livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

levonԱնցած ամսվա սկզբներին առիթ ունեցել էինք անդրադառնալ "Էյ-Էս-Բի Սոֆթ" ընկերության կողմից"Արմֆուդ"ապրանքանիշով այծի կաթ եւ կաթնամթերք արտադրող` բավականին տխուր եւ շատ ավելի տարօրինակ պատմությանը: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նոյեմբերի 4-ին տարածեց մի հաղորդագրություն, թե այդ կաթի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ: Տվյալ կառույցը պնդում էր, որ դրանք հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ինչ-որ քաղաքացի ՍԱՊԾ է ներկայացրել երկու շիշ կաթ ու բողոքել, թե դրանցից մեկից դառնահամ է զգացվում: Ուսումնասիրել են կաթը, եւ արդյունքում, ՍԱՊԾ-ի պնդմամբ, հայտնաբերվել է այդ ստաֆիլակոկի բակտերիաները:

Պատմությունը դեռ այն պահին տարօրինակ էր այնքանով, որ նախ այդպես էլ չհրապարակվեց ո'չ այն անձի անունը, ինչը գոնե պարզ կդարձներ, թե, առհասարակ, նման բողոք իրականում եղե՞լ է, թե՞ ոչ: Դա կարեւորվում էր նրանով, որ այդ հայտարարությունից մի քանի օր հետո միայն` նոյեմբերի 8-ին, ՍԱՊԾ-ի պետ Ա. Բախչագուլյանը հայտարարեց, թե միայն նոյեմբերի 7-ից"իրավաբանական անձի արտադրությունում իրականացվում է ստուգում՚: Ստաֆիլակոկը շատ վտանգավոր վարակ է, եւ աբսուրդի էր նմանվում, որ այն հայտնաբերելուց հետո մի քանի օր շարունակ սույն կառույցը մատը մատին չէր տվել, փոխանակ անհապաղ արտադրությունը կասեցներ: Իսկ դա էլ իր հերթին ավելի շուտ տանում էր այն կասկածներին, որ իրականում կարող է եւ այդ բակտերիան հայտնաբերելու մասին պաշտոնական պնդումը լիներ, այսպես ասենք, մի փոքր չափազանցված: Դրան տանում էր նաեւ"Էյ-Էս-Բի Սոֆթ"ընկերության տնօրեն Բորիս Նավասարդյանի այն հավաստիացումը, որ իր ընկերության կաթն ինքն էլ է երկու տարբեր լաբորատորիաներում փորձաքննության տվել եւ ստաֆիլակոկ չի հայտնաբերվել:

Ինչեւէ, տպավորությունն այն էր, որ պետական կառույցը պարզապես մի փոքր"տաքացել"կամ ցանկացել է աշխատանք ցույց տալ եւ այդ նպատակով էլ ներկայացրեց ստաֆիլակոկի պատմությունը: Սակայն վերջին օրերին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացել է, պատմությունը կրկին օրակարգում հայտնվեց: Նախ` նոյեմբեր 29-ին"Էյ-Էս-Բի Սոֆթ"ընկերության սեփականատեր Բորիս Սողոմոնյանը հանդես եկավ բաց նամակով` մեղադրելով լրատվամիջոցներին ՍԱՊԾ-ի ղեկավար Աբրամ Բախչագուլյանին"շինծու գործ"բացելու մեջ: Բ. Սողոմոնյանն իր տեսակետը հիմնավորում էր մասնավորապես նրանով, որ."Մինչեւ օրս Բախչագուլյանի ղեկավարած մարմինը թաքցնում է լաբորատոր հետազոտության ակտը եւ չի պարզաբանել, թե հատկապես ով է այդ կաթից տուժող անձը՚: Գործարար ՍԱՊԾ-ի գործողություններում տեսնում էր պաշտոնի չարաշահում, որը հարվածի տակ է դնում Հայաստանի մարզերում գործող փոքր ու միջին բիզնեսը:

Բնականաբար, ՍԱՊԾ-ի հակադարձ հարվածը չուշացավ. այս անգամ էլ այդ կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը շարունակեց պնդել, թե լաբորատոր ստուգումները բացահայտել են, որ արտադրված կաթնամթերքում առկա են աղիքային ցուպիկներ եւ բարձր աղտոտվածություն: Մի տեսակ ստաֆիլակոկի բակտերիաների պատմությունը, կարծես թե, արդեն"աչքաթող"արվեց, սակայն պարոն Պիպոյանը հավաստիացրեց նաեւ, որ ստուգումների արդյունքում ընկերությունում մի շարք խախտումներ էլ են հայտնաբերվել. արտադրամասի տարածքը եղել է անբարեկարգ, չի ունեցել նախամուտք, չունի լաբորատորիա եւ պայմանագիր այլ լաբորատորիաների հետ, աշխատակիցները չունեն սանգրքույկ եւ բուժզննում չեն անցնում, մյուս արտադրատեսակները թողարկվում են առանց սերտիֆիկատի եւ այլն: Բնականաբար, այս ամենն արդեն իսկ"Էյ-Էս-Բի Սոֆթ"ընկերությանը հասցեագրված լուրջ մեղադրանքներ են: Բայց եւ այդ ուսումնասիրությունների, ինչպես նաեւ` սպառողի մոտ այծի կաթի նկատմամբ անվստահություն ձեւավորելու առիթը հենց ստաֆիլակոկն էր, որն այդպես էլ մյուս բոլոր լաբորատոր փորձաքննություններում չի հայտնաբերվում ու չի հայտնաբերվում:

Եվ ահա երեկ ՍԻՄ-ի"Ազդակ"ակումբում իր արձագանքը հնչեցրեց"Էյ-Էս-Բի Սոֆթ" ընկերության տնօրեն ԲՈՐԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ու նրա շահերի պաշտպանը`"ԼԵՎ ԳՐՈՒՊ" իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Պարոն Բաղդասարյանը նախ լրագրողների ներկայությամբ հայտարարեց. "Ս.թ. նոյեմբերի 4-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, որ քաղաքացու կողմից իրենց ներկայացված խանութից գնված կաթի մեջ, որը պատկանում է "Արմֆուդ" ֆիրմային անվանումը կրող"Էյ-Էս-Բի Սոֆթ"ընկերությանը, հայտնաբերվել է ստաֆիլակոկ բակտերիա: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաեւ` այլ լաբորատորիաներ է ուղարկվել"Արմֆուդ"-ի կաթի նմուշներ ինչպես հում, այնպես էլ պաստերիլիզացված վիճակում: Ներկաներին եմ տրամադրում փորձարկումների արձանագրությունները, համաձայն որոնց` կաթի մեջ բացակայում է ստաֆիլակոկ բակտերիան: Ավելին` 11.11.2011թ. անասնաբուժական ծառայության կողմից տրվել է գրավոր փաստաթուղթ, որ ընկերության բոլոր կենդանիները գտնվում են առողջ վիճակում:

Նոյեմբերի 4-ի հեռուստատեսային հայտարարությունը, որ, իբր,"Արմֆուդ"-ի կաթի մեջ առկա է ստաֆիլակոկ բակտերիա, կարծում եմ, եղել է ոչ իրավաչափ": Իսկ այս իրավիճակում, ինչպես փաստեց պարոն Բաղդասարյանը."Ընկերությունը հավաստում է, որ հետամուտ է լինելու իր իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ` օրենքով սահմանված կարգով պահանջելու է վնասների հատուցում", քանի որ հիշատակված նոյեմբերի 4-ի հեռուստատեսային հայտարարությունների արդյունքում "վնասվել է ընկերության բարի համբավը, ինչպես նաեւ` պատճառվել է նյութական մեծ վնաս": Բացի այդ, ինչպես ընդգծեց պարոն Բաղդասարյանը."Դիմում ենք ՀՀ վարչապետին` խնդրելով իր հսկողության տակ առնել սույն խնդիրը, հանձնարարել ճշտել փաստերի իսկությունը, եւ ինչպես հրապարակայնորեն"Արտֆուդ"ընկերության բարի համբավն արատավորվեց, այնպես էլ պատասխանատվության ենթարկվեն անմիջական մեղավորները":

Մի խոսքով` Պարոն Բաղդասարյանը հիմնական շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ այդպես էլ ստաֆիլակոկ կոչվածն ի հայտ չի գալիս` ասելով. "Ընկերությունն ընդունում է, որ արտադրության մեջ կարող են լինել բացթողումներ կամ թերացումներ: Բայց ստաֆիլակոկ բակտերիայով կաթ արտադրելու մեջ ընկերությանը հրապարակայնորեն մեղադրելուց, այնուհետեւ ընկերությանը պատկանող ոչ միայն պաստերիլիզացված, այլեւ հում կաթն ուսումնասիրելուց եւ եզրակացություն տալուց հետո, որ բացակայում է այդ բակտերիան կաթի մեջ, ու հանրությանն էլ այդ մասին չտեղեկացնելուց հետո անհասկանալի է դառնում, թե ինչ նպատակ էր դա հետապնդում` ընդամենը շոո՞ւ էր,"Արմֆուդին"շուկայից դուրս մղելու ցանկությո՞ւն, թե՞ հանրապետության բարձրագույն ղեկավարությանը ցուցանիշներ ցույց տալու ձգտում՚":

Ընդ որում` իր այս ամբողջ խոսքից հետո պարոն Բաղդասարյանը ներկայացրեց նաեւ իր խոսքերը հիմնավորող փաստաթղթերը, որոնք հիմնավորում էին ինչպես այծերի առողջ լինելու, այնպես էլ կաթում լաբորատորիաների կողմից ստաֆիլակոկի բակտերիաներ չհայտնաբերելու փաստերը:

Սրանով ընդհանուր պատկերը դառնում է շատ ավելի"ուրախ": Բանն այն է, որ ՍԱՊԾ-ի նախնական հայտարարության մեջ խոսվում էր այն մասին, որ լաբորատորիան հայտնաբերել է ստաֆիլակոկ: Եվ ահա Լ. Բաղդասարյանն էլ իր հերթին, ներկայացնելով նույն լաբորատորիայի եզրակացությունը, հավաստիացնում է."Հեռուստատեսությամբ վկայակոչելով լաբորատորիային` հայտարարում են, թե կա ստաֆիլակոկ՚:"Նույն լաբորատորիային տրամադրվում է ընկերության արտադրության փորձանմուշները, եւ տալիս են պատասխան, որ չկա այդ բակտերիան": Մի կողմ թողնենք, որ այլ լաբորատորիաներ եւս հերքել են բակտերիայի առկայությունը կաթում, ինչպե՞ս է ստացվում, որ նույն լաբորատորիան տալիս է նման հակասական պատասխան: Ավելին ասենք. իր հերթին ընկերության տնօրենն ավելի ուշագրավ մանրամասներ ներկայացրեց` այդ լաբորատոր"խառնաշփոթի"հետ կապված."Այն օրը, երբ այս խոսակցությունները սկսվեցին, ես նրանց լաբորատորիա ուղարկել եմ հում կաթ, որի մեջ ո'չ ստաֆիլակոկ եւ ո'չ էլ աղիքային ցուպիկներ չեն հայտնաբերվել: Երկու-երեք օրից ուղարկել եմ նաեւ պաստերիլիզացված կաթ նույն լաբորատորիա, ինչպես նաեւ` Առողջապահության նախարարությանը պատկանող լաբորատորիա (Ավանում գտնվող): Վերջինս ոչ մի շեղում չի հայտնաբերել, իսկ ահա առաջինը տվել է եզրակացություն, որ աղիքային ցուպիկ հայտնաբերել է: Ամեն դեպքում` ստաֆիլակոկ երկու լաբորատորիան էլ չեն հայտնաբերել: Եվ վերջապես, նոյեմբերի 14-ին 1 լիտրանոց շշից կաթը լցրել եմ երեք մանրէազերծ տարաների մեջ` նմուշներից երկուսն ուղարկելով սննդի անվտանգության լաբորատորիա: Պատկերացրեք, նույն կաթը պարունակող շշերից մեկում բան չէին հայտնաբերել, երկրորդի հետ կապված` ներկայացրել էին, թե կան ցուպիկներ: Երրորդ շիշը հանձնել էին մեկ այլ լաբորատորիա (Կոմիտասի պողոտայում գտնվող), եւ այս դեպքում եւս ոչինչ չի հայտնաբերվել: Մի խոսքով` բոլոր մյուս անկախ լաբորատորիաներում կաթի մեջ ոչինչ չեն հայտնաբերել: Եվ միայն այս մի լաբորատորիան է, որ հայտնաբերում է ցուպիկներ: Քանի որ կաթը հանձնելիս գրվում է"Հրազդան", թերեւս նրանք հասկացել են, որ դա մեր կաթն է... Ինչ վերաբերում է այն առաջին ստուգմանը, որի ժամանակ, իբր, ստաֆիլակոկ են հայտնաբերել, ապա այդ լաբորատոր փորձաքննության ակտն անհասկանալիորեն մինչ օրս մեզ չի տրամադրվել՚:

Փորձեցինք հարցին մոտենալ մեկ այլ տեսանկյունից եւս. եթե կան իրար հակասող եզրակացություններ, ապա ճի՞շտ չէ դրանք ստուգել մեկ այլ` անկախ լաբորատորիայում: Ի պատասխան մեր այս հարցին` ընկերության ղեկավարը նկատեց, որ նաեւ այդ նկատառումից ելնելով է` վերջին անգամ ինքը կաթը ներկայացրել երրերդ` Կոմիտասի պողոտայում գտնվող լաբորատորիա, որը եւս ոչ մի շեղում չի հայտնաբերել: Իսկ ահա Լ. Բաղդասարյանը, այս հարցի հետ կապված, նկատեց."Լաբորատոր եզրակացությունների մեջ, մասնավորապես` հանրությանը ներկայացված ստաֆիլակոկի հետ կապված, հակասություններ չկան. բոլոր փորձանմուշներում էլ այն չի հայտնաբերվել: Իսկ առաջին փորձաքննության հետ կապված, մենք դիմել ենք, որ այդ եզրակացությունը, ինչպես նաեւ` քաղաքացու (ով, ինչպես հայտարարել էին, կաթից դառնահամ զգալով դիմել էր ծառայությանը) դիմումը մեզ տան: Եթե կստանանք ու կհամոզվեք, որ նրանում ստաֆիլակոկը ներկայացված է, ապա արդեն կմտածենք ընդհուպ մինչեւ այդ եզրակացությունը դատական կարգով վիճարկելու մասին՚:

Բայց եթե ընկերությունում ստուգումներ են իրականացրել, ապա դա չի՞ ենթադրում, որ այդ գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ստաֆիլակոկի առկայության մասին խոսող լաբորատոր եզրակացությունը, պետք է կցվեին ստուգման մասին որոշմանն ու ներկայացվեին ընկերությանը: Այս հարցի հետ կապված էլ` Լ. Բաղդասարյանը նկատեց."Իհարկե, դեռ մինչ այդ էլ պետք է տեղեկացնեին ընկերությանը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս էլ մասնակցեր: Լավ, կարող է հրատապություն, կար եւ չեն տեղեկացրել: Սակայն այս դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից հայտարարել են ստաֆիլակոկի մասին, մյուս կողմից էլ` ոչ թե անմիջապես, այլ մի քանի օր հետո են եկել ընկերություն՚:

Այս ամենից հետո հնարավո՞ր չէ, որ առհասարակ ստաֆիլակոկի մասին վկայող փաստ չի եղել: Պատասխանելով` պարոն Բաղդասարյանն ասաց, որ այս հարցն արդեն պետք է հղել մյուս կողմին:

Մի խոսքով` մոտ մեկ ամիս է անցել այս տարօրինակ պատմությունից, սակայն այդպես էլ այն դեռ միայն շարունակում է լուծումների փոխարեն հարցերի տեղիք տալ: Ընդ որում, եթե նույնիսկ ընդունենք այն տարբերակը, թե մեղավորը տնտեսվարողն է, այս անցած ժամանակահատվածը պետք է, որ առավել քան բավարար լիներ բոլոր հարցերը կարգավորելու եւ նրան աշխատելու հնարավորություն տալու համար: Իսկ այս տեմպերով եթե շարունակվի, լուծումը կարող է եւ հերթական միջին տնտեսվարողի ոչնչանալու տեսքով լինի: Եվ այսքանից հետո էլ չմոռանանք` մեր չինովնիկական դասն ամեն քայլի սիրում է խոսել մանր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

"Ստաֆիլակոկ բակտերիայով կաթ արտադրելու մեջ ընկերությանը հրապարակայնորեն մեղադրելուց, այնուհետեւ ընկերությանը պատկանող ոչ միայն պաստերիլիզացված, այլեւ հում կաթն ուսումնասիրելուց եւ եզրակացություն տալուց հետո, որ բացակայում է այդ բակտերիան կաթի մեջ, ու հանրությանն էլ այդ մասին չտեղեկացնելուց հետո անհասկանալի է դառնում, թե ինչ նպատակ էր դա հետապնդում` ընդամենը շոո՞ւ էր,"Արտֆուդին"շուկայից դուրս մղելու ցանկությո՞ւն, թե՞ հանրապետության բարձրագույն ղեկավարությանը ցուցանիշներ ցույց տալու ձգտում՚":

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում