livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019
tetr1

Ուսումնական տարին նոր է սկսվել, սակայն մեր քաղաքացիներն արդեն խնդիրների առաջ են կանգնել: «Իրավունքի» թղթակցին էր այսօր դիմել տիկին Ամալյան,  որ իր երեխայի համար գնել է  «Զանգակ» հրատարակչության արտադրած չորս աշխատանքային տետր և վճարել 1600 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր տետրի համար՝400 դրամ: «Ոնց կարելի է էս դժվար պայմաններում, երբ մարդիկ, օրական 8-10 ժամ մասնավորի մոտ  աշխատելով, վաստակում են 2000 դրամ, այդ գումարի մոտավորապես կեսը  ծախսեն տետր գնելու համար: Բա մնացած  խնդիրներն ինչպե՞ս լուծեն: Սա ուղղակի խայտառակություն է»,- զայրացած ու վրդովված ասում էր  քաղաքացին, ապա հավելում. «Ես վստահ եմ ՝ այս տետրերը թանկ արժեն նաեվ նկարազարդման պատճառով: Իսկ ո՞վ է իրենց ասում նկարազարդեն.կարևորը տետր լինի, երեխան գրի մեջը, գիտելիք ստանա»:

 
ԵԹԵ ՏԵՏՐԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԻՆ, ԳԻՆՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԿԼԻՆԵՐ

Քանի որ հարցն իրոք արդիական է ու  խնդրահարույց, «Իրավունքը» չէր կարող անտարբեր մնալ: Իրոք, եթե Հայաստանում  նվազագույն աշխատավարձը 50.000 դրամ է, իսկ դպրոցական պարագաները՝  թանկ, ինչպե՞ս պիտի սպառողներն իրենց  նվազագույն աշխատավարձով  այդ ամենը գնեն: Մայրենի լեզվի աշխատանքային տետրերի  հեղինակը գրող, թարգմանիչ,  «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է, ով  թեև  տետրի գնագոյացման համար պատասխանատու չէ, բայց կարծում է, որ գնի բարձրացման վրա ազդեց նաև այն, որ  մոտ երկու-երեք տարի առաջ արգելվեցին այդ տետրերը դպրոցներում վաճառել: Իսկ արգելքը պայմանավորված էր  կրթօջախներում առկա կոռուպցիոն ռիսկերով, մասնավորապես, աշխատանքային տետրերի  անվան տակ վաճառում էին այլ  պարագաներ:

Վաչագան Սարգսյանի խոսքով՝ այդ արգելքը ազդեց նաև աշխատանքային տերտերի պահանջարկի վրա.դրանք այսօր այդքան էլ մեծ պահանջարկ չունեն:  «Այդ տետրերն ուսումնական մասի շարունակությունն են, հաստատված ԿԳ  նախարարության կողմից: Եթե դրանք դպրոցներում վաճառվեին, կարծում եմ՝գինն ավելի էժան կլիներ»,-  ասաց պրն Սարգսյանը:

ԵՐԲ ՍԻԳԱՐԵՏՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸ ՆՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԴՐՎՈՒՄ

Քանի որ աշխատանքային տետրերի  գնային քաղաքականության համար պատասխանատու է «Զանգակ» հրատարակչությունը, զանգահարեցինք հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին: Վերջինիս պարզաբանմամբ  աշխատանքային տետրերի ինքնարժեքը  մոտավորապես 240 դրամ է, որին գրախանութն ավելացնում է 30-40%՝գոյատեւելու համար:  «Այդ 240 դրամից որոշակի գումար՝որպես հոնորար տրվում է հեղինակին, իսկ մնացածն էլ հրատարակչության շահույթն է: Մեկ տետրից հրատարակչությանը որպես շահույթ մնում է   մոտավորապես 17%»,-մանրամասնում է  մեր զրուցակիցը:

Որքան էլ զարմանալի թվա, սակայն Սոկրատ Մկրտչյանի համար  մեկ տետրի համար 400 դրամ վճարելը թանկ  չէ,ավելին՝ փոխանակ վերջինս խնդիրը դիտարկի նաեվ շարքային քաղաքացու տեսանկյունից, ասում է. «400 դրամն ի՞նչ է որ: Մի տուփ սիգարետն ի՞նչ արժե՝ 1000 դրամ: Էդ կնոջ ամուսինն  օրական տասը հատ սիգարետ է ծխում, իսկ երբ  կես տուփ սիգարետի գումարով տետր է գնում,  իր երեխան այդ տետրն ամբողջ տարին է օգտագործում: 400 դրամը բաժանեք 360 օրվա վրա. մեկ տետրի վրա օրական ծախսվում է  մեկ դրամ»:

Ինչ վերաբերում է   տետրերի գինը նկարազարդման  միջոցով արհեստականորեն բարձրացնելուն, Ս. Մկրտչյանը հերքում է ՝ նման բան չկա. «Արհեստական գինն բարձրացնելու խնդիր չկա, պարզապես աշխատանքային տետրերը պետք է նկարազարդված, ճաշակով ու գեղեցիկ  լինեն, քանի որ նման տեսքով նպաստում են երեխայի դաստիարակությանն ու գիտելիքների փոխանցմանը: Հիմա որ սև ու սպիտակ, փնթի-մնթի բան լիներ, լավ կլինե՞ր: «Զանգակն», օրինակ, թույլ չի տա փնթի տետր շուկա հանել: Իսկ համեմատություն անցկացնել սովետական տարիների հետ…Էդ կինը թող սովետական տարիներից հետ գա. Եթե  ես, ինքը լավ դաստիարակված լինեինք, սովետը չէր փլվի»:

Հրատարակչության տնօրենը հիշեցնում է՝ խորհրդային միության տարիներին  դպրոցներում դիդակտիկ  շատ նյութեր էին օգտագործում,  իսկ այսօր բավարարվում են միայն դասագրքերով ու տետրերով, որոնք պետք է վաճառվեն միմիայն գրախանութում: Դրա շնորհիվ գրախանութները կզարգանան:

«ԶԱՆԳԱԿԻ»  ՏՆՕՐԵՆԸ՝«ԿՈՒՇՏ ՍՈՎԱԾԻՆ ՉԻ ՀԱՍԿԱՆԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ

tetrԼինելով հրատարակչության  տնօրեն՝ Սոկրատ Մկրտչյանը  կարծես թե ենթագիտակցորեն առաջնորդվում է «կուշտը սովածին չի հասկանա» ու «ձայնը տաք տեղից է գալիս»  ասացվածքներով, ավելին, երբ նրան հիշեցրիք երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու 50.000  դրամ նվազագույն աշխատավարձը, հանկարծ  լսեցինք հաջորդ աբսուրդ  պատասխանը. «…Երբ ծնողը սկսի գնել այդ տետրերը, իր վիճակը շատ կլավանա: Որ սկսեն համատարած տետրեր գնելը, տետրերի արտադրությունը կշատանա, արտադրողների, աշխատողների թիվը կշատանա,  աշխատավարձը կավելանա: Իսկ եթե բոլորս մտածենք՝ հաց չուտենք,  քանի որ փող չունենք, տետր չօգտագործենք, գիրք չկարդանք, էդ փողը երբեք չենք ունենա»:

Սոկրատ Մկրտչյանը չգիտես ինչու վստահ է՝ հատուկենտ ծնողներ են բողոքում աշխատանքային տետրերի թանկ գնից: Բայց բավական է, մի փոքր  հարցում քաղաքացիների շրջանում, պրն Մկրտչյան, ձեր վարդագույն ակնոցները հաստատ կփշրվեն: Որպես խնդրի «լուծում» մեր զրուցակիցն առաջարկում է հետեւյալը. չունեվոր ծնողները թող դիմեն իր հրատարակչություն, թե՛ տետրերով, թե՛ դասագրքերով կաջակցեն:

Հ.Գ.Դե ինչ պրն Մկրտչյան, կարծում եք՝ առաջիկայում պետք է բարեգործությամբ զբաղվեք, գուցե դրանից հետո հասկանանք, որ Հայաստանի բնակչության մեծ մասի համար է այսօր խնդիր ուսումնական տարվան   ըստ արժանվույն պատրաստվելն ու առանց  խեղճանալու երեխային դպրոց ուղարկելը:

Սոնա Դավթյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում