livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԲավականին ժամանակ է, որ հայաստանյան տարբեր հատվածներից, բնակավայրերից պարբերաբար լուրեր են ստացվում ձվի դեֆիցիտի մասին: Մինչեւ որ վերջին ժամանակներս եթե ոչ վաճառակետերում ձվի բացարձակ բացակայություն, ապա գոնե սակավության փաստը դարձավ անհերքելի: Եվ ահա ընդհուպ մինչեւ ամենահայտնի եւ ամենախոշոր սուպերմարկետներում այս օրերին իրականացված մեր ստուգայցերը ցույց տվեցին, որ այդ խոսակցությունները որեւէ չափազանցություն չեն պարունակում:

Ավելին` ամենախոշոր սուպերմարկետներից մեկում, որտեղ ձուն վաճառվում էր միայն 30 հատանոց տուփերով` մեկ հատի հաշվով 72-73 դրամով, աշխատակիցներից մեկը, պատասխանելով մեր հարցին ասաց, որ ավելի պակաս քանակությամբ ձու գնելու տարբերակ պարզապես չկա. ՙԱվելի փոքր` 6, 10 կամ 15 հատանոց տուփերով ձու, պարզապես, չեն մատակարարում՚: Դա, իհարկե, վկայում է, որ այս ոլորտում կա որոշակի դեֆիցիտ: Երկրորդը. այդ պատճառով առկա է գների էական թռիչք ¥պաշտոնական վիճակագրության համաձայն` անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած մոտ 40 տոկոսանոց¤: Ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում Հայաստանի տնտեսության այս ճյուղի հետ, որի պոտենցիալը ժամանակին ներում էր ոչ միայն տեղի պահանջարկները բավարարելու, այլ նաեւ արտահանման համար: Այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

- Նախարարության մասնագետները եւս ուսումնասիրություններ իրականացրել են: Հավի ձվի դեֆիցիտ, ըստ էության, չկա: Սակայն առկա է տեսականու փոքր քանակություն:

Նախորդ տարվա նկատմամբ, այո, նկատվում է ձվի արտադրության ծավալների որոշակի նվազում: Դա պայմանավորված է թռչնաբուծարանների կողմից գարնան ամիսներին ածան հավերի գլխաքանակի կրճատման գործոնով, քանի որ նրանք չէին ցանկանում ամռան ամիսներին ունենալ ձվի գերարտադրություն: Մոտավոր հաշվարկներով ածան հավերի գլխաքանակը նվազել է մոտ  250 հազարով: Սակայն վերջին 1,5 ամսվա ընթացքում հանրապետություն է ներկրվել մոտ 110 հազար ածան հավեր եւ առաջիկայում նախատեսվում է եւս 100 հազարի ներկրում: Դա կավելացնի հանրապետությունում արտադրվող ձվի ծավալները: Սակայն նախարարության դիտարկումները եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ Ամանորին հնարավոր է, որ տեղական արտադրության ձուն չբավարարի եւ մոտ 8,2 մլն-ի ներկրման անհրաժեշտություն լինի:

- Ինչպես հասկանանք, թռչնաբուծարանները սխալ հաշվարկել եւ չափից դուրս շա՞տ են կրճատել հավերի գլխաքանակը:

- Ամռան ամիսներին միշտ էլ գերարտադրություն է լինում: Ստիպված դիմում են ձվի գնի նվազեցման եւ, ըստ էության, աշխատում ինքնարժեքից ցածր գներով: Եթե հիշում եք` երկու-երեք տարի առաջ մի պահ նույնիսկ ձուն վաճառում էին 15-20 դրամով... Սակայն հիմա էլ օրական 750-800 հազար ձվի արտադրությունը բավարարում է: Պարզապես, կրկնում եմ, ամանորյա առեւտրի ժամանակ կարող է չբավարարել:

- Բայց փաստն այն է, որ ձվի գինը բավականին ինտենսիվ աճում է` եւ հենց թռչնաբույծներն են դա բացատրում արտադրության զգալի պակասով: Հակառակ պարագայում, եթե ընդունենք, որ դեֆիցիտային վիճակ չկա, ապա պետք է ներկայիս թանկացումները բացատրենք գերշահույթներ ստանալու ցանկությամբ:

- Միանգամայն ճիշտ եք: Եվ հիմա նրանք սկսել են ածան հավերի քանակն ավելացնել, քանի որ այս գինը դարձել է ձեռնտու:

- Հասկանանք այսպես. արհեստականորեն կրճատեցին գլխաքանակը, գները բարձրացրին, հիմա էլ  պատրաստվում են արտադրությունն ավելացնել, բայց գները կթողնեն նույն մակարդակի՞:

- Գների բարձրացման պատճառներ կան. գիտեք, թանկացան էներգակիրները, ապա` փաթեթավորման պարագաները եւ այլն:

- Բայց վիճակագիրները խոսում են անցած տարվա համեմատ մոտ 40 տոկոսանոց թանկացման մասին: Սա ոչ մի նման բանով չի կարող բացատրվել: Ընդ որում` անցած տարվա գները թռչնաբույծները համարում էին միանգամայն նորմալ:

- Նրանք դեռ այն ժամանակ էին ասում, որ ձվի գինը պետք է լինի 55-60 դրամ: Այն ժամանակ նրանք ցածր շահույթով էին աշխատում:

- Բայց մի՞թե պետք է  անպայման գերշահույթով աշխատեն: Այսինքն` ներկայիս 70-75 դրամ գինը, ըստ Ձեզ, ապահովում է նորմա՞լ շահույթ, թե գերշահույթ:

- Նրանց բացթողման գինը 63 դրամ է...

- Մեկ նման թիվ էլ հնչեցնեմ. մեր տվյալներով, որը, ի դեպ, հիմնված է լուրջ մասնագետների հաշվարկների վրա,  այսօր ձվի ինքնարժեքը 25-30 դրամից չի անցնում:

- Այս պահին` ոչ: Ինքնարժեքը մոտ 38-40 դրամ է: Դա  մինչեւ էներգակիրների թանկացումը:

- Լավ, էներգակիրների հաշվին 2-3 դրամ էլ գումարենք: Եվ կստացվի, որ 40-43 դրամ ինքնարժեքով ձուն վաճառում են 63 դրամով. վատ չէ, մոտ 50 տոկոսանոց շահույթ: Էլ չասած, թե էներգակիրների թանկացումն ինչո՞ւ պետք է այդքան ազդեր ինքնարժեքի վրա:

-Չէ, տեսեք, միկրոկլիմա ապահովելու համար գազ է ծախսվում, օդափոխանակությունը` էլեկտրաէներգիա է պահանջում:

- Լավ, թող 2-3 դրամով ազդի:

- Ինքնարժեքը իրենք պետք է ասեն: Իրենց կարծիքով ինքնարժեքը մոտ 11-12 դրամով բարձրացել է:

- Բայց ինչպես, չէ որ հենց թռչնաբույծներն են ինքնարժեքի հիմնական բաղադրիչը համարում կերը...

- Ճիշտ է, 60 տոկոսը կերն է:

- Ուրեմն հաշվարկենք այսպես. եթե մինչեւ թանկացումը, ինչպես որ ասում եք, ինքնարժեքը 38-40 դրամ էր, ապա դրա մեջ 23-24 դրամն արդեն իսկ կերի բաժինն է: Մի 10 դրամ էլ հաստատ կկազմեն մյուս ծախսերը` աշխատավարձեր, հարկեր եւ այլն: Կստացվի, որ մինչեւ թանկացումներն էներգակիրները հազիվ մի 5-6 դրամով էին ներառված սակագնում: Եվ եթե հիմա գազը թանկացել է 14, իսկ էլեկտրաէներգիան` մոտ 30 տոկոսով, ապա դա հազիվ 1-2 դրամով անդրադառնա ինքնարժեքի վրա: Կրկնապատկենք, հաշվենք 4 դրամ: Այդ դեպքում անգամ ձվի ինքնարժեքը պետք է այսօր լիներ 42-44 դրամ: Եվ եթե այն թռչնաբույծները հանձնում են 63-ով, ապա ստացվում է գերշահույթ:

- Բայց չէ որ կերային հավելումներն էլ են թսանկացել: Եթե հատիկային կերի առումով ունենք էժանացում, համենայնդեպս` չի թանկացել, ապա կերային հավելումների` վիտամինների, հանքային նյութերի եւ նման բաների գները կտրուկ աճել են:

- Այդ հավելումների ազդեցությեւնը եւս ինքնարժեքի մեջ որոշակի դեր չունի: Բայց համարենք, որ այն, թանկացման առումով, ունեցել է նույն էֆեկտը, ինչ կերը` էժանացման առումով: Դրանք իրար չեզոքացնում են ու էլի հասնում ենք գերշահույթներին:

- Բայց փաթեթավորման պարագաների գործոնն էլ չմոռանանք...

- Պարոն Հովհաննիսյան, իհարկե կներեք, բայց գյուղնախարարությունը մե՞ր բարեկամն է, թե թռչնաբույծների...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում