livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019
altՎերջին ժամանակներս մի տարօրինակ փաստ է ի հայտ եկել. պարզվում է, որ ծննդյան վկայականներից սկսած գրեթե բոլոր փաստաթղթերում հայրանունները գրվում են ուղղական հոլովով, այլ կերպ ասած` առանց "ի"-ի: Արդյոք դա հայերենի տեսանկյունից ճի՞շտ է, փորձեցինք հետաքրքրվել Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.

-Դեռեւս տասը տարի առաջ կառավարությունը որոշում էր կայացրել, որն այսօր թույլ է տալիս ծննդյան վկայականներում եւ այլ փաստաթղթերում, բացի անձնագրից, հայրանունը` գրել ուղղական հոլովով: Վերջերս, սակայն, քննարկվել է, որ անձնագրի մեջ եւս հայրանունը ուղղական հոլովով գրվի, բայց համաձայնության դեռեւս չեն եկել:

- Իսկ ըստ Ձեզ, որքանո՞վ է լեզվի տեսանկյունից այդ փոփոխությունը ճիշտ:

- Ուղղական հոլովով գրելը միջազգային ստանդարտ է, պարզապես, մենք տարիներ շարունակ սովորել ենք հայրանվան սեռական հոլովին: Իհարկե, ես չեմ առաջարկում փոխել դա, այլ կարծում եմ, որ ուղղական հոլովով այդ ամենի առկայությունը գուցե մեզ համար մի քիչ խորթ է` հոգեբանական առումով, բայց դա նորմալ է: Բոլոր դեպքերում` ուղղական հոլովով գրելը ճիշտ է, չնայած կրկնում եմ, մենք դեռեւս չենք կարողանում ձերբազատվել այն մոտեցումից, որ հայրանունը կարող է գրվել ոչ միայն սեռականով, այլ նաեւ ուղղականով: Այսինքն` այստեղ որեւէ մեծ խնդիր ես չեմ տեսնում:

Թե ինչ որոշման մասին է խոսքը, եւ ինչն է նման որոշման պատճառ հանդիսացել, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ օրենքը գործում է դեռեւս 2005 թվականից եւ, ինչպես մեր երկրում ամեն բան, բխում է քաղաքացիների շահերից.

- 2005 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության 492 համարի որոշմամբ ընդունվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձեւաթղթերի լրացման կարգը, որի 12-րդ կետում մասնավորապես ասվում է` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում լրացվում է հայրանունների ուղիղ ձեւը: Այս ամենը արվել է նրա համար, որպեսզի խուսափենք հոլովվելու ընթացքում հնարավոր սխալից: Եթե հոլովումների ընթացքում կատարվում են սխալներ, դա բարդություններ է առաջացնում քաղաքացիների համար, եւ որոշակի անհարմարություն եւ ժամանակ պահանջվում քաղաքացուց, որպեսզի այդ սխալներն ուղղվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հերթին ՔԿԱԳ-ները անձի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան են, ապա դրա կարեւորությունը կայանում է նրանում, որպեսզի մենք ճիշտ արձանագրենք անձին վերաբերող տվյալները: Մենք  ակտի գրառմամբ` ընդամենը պատասխանում ենք հետեւյալ հարցերին` ինչ է Ձեր անունը, ազգանունը եւ հայրանունը: Եվ այդ տեղեկատվությունը ճիշտ եւ առանց հոլովելու արձանագրելը, մեր կարծիքով` բխում է քաղաքացիների շահերից:

- Բացի ծննդյան նկայականներից, էլ ո՞ր փաստաթղթերում է հայրանունը առանց հոլովվելու գրառվում:

- Բացի ծննդյան վկայականից, մենք ուղղական հոլովով գրառումներ ենք անում վեց տեսակի ակտային գրանցումներում: Դրանք են` մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության ճանաչման եւ ազգանվան, անվան, հայրանվան փոխման: ՔԿԱԳ-ում մենք չենք հոլովում հայրանունները:

- Վերջերս քննարկումներ են եղել նաեւ անձնագրերում հայրանունը գրել ուղղական հոլովով, Դուք, որպես ոլորտին քաջատեղյակ` համամի՞տ եք, որ անձնագրերում եւս հայրանունը գրվի առանց հոլովման:

-  Ես կարծում եմ, որ պետք է միասնական մոտեցում լինի, այսինքն` ծննդյան վկայականն եւ անձնագիրը միատեսակ պետք է լինեն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ անձնագրի նկարագիրը հաստատելուց եւս հայրանունը ուղիղ ձեւով գրելը` առանց հոլովման` ճիշտ է:

Ինչպես ստացվեց, որ փաստաթղթերում հայրանունները գրում էինք "ի"-ով, ու հիմա հանկարծ պարզվեց, որ դա ժողովրդի շահերից չի բխում, կարելի է ենթադրություններ անել: Բայց մեկ է, սա ակնհայտորեն մեզ "եվրոպականացնելու" հերթական դետալներից մեկն է: Կարելի է նույնիսկ ընդգծել այն բոլոր հոգեբանական գործոնները, որոնք բխում են հայրանունները "ի"-ով կամ առանց դրա գրելու, եւ երկրորդ տարբերակը, անշուշտ, ամենեւին էլ չի օգնում ծնող-զավակ հարաբերությունների խորացմանը:

Եվ, իհարկե, ամենակարեւորը մնում է այն հարցը, թե այդ ինչո՞ւ պետք է մինչեւ իսկ մեր հայրանունները գրելու ձեւով կապկենք եվրոպաներին: Ինչքա՞ն կարելի է...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում