livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altԹուրքի լուսինը պիտի խոնարհենք,

Մենք` Արեւորդիք, Վանը ետ վերցնենք,

Հայոց լեռների արծիվնե՛ր, առա՛ջ,

Արծրունյաց ոստան պիտի ազատենք:

Հայը պիտ նորից ձեռքը զենք վերցնի,

Եվ վրեժ պիտ ուխտի պապի շիրիմին,

Այնօր թուրքական լուսնի փոխարեն,

Եռագույն արեւ Վանում ծածանվի:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԷՐԳԻՐ

Սահմանից այն կողմ հողերն այլ են, օդն այլ է, երկինքն էլ այլ է:

Սրտումս պահած մեծ սպասելիքներով գնում էի Էրգիր, գնում էի տեսնելու պապերիս կարոտի հեռավոր աղբյուրը, բազում մարդկանց կորսված հույսերի օրրանը, հայիս վրեժի այրող խառնարանը:

Էրգիրը սպասում էր մեզ…

Կարճ շրջագայություն էինք նախատեսել, բայց նպատակ ունեինք տեսնելու հայրենի հողում թողած կոթողներից հնարավորինս շատ բան:

Սկզբից գնացինք Անի: Չէ... Չգնացինք: Ճանապարհը մեզ ինչ-որ ձգողականության ուժով տարավ այնտեղ: Անին մեզ ընդունեց սրտաբաց: Արեւն ինքը ճեղքեց խոժոռ երկինքն ու դուրս եկավ Արեւորդիքիս ողջունելու: Անին ամայի էր, լքված... Ամեն քարի մեջ բաբախում էր երբեմնի փառքի հիշողությունը, ամեն ավերված եկեղեցու մեջ` անկման ցավը: Անին մենակ էր թուրքի առաջ, մեկուսի... Բայց քաղաքի պարիսպներից ներս ամեն ինչ հայի շունչն ուներ: Ավերակները հաղորդակցվում էին միմյանց հետ` արեւի շողերն անդրադարձնելով իրար վրա, մեղմ քամու միջոցով իրար ողջույններ ուղարկելով: Մի հայ արծիվ տեսա, սավառնում էր երկնքում, մենակ էր: Բայց վստահաբար սիրտը նրան հուշել ու ասել էր` մերոնք են եկել... Եկավ ողջունեց իր վեհ թռիչքով, այնպես ցցուն էր նրա թռիչքը, կարծես ուզում էր ասել, այստե¯ղ եմ... կարծես ինքն իրեն պահապան կարգած լիներ մեր հողերին, մինչեւ ազգովին ուժեղանանք, ու գնանք մեր պարտքը հատուցենք: Այստեղ անգամ ավերակներն են հայեցի վեհ կանգնած: Գլուխներս միայն մենք էինք կախել, մեղավոր նայելով կորսված երազին, որ Ախուրյան գետից այն կողմ թողել են մեր պապերը:

Անին պահում էր մեզ: Ուզում էինք րոպե ավելի անցկացնել այնտեղ, ամեն քարին յուրաքանչյուրս իր սրտում մի խոստում տալով, մի վրեժ ուխտելով: Բայց արեւն արդեն անցել էր իր օրվա ճամփան, ու մենք էլ, խելագարված ամբոխների նման, գնացինք արեւի ուղղությամբ: Անիից հետդարձի ճանապարհին մեքենայում քար լռություն էր: Յուրաքանչյուրիս կոկորդում կանգ էին առել չասված խոսքերը, աչքերը լի էին արցունքներով, ձեռքերը նյարդային շարժումներով տրորում էին իրար, ու բռունցք դարձած լուռ հառաչում:


ՊԻՂԾ ԼՈՒՍԻՆՆԵՐ` ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՊԱՐԻՆ

Դեռ երկար ճամփա պիտի անցնեինք, մինչեւ հասնեինք Բայազետ` հայոց Դարոյինք, ուր պետք է գիշերեինք: Ճանապարհին, հայոց բագինների քաղաքից հայկական հեռախոսակապ հայտնվեց... ՀՀ սահմանից ընդամենը տասնյակ մետրեր էին բաժանում: Զանգեցինք հարազատներին, փորձելով թաքցնել ցավը, միայն ասինք, որ երջանիկ ենք զգում հայրենի հողում: Այդպես չէր, վրդովմունքը խեղդում էր, բայց ինչպե±ս ասես:

Չէ, սահմանագծից այս կողմ գտնվողը չի զգա այն, ինչ ներսում է…

Ճանապարհին մեքենայի պատուհաններից դուրս էինք նայում` տեսարանների մեջ փորձելով գտնել պապերի պատմած Էրգիրը, հին, պապական լքված տների ավերակները: Որքան ցավ էին թողել այդ պատերից ներս բազում հայ ընտանիքներ, որքան աչքեր էին կարոտով երազում այդ պապական տները: Մեքենայի պատուհանից այն կողմ Հայկական Պարն էր... Իզուր չեն այդպես կոչել լեռնաշղթան: Ռազմապարի ելած հայկազունների էր նման շղթան... Բայց, հայկազունների գլխին թուրքական փափախ կարծես հագցրած լինեին...

Ես գիտեի, թե Լուսինը մեկն է... Բայց ոչ... բազում լուսիններ բազմել էին լեռներին, ու հեգնում էին պարը... Լուսնի տակ, հայկյան հողի քարերով հավաքված մի նախադասություն էր սղոցում սիրտս… ՙթուրք լինելը հպարտություն է՚:

Ախ, եթե կարողանայի հարցնել գեթ մեկին, թե ինչո±վ են հպարտ: Ինչի±ց է թուրքը ոգի ստանում: Ունի± առհասարակ ոգի... Չգիտեմ... Սա միակ հարցը չէր, որ մնաց անպատասխան…

Մթնել էր, երբ հասանք Բայազետ: Չգիտեմ, արդյոք միայն ինձ մո±տ էր այդ զգացողությունը, որ կարծես այստեղ բոլորն իրենց հյուրի պես էին պահում: Թե Կարսը, թե Բայազետը…: Գիշերեցինք…

Առավոտյան, հյուրանոցի պատուհանից դուրս նայեցինք… չգիտեմ, այն ինչ դուրս եկավ միջիցս, հիացմունքի բացականչությո±ւն էր, թե ցավի կսկիծ: Դիմացս Արարատն էր: Այդքան մոտիկից Մասիսը դեռ չէի տեսել: Վեհ էր, ինչպես երբեք: Չէ, այս անգամ գլուխ չէինք խոնարհել, ինչպես Անիում… Այս անգամ բարձր ողջունեցինք մեր սրբազան Լեռը, բարեւ առանք նրանից ու օրը սկսեցինք Մասիսից ստացած լիցքերով:

Հաջորդ կանգառն էլ պակաս ուժ չտվեց: Բերկրիի ջրվեժն էր… ոչինչ, որ թուրքերը նրան Մուրադիե են կոչում… Այնտեղ Մուրադիեից ոչինչ չկա... Հարյուրամյակի ընթացքում հոսած ջրերն էլ չեն մաքրել հայկականությունը տարածքից: Չքնաղ էր Արծրունյաց տան այս ջրառատ աղբյուրը, ուժեղ էր, ինչպես երբեմնի Արծրունյաց զորախմբերի անպարտ ռազմիկները:


ՀԱՅԻ ՎՐԵԺՆ ԱՊՐՈՒՄ Է ԱՄԵՆ ՔԱՐԻ ՄԵՋ

Շտապեցինք... Բոլորս անհամբեր սպասում էինք Վան հասնելուն: Եվ մեր սպասումները մեզ չհիասթափեցրին: Վանը` մեր պատմական հայրենիքի գեղեցկուհին, մեզ դիմավորեց լաջվարդի կապույտով ու մեղմ բրիզով: Այն ունի միայն ափեր… մի ափից նստում ես նավը, մյուսում իջնում, իսկ նավի վրա գտնվելու ընթացքում` Վանը անծայրածիր է: Թափանցիկ կապույտը արտացոլում է երկինքը, ամպերը... Իսկ ամպերը հեքիաթների գրքերի նկարազարդումների պես ձեւավոր են: Վանի եւ երկնքի լազուրը միախառնվում են երբեմն` տալով անվերջության մեջ սավառնելու զգացում: Ամեն հոգնություն կորչում է Վանի մեջ… Վանը շքեղ է:

Աղթամար կղզուն մոտենալով, արդեն որոշակի հեռավորության վրա, դարձյալ ցերեկով երեւաց լուսինը... Այն կարծես բազմած լիներ Սբ Խաչ եկեղեցու գմբեթին: Եկեղեցին իրոք անկրկնելի է: Եկեղեցու արտաքին պատերի զարդաքանդակները պահպանված են անթերի... Ինչպես ասեմ... դրանք նրբաճաշակ են… այո, հենց նրբաճաշակ: Ժանյակը, որ անցնում է պատի ողջ երկայնքով, նրան հաղորդում էր ազնվական վեհություն: Մի թուրք զբոսավար պատմում էր իր խմբին Թամարի մասին պատմությունը… Տեսնես Թամարը ի±նչ ազգի էր նրա պատմության մեջ:

Չգիտեմ Թամարն ինչպես, բայց կղզին վստահաբար հայ է… Այնտեղ ամեն ինչն է հայկական… Անգամ ծաղկած նշենիները հայերեն էին բուրում… Ախ, դարձյալ այդ անիծյալ լուսինը, որ միշտ հայտնվում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվում ու փչացնում է կադրը… Այդտեղ ուխտեցի լուսինը վերացնել... Չէ, համակարգչային ծրագրի միջոցով չէ, այլ... Դե դուք հասկացաք: Դեպի Հայաստանի Հանրապետություն վերադարձի ճանապարհը ամենից դաժանն էր: Բայազետի ամրոցում եղանք… Իսահակ փաշայի պալատում...

Հայկական ոչ մի հուշարձան այդքան խնամքով չի պահվում, որքան այդ փաշայի պալատը… Պալատի հենց դիմացը Դարոյինքի բերդն է… Ամրոցի հին բազմաշերտ պատերը լռության մեջ ավելի խոսուն են, քան փաշայի պալատի արձանագրությունները: Վատ չի ապրել փաշան իր ամրոցում… Պալատներ, հարեմ, գրադարան, բաղնիք…

Կարսում Սբ Առաքելոց եկեղեցին… չէ, արդեն մզկիթը մտա… Թուրքը սրբություն չունի: Արտաքինից եկեղեցու տեսքը պահպանած շինությունը` դրսի պատերին բազմած հավերժախաչերով ու բիբլիական քանդակներով, ներսից վերածվել է մզկիթի…

Սա վերջին այցելած վայրն էր, ու վերջին կաթիլը… վերջին լուսինը… Վերադարձի ճանապարհին դարձյալ բոլորս լուռ էինք… Յուրաքանչյուրս խորհում էինք մեր` այստեղ գտածի ու կորցրածի մասին… Բոլորս կարոտում էինք արդեն մեր հիշողության մեջ դաջված պատկերները… Անին, Բերկրին, Արարատը, Վանը, Աղթամարը, Կարսը… Յուրաքանչյուր վայրում մի քիչ սիրտ էինք թողել, մի քիչ կարոտ հետներս վերցրել…

Հայն ուժեղ է, հայի կարոտը` անսպառ: Հայի վրեժը ապրում է ամեն քարի մեջ: Հայը անկատար ուխտ ունի: Հայը պիտի հասնի իր երազին, դարեր շարունակ փայփայած երազին: Հայ լինելը հպարտություն է, եւ թուրքի լուսինը պիտի խոնարհվի: Պարտք ունենք տալու...

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում