livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altԸստ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների` 2013 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանում 1,9 տոկոսով նվազել է ծնելիության թիվը. գրանցվել է 30 հազար 477 ծնունդ, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Նվազել են նաեւ մահվան դեպքերը` 3 տոկոսով: Ամուսնությունների թիվն այս տարի կազմել է 13 հազար 473, որը նախորդ տարվանից 2,6 տոկոսով պակաս է: Սրան զուգահեռ, ավելացել է ամուսնալուծությունների թիվը` 13,7 տոկոսով:

 

Բնական է, որ սրանք շատ ցավալի արդյունքներ են, որոնց, իհարկե, տարբեր գործոնների թվում մեծապես նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Բայց ահա տարեցտարի ավելացող ամուսնալուծությունների ցուցանիշի հետ կապված` մեկ գործոն եւս չենք կարող անտեսել. այն ֆեմինիստական գաղափարներն ու դրանք քարոզող հասարակական կազմակերպությունները, որոնք  իսկական պատուհաս են դառնում հայ երիտասարդության գլխին եւ նպաստում հայ ընտանիքի պատկերի խզմանը` քարոզելով սանձարձակություն, սեփական ես-ի մեծարում, մի խոսքով` ամեն ինչ, միայն թե ոչ հայեցի կյանք ու հայ ընտանիք:

Այս իրավիճակի հետ կապված` սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ հետեւյալ կարծիքին է. ՙՄենք շարունակում ենք մնալ կրճատվող ազգերի ցուցակում: Բացի այդ, 21-րդ դարում փոփոխվում են ընտանիքի ստանդարտները: Եթե կար ժամանակ, որ մարդիկ ցանկանում էին երեք-չորս եւ ավելի շատ երեխա ունենալ, ապա հիմա նախապատվելի են համարում ունենալ մեկ կամ երկու երեխա: Այն երկրները, որոնք ուզում են բարեկեցիկ կյանք ունենալ, շատ երեխաները նրանց համար դառնում են բեռ: Օրինակ` Անգլիայում զույգերի 15 տոկոսը առհասարակ չի պլանավորում երեխա ունենալ: Իսկ ինչ վերաբերում է ամուսնալուծությունների թվին, ապա ներկայացվող պատկերը բավականին համեստ է, քանի որ կան բազմաթիվ չգրանցված ամուսնալուծություններ: Որովհետեւ մեր նման երկրում ամեն 2-րդ ամուսնությունը պետք է ավարտվի ապահարզանով: Բայց փաստացի ամուսնալուծվում են 5-ից 1 կամ 2 զույգը: Այդ առումով կարելի է ասել մեր ընտանիքները բավականին ամուր են՚:

Հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ էլ թեմայի հետ կապված նշեց. ՙԿան ամուսնալուծման տարբեր տարիքային խմբեր: Այժմ ամենից հաճախ բաժանվում են նորապսակ զույգերը` ամուսնությունից 1 կամ 3 տարի հետո: Պատճառները տարբեր են: Օրինակ, եթե աղջիկը տեսնում է, որ իր ընկերուհին ամուսնացավ, նա էլ է ձգտում ամուսնության` առանց հաշվի առնելու, թե ով է իր ընտրյալը: Կամ, երբ երիտասարդները այնքան հասուն չեն լինում, որ պատկերացնեն` ինչ է ընտանիքը, ինչ է ամուսնական կյանքը: Մեր ուսումնական հաստատություններում դեռահասներին չեն սովորեցնում, թե ինչ բան է ամուսնությունը: Հաճախ տղաները եւս չեն հասկանում ամուսնության լրջությունը: Շարունակում են իրենց ժամանակի մեծ մասը նվիրել ընկերներին, սկսում են երեկոյան ուշ տուն գալ` մոռանալով, որ կինը տանը սպասում է՚:

Տիկին Ծատուրյանը նաեւ նշեց, որ սոցիալական պայմաններից ելնելով`  նորապսակները ստիպված են լինում ապրել մեծերի հետ, որոնք իրենց հերթին բավականին հաճախ խառնվում են զույգի ընտանեկան խնդիրներին, որն էլ հանգեցնում է ամուսնալուծության:

Մեր հաջորդ զրուցակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայորդած տների տեսուչ տնօրեն հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ է: Վերջինս խնդրի վերաբերյալ տվեց հետեւյալ մեկնաբանությունը. ՙԱյսօր պարզապես չափից ավելի ազատամտական գաղափարախոսության մթնոլորտում երիտասարդներին, չգիտես ինչու, այսքան ազատություն են քարոզում, որ նրանք նախընտրում են տրվել այլ կարգավիճակի, քան թե ամուսնանալ, ընտանիք կազմել: Որովհետեւ ընտանիք կազմելու պարագայում նրանցից մեծ պատասխանատվություն է պահանջվում, ինչը չի պահանջվում սեքսուալ հարաբերությունների պարագայում: Նրանք պետք է ունենան մի անկյուն շնանալու համար եւ բավարարեն իրենց անասնական կրքերը: Մարդու միջից որքան վերանում են հոգեւոր եւ բարոյական արժեքները, մարդն այնքան մոտենում է անասնական կարգավիճակին, եւ ոչ երբեք բանականին: Երիտասարդները իրենք էլ չգիտեն, թե ինչ է նշանակում ամուսնությունը, ճիշտ ընտրություն կատարելը, որովհետեւ 20 տարեկան, դեռ ամբողջովին չձեւավորված անձնավորության համար ընտրության գաղափարը վերացականություն է: Այս բոլորը գալիս է ինչպես բարոյական անկումից, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակից՚:

Թեմայի շուրջ Z-S սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում, 100 հոգու շրջանակում անցկացրել է հարցում, թե ինչն է այս ոչ հաճելի իրավիճակի հիմնական դրդապատճառները: Արդյունքները ներկայացնում ենք ստորեւ.

1. Աճող սերնդի վրա խիստ բացասական են անդրադառնում տարատեսակ սխալ ու ոչ պատշաճ տեղեկատվությունը, դրանց նմանակումը` 25%:    

2. Ամուսնալուծությունների եւ ծնելիության նվազմանը նպաստում է սոցիալական անբարենպաստ իրավիճակը` 44%:

3. Շատերը հետեւում են եվրոպական վատ բարքերին ու կրկնօրինակում նրանց` 19%:

4. Պետությունը չի աջակցում նորաստեղծ ընտանիքներին` 12%:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում