livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altGreenpeace՚ բնապահպանական համաշխարհային կազմակերպությունը վերջերս մի շարք հայտնի ապրանքանիշների մանկական հագուստից նմուշառում է կատարել եւ հանձնել փորձաքննության: Պարզ է դարձել, որ ՙGAP՚, ՙH&M՚, ՙAdidas՚, ՙNike՚, ՙPuma՚, ՙAmerican Apparel՚, ՙC&A՚, ՙDisney՚, ՙPrimark՚, ՙUniqlo՚, ՙBurberry՚ ապրանքանիշների մանկական հագուստներն իրենց բաղադրության մեջ պարունակում է մի շարք վնասակար քիմիական նյութեր: Երեխաներն այս ապրանքանիշների հագուստը կրելուց կարող են ստանալ հորմոնալ եւ իմունային համակարգերի խանգարումներ: Ուստիեւ` ՙGreenpeace՚ բնապահպանական համաշխարհային կազմակերպությունը հորդորում է բոլոր այն երկրների կառավարություններին, որտեղ առկա են այս ապրանքատեսակները, հրաժարվել դրանցից:

Նշված ապրանքային նշաններից շատերը կարելի է հանդիպել նաեւ Հայաստանում, եւ մենք փորձեցինք այդ ընկերությունների ներկայացուցիչներից կամ ներկրողներից պարզել, թե տեղյակ են այդ ուսումնասիրություններին եւ ինչ կարծիք ունեն:

ՙAdidas՚-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ առաջին անգամ են նման բան լսում եւ ոչինչ բացատրել չեն կարող: ՙBurberry՚ ընկերությունից տեղեկացրին, որ հայտարարությունը միանշանակ ապատեղեկատվություն է, եւ նրանք չեն կասկածում իրենց ապրանքանիշի բնական հումքի վրա: ՙNike՚ ընկերությունից խնդրեցին գրավոր դիմել: Իսկ ՙPuma՚ ընկերությունից հարցը լսելուց հետո հայտարարեցին, որ տնօրենը տեղում չէ, եւ անձամբ մեզ հետ կապ կհաստատեն:

Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ հետ.

- Տեղյակ եք արդյոք ՙGreenpeace՚ բնապահպանական համաշխարհային կազմակերպության հայտարարությանը:

- Բնականաբար տեղյակ եմ եւ նշեմ, որ ՙGreenpeace՚-ը միշտ խոսում է փաստարկներով: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր երկրում այդ ապրանքները հենց ներկրման փուլում անվտանգության չափանիշներով չեն ստուգվում: Թե չէ, անգամ պետական մակարդակով ոչ ոք իրեն իրավունք չի վերապահի կասկածի տակ դնել ՙGreenpeace՚-ի հայտարարությունը:

Քանի որ այդ ապրանքանիշները համարվում են ոչ պարենային ապրանք, ապա վերահսկողությունը իրականացնում է Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, իսկ որոշ դեպքերում էլ` Ստանդարտների ազգային ինստիտուտը: Բայց, կրկնում եմ, խնդիրը էլ ավելի է բարդանում, քանի որ չկա սահմանային վերահսկողություն: Մեզ պետք է ստեղծել ոչ պարենային ապրանքների ռիսկերի գնահատման կենտրոն: Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտում տեխնիկական կանոնակարգի մշակման հարցը դրված է, հագուստի մասով տեխնիկական կանոնակարգ եւս չունենք: Այսինքն` հագուստի հումքի ստուգում ոչ ոք չի կարող իրականացնել, որովհետեւ դա թույլատրվում է միայն տեխնիկական կանոնակարգի հիման վրա: Այդ դեպքում հնարավոր է, որ մենք որակի, անվտանգության խնդիր ունենանք, ինչն անթույլատրելի է:

- Միեւնույն ժամանակ մեզ մոտ կան մի շարք ՙբրենդային՚ խանութներ, որոնք, օրինակ, երբեմն մինչեւ 70 տոկոս զեղչեր են հայտարարում: Դա ի՞նչ է նշանակում, որ մինչ այդ հագուստը 70 տոկոս ավել գնո՞վ էին վաճառում, թե՞ էլի պետք է մտածենք կեղծարարության եւ որակական խնդիրների մասին:

- Կան խանութներ, որոնք նոր տեսականի ունեն, եւ հինը դառնում է ոչ մրցունակ: Ուստի, ամբողջ տեսականու համար հայտարարում են զեղչ: Կարող են նաեւ ինքնարժեքից մի փոքր ցածր գնով վաճառել:

Այլ բան, որ, ասենք, գրված է ՙմինչեւ 70 տոկոս զեղչ՚, եւ խանութում չկա զեղչված որեւէ ապրանք կամ ընդամենը 1 կամ 2 ապրանք է զեղչված. սա օրենքի մեծ խախտում է:

- Ձեր կարծիքով, Հայաստանում ՙբրենդ՚ ասվածը գոյություն ունի, թե ներկրվող ապրանքն ընդամենը ՙբրենդի՚ չստացված նմանակումն է:

- Հայաստանում գոյություն ունեն ՙբրենդներ՚, որոնք իրականում ՙբրենդ՚ չեն: Այստեղ մեծ նշանակություն ունի սպառողի տեղեկացված լինելու մակարդակը: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ներկրի ասենք ՙՏանգո՚ հագուստ եւ մեծ գումարներ ծախսի ապրանքի գովազդի համար, քաղաքացիներն էլ գնան ՙՏանգո՚ գնելու, բայց պարզվի, որ նման բրենդ աշխարհում գոյություն չունի, եւ այն տեղական արտադրանք է, ապա դա դառնում է խնդիր: Մենք նախնական ուսումնասիրություններ արդեն կատարել ենք, փորձում ենք Եվրոպայի փորձագետների հետ կապվել, որպեսզի մեր սպառողին մոտակա ժամանակներս ստույգ տեղեկատվություն տրամադրենք:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում