livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

martinՀայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ  ՙԶարուհու՚ հետ հիշելով 90-ական թվականները` ուրախ է, որ մյուս կոլեկտիվների համեմատ իրենցը գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի հետ կարողացել են պահպանել:

-90-ականներին այնպիսի վիճակ էր, որ բոլոր ստեղծագործական կոլեկտիվները քանդվեցին, բացի էստրադային սիմֆոնիկ նվագախմբից: Հետաքրքիրն այն էր, որ մարդիկ երբեմն պարտք էին անում կամ ոտքով Նորքի մասիվից գալիս էին, որ փորձերին մասնակցեին: Երկար տեւեց այդ բանը, Երվանդը գտավ միջոցներ. ՙՌեք թայմ՚ ակումբային երեկո էր կազմակերպում, եւ այդտեղից որոշ չափով վարձատրվում էին երաժիշտները: Հասկանալի է, դա չնչին բան էր, բայց հավատ էր ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ: Հետո, երկար մտորումներից հետո հանդգնեցինք եւ դիմեցինք ՀՀ նախագահին, որից հետո առաջարկ եղավ, որ նվագախումբը գոնե մինիմալ աշխատավարձ ստանա: Հասկանալի է` մինիմալ աշխատավարձ ստացողը ամեն օր գալիս է փորձի, եւ դա միայն ճանապարհի ծախսն է: Դրա համար այստեղ փորձ ձեռք բերելով, կամ ինչ-որ նոր փոքր խումբ են ստեղծում կամ էլ մի այլ նվագախումբ: Այնպես որ, մեզ մոտ նաեւ դարբնոց է: Անցյալ տարվա ամենանշանակալի հանգամանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանը նվագախմբին ամբողջովին նոր կոմպլեկտ նվիրեց` բարձրագույն կարգի սաքսաֆոններ, տրոմբոններ, հարվածային գործիքներ եւ այլն: Հիմա մնում է ասպարեզ լինի, որ այդ ամենը ցուցադրենք:

- Այսինքն` հիմա խնդիրը ասպարե՞զն է:

- Այո, բայց ես պիտի ասեմ, որ կազմը փոփոխվելով` ամեն անգամ ընտելացման հարց է առաջանում, ես ու Երվանդը կարողանում ենք, որ այդ փոքր գումարով մարդիկ գան եւ լրիվ հանձնվեն իրենց գործին: Միշտ չէ, որ ստացվում է, բայց ցանկությունը կա: Այս ընթացքում նոր ծրագրեր, նոր կատարողներ ընդգրկվեցին, ովքեր գալիս են սիրահոժար եւ կամավոր, առանց նյութական պահանջների: Եթե, հետո ուրիշ տեղ են երգում, էլի մեր պատիվն է:

- Շուտով Ջազի օրերն են, Հայաստանում այսօր ջազն ինչ վիճակում է:

- Ապրիլի 30-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է համաշխարհային Ջազի օր, բայց, մինչ այդ, իհարկե, Երեւանը միշտ եղել է ջազային քաղաք` դեռ 60-ական թվականներից: Մեծ նվագախումբ պահելը պատվավոր է, բայց` թանկ: Ես արդեն ընկա տարիքային փնթփնթոցի գիրկը: Մի ժամանակ Երեւանում ամեն քայլափոխի կարելի էր տեսնել սաքսաֆոնը, տրոմբոնը ձեռքին երիտասարդի, որովհետեւ ամեն բուհ ուներ իր նվագախումբը եւ ամեն տարի անց էր կացնում փառատոն, օլիմպիադա: Այն մրցակցություն չէր, այլ համագործակցություն, որովհետեւ մրցանակներ` որպես այդպիսին չկային, ուղղակի պատիվն էր եւ շփումը: Հետո դա պակասեց, եւ շատ ճիշտ է, որ Երզնկյանը այդ տարիներին կարողացավ պահպանել նվագախումբը: Ջազային երաժշտությունը բարություն սերմանող երաժշտական ուղղություն է, ոչ մի դաժան բան չեք գտնի, ի տարբերություն ռոքի, որն ավելի շատ ագրեսիայի ու դաժանության վրա է հիմնված: Դրա համար հարկավոր է ավելի շատ հետաքրքրվել եւ լսել ջազային երաժշտության հարմոնիկ զարգացումը եւ զգալ դա: Էդուարդ Բաղդասարյանն ասում էր. ՙԻնչ դժբախտ ենք կոմպոզիտորներս, բոլորը լսում են երաժշտությունն ու հաճույք ստանում, իսկ մենք` լսում ենք, թե սա ինչպես է արել՚: Եվ դա ճիշտ է:

- Ի՞նչ նոր գործեր ունեք գրված:

- Նոր գործեր` որպես այդպիսին հիմնականում տնեցիների համար եմ գրում, որովհետեւ ձայնագրության հնարավորություններ չկան: Չնայած գրվեց, բայց ես երգեցի: Արամայիս Սահակյանն ինձ զանգահարեց փետրվարի 27-ին հիվանդանոցից եւ ասաց. ՙՄեր կանանց մի հատ երգ նվիրենք՚, ասացի. ՙԱրամայիս ջան, քեզ հետ միշտ պատրաստ եմ՚: Նրա հետ շատ տեղերում ենք աշխատել, երգերի մեջ նա հատուկ պոեզիա ունի.

Քեզ կանչում եմ անվերջ, բայց դու չես լսում,

Քեզ գրում եմ անվերջ, բայց դու չես կարդում...

Հետո նրա հետ այդ ՙչարաբաստիկ՚ ՙՔաջ Նազարը՚ արեցինք, որը դուրս եկավ եւ սկսեց ապրել ինքնուրույն կյանքով: Բայց ո°չ ես, ո°չ էլ` ինքը ուշադրություն չդարձրինք, հեղինակային հսկայական հոնորարներ ենք կորցրել... Կանանց նվիրված երգը եղավ, չեմ ուզում ասել վերջին, այլ` հերթական երգը, որովհետեւ ես հիմա նորից պետք է վերցնեմ նրա պոեզիայի բազմաթիվ հատորները, ուսումնասիրեմ, գտնեմ էլի մի քանի արամայիսական իմաստնությամբ եւ պարզությամբ երգեր ու անպայման մի շարք ստեղծեմ նրա խոսքերով:

- Ասացիք, որ ձայնագրելու հնարավորություն չեք ունենում:

- Ներկայացումների համար երաժշտություն գրելիս, քանի որ լինում է աջակցություն բեմադրության համար, այդ ժամանակ ձայնագրելու հնարավորություններ լինում են: Վերջին աշխատանքներիցս թատրոնում ՙՀացի խնդիրն՚ էր: Ճիշտ է, այնտեղ ավելի շատ ձեւավորող էի: Ինձ թվում է, որ լավ ներկայացում է ստացվել ե°ւ մասսայականությամբ, ե°ւ իմաստնությամբ: Երաժշտությունն ունի իր ծանրակշիռ դրամատուրգիական դերը, ոչ թե այսօրվա կինոյի երաժշտության նման, որ ծայրից ծայր երաժշտությունը գնում է, եւ դերասանական խաղը, տեքստը քողարկվում է երաժշտությամբ: Շարունակ երաժշտությունը կորցնում է դրամատուրգիական դերը: Իսկ երաժշտությունն ազդեցիկ միջոց է` ճիշտ օգտագործելու դեպքում: Խոսքս երաժշտական ֆիլմերի մասին չէ:

- Նախորդ հինգ տարիներին Երեւանի ավագանու անդամ էիք, հիմա նույնպես ընդգրկված եք որպես ավագանու թեկնածու:

- Ինձ առաջարկեցին ցուցակում ընդգրկվել, ես համաձայնեցի, որովհետեւ ստեղծվել է թիմ: Մի բան էլ ասեմ, թող զարմանալի չթվա, նշանակություն չունի Բարգավաճն է, Հանրապետականը, ՀԱԿ-ը, որն այդպես էլ չներկայացավ, բոլորի համար կարեւորը Երեւանի բարեկեցությունն է: Այս նախընտրական շրջանում բազմաթիվ կուսակցություններ են մասնակցում եւ  յուրաքանչյուրը համարում է, որ ինքը պիտի հաղթի: Գտնում եմ, որ հաճախ նախընտրական քարոզը ազդեցություն է գործում հեռուստադիտողի վրա, համոզված նշելով, որ մենք կանենք այսինչ բանը, բայց այդ բանն արդեն արված է, եւ վերագրել իրենց... Սա, երեւի, նախընտրական պայքարի զինանոցից է, որովհետեւ եթե մյուս կողմը շարունակ չի շեշտում, որ այս բանն արել ենք, այն բանն արել ենք, սրանք ասում են` մենք այս բանը կանենք, այն բանը կանենք: Թող արվի, թող զարգացվի, ես կողմանկից չեմ հակադրությանը, կողմակից չեմ, որ ասում են, թե վեճում բացահայտվում է ճշմարտությունը: Այն մահանում է, որովհետեւ, որքան վեճը թեժանում է, այնքան ամեն մեկը համոզվում է իր իրավացիության մեջ` չլսելով դիմացինի առողջ առաջարկի հատիկը: Հույս ունեմ, որ ընտրությունների ընթացքում անպայման բոլոր կողմերը կգան այդ եզրակացությանը, որ, ի վերջո, դա արվում է Երեւանի համար: Գնահատենք այն ինչ արված է: Այսպիսի խոսքեր կան, որ, եթե մարդը ընդունակ չէ գնահատել այն, ինչ ունի, նա ընդունակ չէ գնահատել այն, ինչին ձգտում է: Անկախ նրանից` այն, ինչ-որ արվել է եւ արվում է մինչ նախընտրական շրջանը` աղբատարության մասին գոռում են, որ մենք կկարգավորենք աղբատարությունը, բայց արդեն կարգավորված է: Հարկավոր է հստակեցնել եւ պատասխանատվություն պահանջել, իսկ դա կարվի: Հետո շարունակ խոսակցություն կա, որ ինչո՞ւ է ամեն ինչ սկսվում հենց կենտրոնից: Դե, հիմա պատկերացրեք, որ այն բոլոր առաջարկները, որ եղել են, եւ ինչը որ իրականացվել է, լիներ միայն ծայրամասում, այլ ոչ թե կենտրոնում: Սա էլ կբերեր հակառակ վրդովմունքի: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում միշտ հակառակ են իշխանությանը, ինչ էլ որ նա անի: Դրա համար հարկավոր է մի պահ կանգնել, շուրջը նայել, տեսնել, թե ինչն է պակաս ու ասել, որ` այ, մենք դա կանենք: Սա կբերի, իսկապես, Երեւանն ավելի լավ Երեւան դառնալուն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում