livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

6813-6Մեր խմբագրությունը ահազանգ էր ստացել մի քանի ծնողներից, ովքեր տեղեկացրին, որ ՙԷրեբունի՚ բժշկական քոլեջում, մեղմ ասած, ոչ օրինական բաներ են կատարվում: Ծնողների վրդովմունքին չափ ու սահման չկար: Նրանք տեղեկացնում էին, որ ուսանողներից ստիպողաբար գումար են հավաքում` առանց ոչ մի խելքին մոտ բացատրության: Իսկ այն ուսանողները, ովքեր հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, անընդհատ լսում են սպառնալիքներ` իբրեւ թե դիպլոմի երես չեն տեսնի:

Ներկայացնենք ծնողներից մի քանիսի բողոքը, որը ամբողջական պատկեր կստեղծի. ՙԱհավոր շատ է դրանց դրամահավաքությունը, դե, կաշառքների մասին էլ չեմ խոսում: Յուրաքանչյուր բացակայած ժամի համար ուսանողը պարտավոր է վճարել, եւ կապ չունի այդ բացակայությունը հարգելի է, թե` անհարգելի: Գործնական աշխատանքներից բացակայելու համար ժամը 1000 դրամ են հավաքում, իսկ տեսական դասերի համար` ժամը 400 դրամ: Լավ են սովորել, երեխաների գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ հանկարծ երեխաները ինչ-որ վիրուսով հիվանդանում են, զանգում են իրենց, տնօրինությունից ասում են` խնդիր չկա, մնացեք տանը` լավացեք: Բայց ամսվա վերջին բացակայությունների ժամաթերթիկները դեմ են տալիս, ասում են` պարտադիր այդքան գումար պիտի վճարեք՚: Մյուս ծնողն էլ հավելեց. ՙԵրեխան հիվանդացել էր, բժշկից թուղթ տարանք, ամեն օր երեխային ասում էին, այս ի՞նչ թուղթ է, այս ի՞նչ պեչատ է…՚: Մյուսը ավելացրեց. ՙԵկեք մի պահ այդ ամենը մոռանանք, բա սա ինչպե՞ս կբացատրեն, որ յուրաքանչյուր ուսանող քննությունների համար 25 000 դրամ պարտադիր պիտի վճարի: Ինչի՞ համար: Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են պարզաբանում, թե դա նրա համար է, որ քննությունների ժամանակ ուսանողներին մի քիչ մեղմ վերաբերվեն: Այլ կերպ ասած` որ քննությունները բարեհաջող ընթանան: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ քոլեջն այս ավագ դպրոցների համակարգի հաստատումից հետո որքան ուսանող ունի: Երեխաները, մենք դժգոհում ենք, թե ինչի՞ այդքան գումար տանք: Մեզ պատասխանում են` ընենց եք զարմանում, ոնց որ  դպրոցներում գումար չեք հավաքել: Բայց մենք դպրոցներին տարեկան հո 180 000 դրամ վճար չենք տվել՚:

ՙԵրեկ վերջին քնությունն էր: Տնօրինությունից ասել են` նրանք, ովքեր այդ գումարները չեն տվել բոլոր քննությունները ՙպռավալ՚ ենք տալու, ձեզ խայտառակ ենք անելու, եթե չբերեք: Երեխաս այնպես էր հեկեկում, որ ես պարտք եմ արել, տաքսիով իրեն 25 000 դրամ գումար եմ հասցրել: Նրանք ո՞վ են դարձել, որ իմ երեխային այդպիսի հոգեկան ճնշման ենթարկեն: Կարո՞ղ է, որ ՙԷրեբունի՚ բժշկական քոլեջ ընդունել ենք, կրակն ենք ընկել՚: Մյուս ծնողն էլ թե. ՙԴիպլոմի համար էլ 7 000 դրամ գումար են հավաքում: Բայց ամենավիրավորականն այն է, որ ոչ մի ավարտական միջոցառում, ոչ մի բարեմաղթանքի խոսք մեր երեխաներին չասացին: Չէ որ 8-ի բազայի երեխաները արդեն 4-5 տարի է այդտեղ են սովորում, մի հատ փոքրիկ միջոցառման է՞լ արժանի չէին: Միայն ասում են, հենց փողը կբերեք, այդ ժամանակ էլ դիպլոմի երես կտեսնեք: Իսկ թե` ով ե՞րբ կգնա, դա արդեն իրենց պրոբլեմը չէ՚: ՙԱյս տարիների ընթացքում ամեն անգամ իմ երեխային նվաստացրել են, ստորացրել են, ինչ-որ զիբիլ ամսագիր են թողարկում, երեխաներին էլ ստիպում են, որ գնեն՚: ՙԵս անձամբ Առողջապահության նախարարության ՙԹեժ գիծ՚ եմ զանգահարել, քանի որ Կրթության եւ գիտության նախարարությունից ասացին, որ քոլեջը Առողջապահության նախարարությանն է պատկանում: Եթե իմ երեխան չսովորող լիներ, ես ոչ ՙԹեժ գիծ՚ կզանգահարեի, ոչ էլ ձեզ կդիմեի: Ես այդ 25 000 դրամի փոխարեն 30 000 դրամ կտայի, որ երեխայիս դիպլոմ տային: Բայց ցավը նրանում է, որ այս ամենից տուժում են սովորող երեխաները, որոնցից շատերը ֆինանսապես այդքան էլ ապահովված չեն: Վարձը մի կերպ ենք տալիս: ՙԹեժ գծից՚ պահանջեցին ներկայանալ, բայց, եթե ես ներկայանամ, իմ երեխային հաջորդ օրն իսկ կհեռացնեն այդ քոլեջ կոչվածից: Բայց չէ՞ որ սա իմ անձնական խնդիրը չէ, գլոբալ է, հարյուրավոր երեխաներ են այդտեղ սովորում եւ շարունակում են ընդունվել` առանց իրենց գլխի գալիքն իմանալու: ՙԹեժ գծից՚ հետո ոչ մի արձագանք, բա ինչի՞ համար են այդ հեռախոսահամարները, եթե ոչինչ չեն ձեռնարկելու: Երեւի, պատճառն այն է, որ իրենք էլ այդ կաշառքներից մասնաբաժին ունեն՚: Իսկ հետո. ՙԵրեկ հատ-հատ երեխաներին խայտառակ են արել, անպատվել են, ահաբեկել են, որ երեխաները խոստովանեն, թե ում ծնողն է թեժ գիծ զանգահարել: Կարող է մտածում են, թե մեր երեխաները անտեր են, ես բողոքելու եմ, որովհետեւ դա ուսումնական հաստատություն չէ, թյուրիմացություն է: Երեխայիս ասել էին գումարը բեր, որ մենք քո հանդեպ լավ տրամադրվենք: Երեխաս, որ ասել է, թե ինչո՞ւ եք այդքան շատ գումար հավաքում, ասել են` օֆ, սուս ու փուս բեր տուր էլի, հավես ունե՞ս քեզ լացացնեմ: Իրանք բոլորը սպայկա են: Եթե նրանք նման բան են թույլ տալիս, ուրեմն համապատասխան հովանավորություն ունեն՚: ՙԵս այս տարիների ընթացքում այսքան պայքարեցի այդ դրամահավաքության դեմ, բայց ոչ մի արդյունքի չհասա: Եթե խոպանում մարդ ունեն, թող իրենց երեխան ՙԷրեբունի՚ քոլեջում սովորի, բայց, եթե մտածում են մի կերպ տարեկան վարձը մուծելու մասին, ուրեմն` թող մոռանան այդ քոլեջի անունը՚:

Ծնողների բողոքները լսելուց հետո, բնականաբար, փորձեցինք այս ամենի հետ կապված պարզել նաեւ ՙԷրեբունի՚ բժշկական քոլեջի ղեկավարության տեսակետը ու դիմեցինք տնօրեն Ալինա Քուշքյանին ¥ով, ասում են, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշքյանի քույրն է¤: Երբ զանգահարեցինք, դեռ հարցերը մինչեւ վերջ չներկայացած ստացանք հետեւյալը պատասխանը. ՙՀա, ի՞նչ: Ես չեմ ցանկանում, որ դուք ինձ ինչ-որ հարցեր ուղղեք: Ինձ օրը հարյուր անգամ աստղիկսուքիասյաններ են զանգում՚:

Իհարկե, հարցն այն չէ, թե տիկին Քուշքյանին օրական 100 անգամ ով կզանգահարի: Ուստիեւ, մեզ մնում էր մեր հարցը հնչեցնել առ այն, որ ծնողներից բողոքներ ենք ստացել: Բայց տիկին Քուշքյանը, հավանաբար, ցած դրեց լսափողը` այդպես էլ մեր հետագա զանգերին չպատասխանելով: Չնայած նման արձագանքն արդեն իսկ կարելի է նաեւ մեր հարցերի յուրահատուկ պատասխանը համարել: Ուստիեւ, մեզ մնում է միայն ճշտել նաեւ Առողջապահության նախարարության տեսակետն այս ամենի հետ կապված: Թեկուզեւ այն առումով, որ նման բողոքներ կան նաեւ նախարարության վերահսկողության տակ գտնվող այլ ուսումնական հաստատությունների հետ կապված եւս: Գոնե հասկանանք, թե 25 հազար դրամանոց քննություններից հետո ինչ բուժաշխատողներ ենք ունենալու:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում