արարքի պատասխանատվությունը, չնայած դրանից հետո էլ մեր վիշտը չի մեղմանա, իմ եղբայրը հետ չի գա՚:

Նշենք, սակայն, որ Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավար ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ոչ մի կերպ չի ընդունում, որ բժիշկը մեղավոր է, որ հիվանդի մոտ անաֆիլակտիկ շոկ (մարմնի սուր ալերգիկ ռեակցիա) է առաջացել. ՙՀնարավոր է նույնիսկ մեկ միլիգրամից էլ հիվանդի մոտ առաջանա անաֆիլակտիկ շոկ, ու բժիշկը որեւէ բան չկարողանա անել: Ալերգիան այնպիսի բան է, որ ոչ մեկս չենք կարող կանխատեսել: Հակաշոկային բոլոր միջոցառումներն այդ դեպքում արվել են, բայց, փաստորեն, ոչինչ չի օգնել: Իսկ այն, որ մահացածի փաստաբանը պնդում է, որ բժիշկը նախապես տեղյակ է եղել, որ հիվանդը ալերգիկ է, այդպես չէ: Անկետայում նկարագրված է, որ բժիշկը երկու անգամ հարցրել է` հիվանդն ալերգիա ունի, թե ոչ, հիվանդն էլ որեւէ բան չի ասել: Բացառվում է, որ բժիշկն իմանար, որ ալերգիա ունի ու սրսկում կատարեր, նման բան չկա: Այդ բժիշկը արդեն հինգը տարի է մեզ մոտ աշխատում է, եւ ոչ մի անգամ, բացի գովեստի խոսքերից ոչ մի արտառոց բան չի գրանցվել: Թե որպես մասնագետ` վիրաբույժ, թե որպես մարդ` կարգին անձնավորություն է՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում