livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

dramԱնցած ամիս, հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձավ նաեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հարցին. ՙՄենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն` այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Բայց, ի տարբերություն ուրիշների` մենք պարտավոր ենք մանրամասն հաշվարկներ կատարել, նոր միայն խնդրին մոտենալ: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը...՚:

 Հուլիսի 1-ը սարերի ետեւում չէ, ուստիեւ, դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարություն, պարզելու` թե այդ գործընթացն ի՞նչ փուլում է, կա՞ աշխատավարձերի բարձրացման համապատասխան  նախագիծ: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Իրինա Այվազյանից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԸնդհանուր առմամբ, աշխատավարձերի բարձրացման հետ կապված` քննարկումներ կառավարությունում ընթանում են: Բայց դեռեւս դրանք քննարկումներ են, եւ հստակ նախագծեր այս պահին դեռ չկան: Երբ կլինեն հստակ նախագծեր, մենք կտեղեկացնենք՚:

Փորձեցինք նաեւ  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանից տեղեկանալ, թե կենսաթոշակների բարձրացման հարցն ի՞նչ փուլում է: Պատասխանը հետեւյալն էր. ՙԳիտեք, մեզ ոչ թե ծրագիրն են տրամադրում, այլ տալիս են հանձնարարություններ, մենք կատարում ենք հաշվարկներ եւ այլն: Մեզ դեռ հանձնարարություններ տրված չեն, բայց դուք կարող եք դիմել ՀՀ կառավարություն` ձեր հարցի պատասխանը ստանալու համար՚:

Իսկ ահա ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը տեղեկացրեց. ՙՀՀ կառավարությունում այս հարցի շուրջ աշխատանքային քննարկումներ են ընթանում, եւ երբ աշխատանքային խումբը կհանգի որեւէ որոշման, այդ ժամանակ մենք հրապարակավ կտեղեկացնենք՚:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ.Գ.-
Ի դեպ, աշխատավարձային թեմայի հետ կապված` չմոռանանք նկատել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում նման խոստում էլ տվել էր ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: Սակայն խոսքը միայն պարոն Երիցյանի ղեկավարած կառույցի մասին է: Ուստիեւ, փորձեցինք ֆինանսների նախարարությունից պարզաբանում խնդրել, թե մեկ առանձին նախարարությունն աշխատավարձերը քիչ թե շատ շոշափելի կերպով բարձրացնելու հնարավորություն ունի՞: Պատասխանը, մեղմ ասած, զարմացրեց. ՙԵս չեմ կարող ասել, ԱԻՆ նախարարը նման հայտարարություններ անելու իրավունք ունի, թե` ոչ՚: Հուսանք, որ ունի, քանի որ փրկարարների ֆանտաստիկ ցածր աշխատավարձերի մասին արդեն նույնիսկ դառը կատակներ են շրջանառվում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում