«Հայաստանյան շուկայում գոյություն ունեցող կաթնամքերքի 95-97%-ը տեղական արտադրության են, ներմուծվում են միայն յոգուրտներ և խտացրած կաթ»,- այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Ի դեպ մասնագետը հայտնեց, որ կաթնամթերքի արտադրանքի մոտ 60%-ի համար տեղական հումք է օգտագործվում:
Պարոն Հայթյանը տեղեկացրեց, որ իրենց մասնագետների անցկացրած փորձաքննությունները ցույց են տվել, որ «Չանախ», «Աշտարակ կաթ» և «Թամարա» ընկերությունները կաթի արտադրության մեջ օգտագործում են միայն անարատ կաթ: Նրանք անգամ ունենում են կաթի ավելցուկ, որն էլ օգտագործվում է չոր կաթ (կաթի փոշի) ստանալու համար:
«Արդեն կառավարության որոշում կա, որ անպայման պետք է արտադրանքի վրա նշվի, այն պատրաստված է կաթի փոշու՞ց, թե՞ թարմ կաթից»,- տեղեկացրեց պարոն Հայթյանը:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը հավաստիացրեց, որ չնայած մակնշումը պարտադիր է, բայց սպառողը պետք է իմանա, որ չոր կաթը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում:
«Թամարա» ընկերության ներկայացուցիչՎարդան Ոսկանյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին ասաց, որ արտադրողը ամռան ընթացքում հնարավորություն ունի չորացնել ավելցուկային կաթը՝ հետագայում օգտագործվելու համար:
Նա ասաց, որ չոր կաթի օգտագործման պարագայում, սակայն, կաթնամթերքի գինը ավելի է թանկանում, քանի որ կաթի չորացման ժամանակ ռեսուրսներ են ծախսվում, այնպես որ հատկապես ամռան ամիսներին, երբ անասունները առատ կաթ են տալիս, արտադրողներին ձեռնտու չէ չոր կաթի կիրառումը:
Վ. Ոսկանյանը տեղեկացրեց նաև, որ այսօր «Թամարան» կաթը գյուղացուց ընդունում է մեկ լիրտը 170 դրամով ՝ նախկին 130 դրամի փոխարեն: Նա ասաց, որ մթերվող կաթի գնի պարբերաբար բարձրացումը հիմնականում սեզոնային է և կապված է կաթի քանակի նվազման հետ:
Պարոն Ոսկանյանը պատասխանելով հասարակության մեջ շրջանառվող լուրերին, հավաստիացրեց, որ կոնկրետ իրենց ընկերությունը երբևէ սոդա չի օգտագործել իր արտադրած կաթի մեջ:
Մարինե Բարսեղյան