livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

altՀանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը դեռ չկայացած` Հ1-ի նորընտիր ղեկավարությանն «աստղայինն է տարել»: Մեկշաբաթյա ջանքերից հետո, թեպետ «Զարուհուն» այդպես էլ չհաջողվեց անձամբ խոսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն «նորին մեծություն» Մարգարիտա Գրիգորյանի հետ, բայց, այնուամենայնիվ, գրավոր ստացանք մեր հարցերի, երբեմն շրջանցած պատասխանները, այն էլ ոչ թե Մ.Գրիգորյանից, այլ անդեմ «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից:


Ամեն դեպքում, թե ինչով է պայմանավորված, որ վերջերս «Հայլուր» լրատվականի ժամանակ տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում` սկսած նրանից, որ կիրակնօրյա լրատվական ծրագիրը ուշացումով է եթեր մտնում, մեկ այլ անգամ ժամը 17:00-ի «Հայլուրն» ընդհանրապես չի հեռարձակվում, էլ չասենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթը Հ1-ի եթերում ուղեկցվում է ինչ-որ լրագրողի միախառնված ռեպորտաժով, ինչի համար, ըստ Հ1-ի` ոչ ոք չի պատժվելու.

«Ձեր կողմից նշված «տարօրինակ» երեւույթները պայմանավորված են Առաջին լրատվականի տեխնիկական վերազինման ընթացքում առաջացող օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներով: Տվյալ պարագայում, կապված ժամը 17:00-ի եթերի հետ, տեղի ունեցածի պատճառը էներգամատակարարման, մասնավորապես` հոսանքի լարման կտրուկ անկումն էր, ինչը բարդություններ էր առաջացրել սերվերային համակարգում: Նման իրավիճակներ կարող են ամենուրեք ստեղծվել` անգամ տպագիր մամուլում: Տեղեկացնեմ, որ բոլոր տեխնիկական խնդիրներն արագ վերացվում են եւ լրատվական ծառայության աշխատանքները բնականոն հուն են ընկնում: Այնուամենայնիվ, Առաջին լրատվականի տնօրինությունը ներողություն է խնդրում հեռուստադիտողից` պատճառված անհարմարությունների համար՚:
Իհարկե, համոզված ենք, որ բազմաչարչար հեռուստադիտողն այս անգամ էլ կների, սակայն ոչ մի կերպ չենք կարող համաձայնել տպագիր մամուլի հետ համեմատվելը: Չէ՞ որ տպագիր մամուլը, ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության` պետբյուջեից չի սնվում: Հետեւաբար ինքնաֆինանսավորվող տպագիր մամուլը կարող է անգամ իրեն թույլ տալ սպիտակ էջեր տպագրել, մինչդեռ հեռուստադիտողի գրպանից աշխատավարձ ստացող Հանրային հեռուստաընկերության համար, սա չափազանց մեծ բացթողում էր: Ինչեւէ, անդրադառնանք մեր մնացած հարցադրումներին. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում հնչեցրած աղմկահարույց ելույթի օրը Նվեր Մնացականյանի հյուրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էր: Որքանո՞վ է ճիշտ, որ գոնե մեկ հարցով անդրադարձ չեղավ կուսակցության կամ խմբակցության դիրքորոշմանը վերոնշյալ խայտառակ դրսեւորումների հետ կապված, սակայն այստեղ էլ կրկին արդարացումներ, թե հարցազրույցը տեսագրվել էր առավոտյան, իսկ ցուցադրվել երեկոյան. «Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդաշարի` Ձեր կողմից նշված թողարկումը տեսագրվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հնչեցրած հարցից ժամեր առաջ: Հետեւաբար, թե՛ Նվեր Մնացականյանը, թե՛ հյուրը` Ռուբեն Հակոբյանը, չէին կարող տեղյակ լինել, որ նման հարց է հնչելու ու կանխավ խոսել այդ թեմայով»:
Ապա նույն թեմայով Հանրայինի լրատվության լռության մասին նշում է. «Ինչ վերաբերում է հիշյալ թեմային Հանրայինով անդրադառնալուն, ապա տեղեկացնենք, որ այդ մասին խոսվել է` ինչպես Առաջին լրատվականի ամենօրյա, այնպես էլ շաբաթվա ամփոփիչ` կիրակնօրյա թողարկումների ընթացքում»: Բնական է, որ հետո «խոսվել է», այդ թեմային հետագայում սուրճի սեղանի շուրջ, նույնիսկ հարեւան Մառուսն ու Վարդուշն են անդրադարձել, բայց այստեղ ուշագրավը Հանրային հեռուստատեսության լրատվականի օպերատիվության խնդիրն է, որ Աստված մի արասցե, եթե անգամ Ռ. Հակոբյանն այդ օրը հրաժարական տար «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից, միեւնույն է, երեկոյան աշխարհասփյուռ հայությունը ստիպված կլիներ ունկնդրել պարոն Հակոբյանի լայն ժպիտով հեռուստաեթերը` մինչդեռ համացանցն ու այլ լրատվական միջոցները թնդում էին` այդ թեման լուսաբանելով: Փորձեցինք պարզել նաեւ վերջերս մամուլում տեղ գտած այն տեղեկության իսկությունը, թե Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը իբր իրեն նշանակել է 3 մլն դրամ աշխատավարձ, եւ եթե Հ1-ի գործադիր տնօրենը 3 մլն դրամ աշխատավարձ է ստանում, ապա որքա՞ն են ստանում այլ աշխատակիցները, բայց ի պատասխան` նշել էին. «Ոչ, չի համապատասխանում իրականությանը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ստանում է նույնքան աշխատավարձ, որքան ստացել է նախկին տնօրենը: Ավելին` Հանրային հեռուստաընկերությունում 3 մլն-ին անգամ մոտ աշխատավարձ չկա»:
«3 մլն-ին անգամ մոտ աշխատավարձ չկան», այնուամենայնիվ, հուսադրող պատասխան չէր, քանի որ 4 մլն դրամը եւս մոտ չէ 3 մլն-ին, հետեւաբար մեր կողմից հնչեց հաջորդող հարցը` կարո՞ղ եք հաստիքացուցակ ներկայացնել համապատասխան աշխատավարձերով: Եվ այստեղ պատասխանի փոխարեն տեղացին մի շարք սահմանադրական հոդվածներ, թե ինչպես կարող է իր իրավասության շրջանակներում չհրապարակել Հանրային հեռուստաընկերությունն իր հաստիքացուցակը:
Ինչեւէ, մնում է հուսալ, որ Հանրային հեռուստաընկերությունում կպահպանեն մամուլին տեղեկատվություն տրամադրելու մատչելիությունը, եւ մի օր մեր հարկատուները կունենան հնարավորություն` ավելի թափանցիկ տեսնելու Հ1-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում