livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

richՎերջին օրերին մեր խմբագրությունը ստանում է մի շարք բողոքներ, առ այն, որ ՙՌիչ Քոմփյութերս՚ համակարգչային սրահի գովազդում հայտարարվում է, որ քաղաքացիները կարող են իրենց անձնագրերով եւ սոցիալական քարտերով ներկայանալ խանութ-սրահ եւ տեղում կատարել ապառիկի ձեւակերպում: Սակայն երբ քաղաքացիները, հավատալով գովազդին, այցելում են խանութ-սրահ, բախվում են բոլորովին այլ իրավիճակի: Մասնավորապես նրանց տեղեկացվում է, որ անհրաժեշտ է նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք եւ  պարտադիր վարկային պատմություն, ինչը սակայն գովազդում բացակայում է:

Առհասարակ մեր երկրում շատ հաճախ են նման դեպքերը, երբ գովազդներում մարդկանց խոստանում են բառացիորեն հեքիաթային պայմաններ, որոնց հետքն էլ չի մնում, երբ դիմում ես տվյալ ապրանք-ծառայությունն առաջարկողին: Պարզելու համար, թե արդյոք ՙՌիչ Քոմփյութերսի՚ հետ կապված բողոքներն արդեն սովորական դարձած գովազդային խաբեություններ են, զանգահարեցինք խանութ-սրահ: Պատասխանեց աշխատակիցներից մեկը, որ ներկայացավ Քրիստին:

- ՙՌիչ Քոմփյութերսի՚ գովազդում նշվում է, որ քաղաքացիները միայն անձնագրով եւ սոցիալական քարտով կարող են ներկայանալ խանութ-սրահ եւ տեղում ապառիկի միջոցով ձեռք բերել իրենց ցանկացած համակարգիչը: Ճի՞շտ է:

- Եթե գրանցված աշխատող են եւ ունեն վարկային պատմություն, այո, միայն սոցիալական քարտով եւ անձնագրով տեղում ապառիկը ձեւակերպվում է:

Պատասխանն արդեն իսկ տարօրինակ էր, քանի որ պարզելու համար, որ տվյալ այցելուն աշխատում է եւ ունի վարկային պատմություն, խանութ-սրահը պետք է նրանից փաստաթղթեր ուզի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խոսել միայն ՙսոցիալական քարտով եւ անձնագրով տեղում ապառիկ՚ ձեւակերպելու մասին: Ուստիեւ տվեցինք մեր հաջորդ հարցը.

- Իսկ ինչու գովադում չի նշվում այդ մասին` դրանով իսկ քաղաքացիներին գցելով շփոթմունքի մեջ: Մարդիկ բողոքում են, որ գալիս են խանութ-սրահ եւ հայտնվում անհարմար դրության մեջ: Նման պայմաններով ցանկացած խանութից էլ կարելի է ապառիկով համակարգիչ ձեռք բերել: Գովազդում ՙմանրամասները՚ բացակայում են...

Աշխատակցուհին այդպես էլ մեր հարցին չկարողացավ պատասխանել եւ հեռախոսը փոխանցեց մեկ այլ աշխատակցուհու` Նոռային: Նա էլ հարցը լսելուց հետո որոշեց.

- Դուք գրավոր դիմեք, մենք կպատասխանենք…

Դիմեցինք գրավոր եւ ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՏեղեկացնում ենք, որ ՙՌիչ Քոմփյութերս՚ խանութների ցանցը համագործակցում է հետեւյալ բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ...՚: Ու ներկայացված էր այն ֆինանսական հաստատությունների ցանկը, որոնց միջոցով էլ ապառիկ գործարքներ է կատարում խանութ-սրահը: Թե այդ ցանկն ինչքանով կապ ուներ մեր հարցի հետ, բացատրում էր պատասխանի երկրորդ հատվածը. ՙՎերոնշյալ բանկերից երեքի հետ կնքված պայմանագրի համաձայն  հաճախորդից պահանջվում է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ:

Տվյալ բանկերով ապառիկը չձեւակերպելու դեպքում հաճախորդին առաջարկվում է ապառիկը ձեւակերպել այլ բանկի միջոցով: Տվյալ դեպքում բանկի կողմից կարող է պահանջվել այլ փաստաթղթեր: Տեղեկացնենք, որ հաճախորդի վարկավորման վերջնական որոշումը վերապահված է բանկին՚:

Վատ արդարացում չէր, բայց... խանութ-սրահը, այնուամենայնիվ, գովազդում է, թե` այցելեք մեզ միայն անձնագրով եւ սոցիալական քարտով եւ կատարեք ապառիկ գնում: Այսինքն, եթե պայմանը միայն այդ փաստաթղթերի առկայությունն է, ապա հարց է ծագում, թե այն երեք բանկերը, որոնց հետ խանութ-սրահն ունի համապատասխան պայմանագիր, ինչի՞ համար պետք է չձեւակերպեն ապառիկ: Ասենք` դիմող քաղաքացու անունը կամ ազգանունը դուր չգալո՞ւ, կամ միգուցե անձնագրի համարը եւ սերիա՞ն պետք է բանկի ճաշակին համապատասխանեն: Մի տեսակ աբսուրդի ենք հասնում: Իսկ ավելի շուտ, եթե բանկը համաձայն է ապառիկ վարկեր տալ միայն անձնագրի եւ սոցքարտի առկայության պարագայում, ոչ մեկին մերժելու պատճառ գործնականում չի կարող ունենալ: Այսինքն` յուրաքանչյուր ոք, ով այդ փաստաթղթերով ներկայացել է խանութ-սրահ, պետք է, որ ապառիկի ձեւակերպում ստանար: Այդ դեպքում որտեղի՞ց են այն մերժվածները, ովքեր բողոքում են: Ավելին. մեզ տրված գրավոր պատասխանում եւս, ըստ էության, հաստատվում է, որ կարող են անձնագիր կամ սոցքարտ ներկայացնողները մերժվել, բայց առանց մեկնաբանելու, թե ինչո՞ւ...

Ամեն դեպքում փաստն այն է, որ մարդկանց խոստանում են միայն անձնագրով եւ սոցքարտով ապառիկներ տրամադրել` ոչ մի բառով չնշելով, թե կարող է եւ այդպես չլինել: Իսկ դա նշանակում է, որ պատկան պետական կառույցներն էլ իրենց հերթին են պարտավոր մեկնաբանել, թե այդ կերպ մարդկանց հրապուրելով խանութ ՙուղեկցող՚ գովազդն ինչքանով է  համապատասխանում գործող օրենքներին:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում