altԱմռանը յուրաքանչյուրն իր հանգիստը յուրովի է անցկացնում: Ոմանք նախընտրում են հանգիստն անցկացնել ծովափնյա վայրերում, ոմանք էլ հաճելին համատեղել օգտակարի հետ և հանգստին զուգահեռ  ծանոթանալ նաև հյուրընկալող երկրի ավանդույթներին, պատմությանն ու հնադարյան մշակույթին:

Հայաստանն այս առումով մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար  բավականաչափ հետաքրքիր է և պատահական չէ, որ ինչպես տեղեկացնում է «Արմենիան թրավել» տուրիստական ընկերության  նախագահ ՄԱՐԻՆԱ  ԿՊՐՅԱՆԸ, մոտավորապես ամեն տարի Հայաստան է  այցելում մոտ 800.000 զբոսաշրջիկ:  Հայաստան այցելում են աշխարհի տարբեր երկրներից` Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Իսպանիայից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից. «Ռուսաստանից Հայաստան այցելողները  եւ մեր երկրով հետաքրքրվողները հիմնականում զարգացնում են կորպորատիվ տուրիզմը, այսինքն` գալիս են Հայաստան, կազմակերպում գիտաժողովներ և ծանոթանում մեր երկրի  տեսարժան վայրերին, մեր մշակույթին և պատմությանը»:

Զբոսաշրջիկները առանձնահատուկ հետաքրքրված են Արցախի գեղատեսիլ վայրերով ու Արցախ աշխարհով ընդհանրապես. «Հիշում եմ` մի անգամ Իսրայելից մեծ թվով զբոսաշրջիկներ էին եկել  Արցախ, որն առաջացրել էր հարևան Ադրբեջանին զայրույթը»:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա  Հայաստանում յոթօրյա հանգիստը մեկ հոգու համար առանց ավիատոմսի արժեքը ներառելու արժե միջինը 1000 եվրո:

Ի դեպ, ինչպես նշեց  Մարինա Կպրյանը,  այս պահին ընթացքի մեջ է Չինաստանի հետ ստորագրվելիք պայմանագիրը: Այն   հնարավորություն կտա չինացի զբոսաշրջիկներին հանգստանալ Հայաստանում: «Պարզապես կա մի խնդիր` չպետք է զբոսաշրջության զարգացումն առաջին հերթին պայմանավորել  շատ մարդկանց հոսքով: Չինացիների պարագայում կոնկրետ վտանգն այն է, որ նրանք երբեմն այցելելով որևէ երկիր հանգստանալու նպաակով ընդմիշտ հաստատվում են այդտեղ, ընտանիք ստեղծում: Վրաստանն օրինակ արդեն փակել է մուտքը չինացի զբոսաշրջիկների առաջ»,-եզրափակեց Մարինա Կպրյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ