livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, - հավելել է վարչապետը, - քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:

Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, - նշել է Տիգրան Սարգսյանը: - Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:

Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:

Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:

Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:

Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարություն

http://www.gov.am/am/news/item/10866/


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում