livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԴեկտեմբերի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ: Նշենք, որ գիտաժողովն ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել Ազգային միասնության տոն:

Իր զեկույցում այս մասին ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բ. գ. թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ նշեց. «Նորից ուզում եմ շնորհավորել Ազգային տոնի կապակցությամբ , որը դեռ պաշտոնական, պետական տոն չէ, բայց մեզ համար վերամիավորման 25 տարին տոն է: Եվ երբ մենք` ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք» թերթում 1989 թվականին հրապարակեց առաջին հոդվածը, որ պետք է գնանք դեպի վերամիավորման որոշում, «Ղարաբաղ» կոմիտեն սկսեց կտրուկ ընդդիմանալ այդ որոշման նախագծին: Մեզ ասում էին, որ պետք է սպասենք, որպեսզի Սովետական միության բարձրագույն մարմինները, Մոսկվան ինքը կատարի այդ որոշումը, սակայն, եթե սպասեինք, կսպասեինք, այնքան մինչեւ Սովետական միությունը կքայքայվեր: Ու մենք չէինք ունենա այդ իրավական փաստաթուղթը, որն այսօր դրված է մեր օրենսդրության հիմքում: Այստեղ է իմ կողմից շատ սիրված եւ հարգված Կիմ Բալայանը` որպես Սահմանադրական դատարանի անդամ, եւ նա կարող է հաստատել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է»:

altԱպա հետադարձ հայացք նետելով`զեկուցողը խոսեց 1989 թվականի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների մասին. «1988 թվականին մեր թշնամիները փորձում էին մեզ դարձնել տարբեր սոցիումներ, բայց 1989 թվականի վերամիավորման որոշումը մեզ ճանապարհ բացեց եւ իրագործվեց ու դարձավ մեկ սոցիում: 1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում 6 ընտրատարածք ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղում, որտեղից մեկում չանցկացվեց ընտրություններ. դա Շուշին էր: Իսկ հինգ ընտրատարածքներում անցկացրեցին Հայաստանի պառլամենտի ընտրություններ, այսինքն` դարձանք ռեալ մեկ երկիր: Սա  նույնպես շատ կարեւոր պատմական փաստ է, որը նաեւ ապացուցում է, որ այդ որոշումն իր դերն ունեցավ Արցախի պաշտպանության գործում, որովհետոեւ, ցավոք սրտի, Հյուսիսային Արցախում ընտրություններ չանցկացվեցին, քանի որ խոչընդոտեց այն ժամանակվա ՀՀՇ-ի ղեկավարությունը` Լեւոն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ: Մի շարք ՀՀՇ-ական դեմքեր, որոնց մի մասն այսօր ՀՀՇ-ական են, մյուս մասը փոխել են իրենց պատկանելիությունը, հիմա էլ չեն փոխել իրենց մոտեցումը հարցին: Բայց ի՞նչ ցույց տվեց պատմությունը. այնտեղ որտեղ մենք անցկացրեցինք միասնական ընտրություններ, այդ տարածքն այսօր հայկական է, որտեղ մենք չանցկացրեցինք` ժողովուրդը չհավատաց իր ապագային, բանակը չհավատաց, կամավորական ջոկատները չհավատացին, որ դա լինելու է Հայաստան, դա լինելու է Հայաստանի հետ միավորված տարածք, մենք կորցրեցինք Գետաշենը եւ  Շահումյանը: Իհարկե,  դա միակ պատճառը չէր, նաեւ արտաքին քաղաքական պատճառներ կային` հարաբերությունները Ռուսաստանի հետ, Արեւմուտքի նենգ դիրքորոշումը այդ հարցում, երբ ամեն կերպ փորձում էին բորբոքել հակամարտությունը, իսկ ազատագրական շարժումից հետո բռնել ադրբեջանամետ դիրքորոշում: Բայց, այնուամենայնիվ,  փաստը մնում է փաստ, որ 1990 թվականին, երբ մենք անցկացրեցինք ընդհանուր ընտրություններ, դա բերեց ընդհանուր մտածելակերպի եւ ձեւավորեց ընդհանուր սոցիում»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ 25 տարի առաջ որոշում ընդունվեց վերամիավորման եւ ոչ թե ԼՂ անկախության. «Շատերը մոռանում են, որ 1989, 1990, 1991 թվականներին կար Սովետական միություն: Ի՞նչ անկախության մասին էր խոսքը Ղարաբաղի պարագայում: Այսինքն` Ղարաբաղը պետք է հայտարարեր, որ Սովետական միությունի՞ց է անկախանում: Դա աբսուրդ էր …

Ճիշտ է, կար եւս մեկ առաջարկ` միանալ Ռուսաստանի Դաշնությանը, բայց այդ առաջարկը հայկական քաղաքական, մտավորական, եկեղեցական, զինվորական էլիտան չընդունեց: Եվ altընդունվեց միակ ճանապարհը՝ վերամիավորումը, այսինքն հարցը հետեւյալն էր` ընդունել որոշում կամ չընդունել: Եթե չընդունեինք, կմնայինք ձեռնունայն: Եվ այսօր իրավական տեսակետից մենք որեւէ ակնկալիք չէինք ունենա: Այո՛, հետագայում Ղարաբաղը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան, որը նույնպես շատ կարեւոր քայլ էր, բայց 1989 թվականին Ղարաբաղի անկախության մասին խոսել աբսուրդ է, եւ ես զարմանում եմ այն քաղաքական գործիչների վրա, որոնք ասում են, թե այն ժամանակ պետք է անկախություն հայտարարվեր: Դա կբերեր պարզապես առճակատման Ռուսաստանի հետ, եւ մենք չէինք ունենա Արցախն այսօր ընդհանրապես: Իսկ դեկտեմբերի 1-ի Վերամիավորման որոշումը ամրագրվեց Հայաստանի Անկախության հռչակագրում` որպես մեր երկրի հիմնադրման սկզբունքներից մեկը: Ես եղել եմ Անկախության հռչակագրի նախապատրաստման պառլամենտական հանձնաժողովի անդամ եւ այդ ժամանակ ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը պնդում էին, որ պետք է դեկտեմբերի 1-ը ֆիկսվի: Մինչդեռ ՀՀՇ-ն պնդում էր, որ երբեք դա չի կարելի անել եւ պետք է ընդունել ստանդարտ, այսպես ասած, «շաբլոն» որոշում, որտեղ չպետք է լիներ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ցեղասպանության հարցերը»:

Հ. Բաբուխանյանն իր ելույթում կարեւորեց նաեւ այսօր` 25 տարի անց, կրկին վերամիավորման մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը.alt «Մենք բերում ենք Ղրիմի օրինակը. Ղրիմն անկախացավ, հաջորդ պահին վերամիավորվեց Ռուսաստանի հետ: Պետք է մեր հասարակությունը անկախ բնակության շրջաններից եւ մարզերից` Արցախի մարզում կլինի, թե Լոռու մարզում կամ Երեւանում, պետք է գիտակցի, որ Վերամիավորված է: Եվ այդ մտածելակերպը պետք է դաջված լինի  ժողովրդի մեջ, կրկնում եմ` ոչ թե դիվանագետների, այլ ժողովրդի մեջ ` գյուղացու, բանվորի, պատգամավորի, գործարարի… Այսինքն` մենք ավելի շատ պետք է խոսենք վերամիավորման մասին, եւ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ մասնակցեն Վերամիավորման որոշման իրականացմանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր երիտասարդ սերնդին, որովհետեւ շատ քիչ է խոսվում այդ միացման գաղափարի մասին, որը դրված է հիմքում մեր ժողովրդի դարավոր պայքարի: Այսօր երբ որոշ պատգամավորները բարձրացնում են Արցախը Հայաստանի կողմից  անկախ ճանաչելու հարցը,  դա վնասակար ու դավաճանության հետ հատվող մի գաղափար է: Արցախի անկախությունը չէ հայ ժողովրդի նպատակը, չկա այդպիսի նպատակ, չի կարող լինել եւ չի էլ եղել, այլ միացումն է եղել գերնպատակը»:

Ամփոփելով խոսքը` ՍԻՄ կուսակցության նախագահը ներկաներին առաջարկեց. «Ելնելով վերոնշյալից` մենք առաջարկում ենք, որ դեկտեմբերի 1-ը դառնա ազգային, պետական տոն եւ կոչվի Ազգային միասնության տոն ու համապատասխան փոփոխություն կատարվի «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում: Ասեմ, որ դա, այսպես ասած, հեծանիվ հորինել չէ, որովհետեւ մի շարք պետություններ աշխարհում ունեն այդպիսի տոներ: Օրինակ, Ռուսաստանն այդ տոնը նշում է նոյեմբերի 4-ին, նման տոն ունեն Գերմանիան, Տաջիկստանը, Իտալիան, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Հունգարիան, Լատվիան, Լիտվիան, Ռումինիան (ի դեպ, դեկտեմբերի 1-ին), Ուկրաինան եւ մի շարք այլ պետություններ: Սակայն, մեզ`  հայերիս համար, ազգային միասնությունը եղել է դարերի ընթացքում պահանջված մի հոգեվիճակ, մենք միշտ բողոքել ենք, անգամ միջին դարերում, որ ունենք ազգային միասնության պակաս: Մեր իշխանները դուրս են եկել մեր թագավորների դեմ, միմյանց դեմ, հռչակել են ինչ-որ անկախություններ եւ, ի վերջո, կործանվել է Մեծ Հայք ունենալու գաղափարը, երազանքը: Եվ այսօրվա բարդագույն, ծայրաստիճան լարված միջազգային իրավիճակում, երբ տեսնում ենք, որ  սառը պատերազմից անցում է կատարվում դեպի իսկապես պատերազմական իրավիճակի, երբ Ադրբեջանն արդեն այնքան է լկտիացել, որ հարվածում է մեր ուղղաթիռին, մենք պետք է հասկանանք, որ պիտի ունենանք նաեւ ներքին միասնություն:

Մենք պետք է ունենանք ներքին միասնական արժեհամակարգ, դա նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ փորձում են մեր արժեհամակարգը ոտնակոխ անել, այսինքն` ներմուծում են արհետստական ու այլասերված բարքեր: Եվ պարզ պետք է ասել` Արեւմուտքից են ներմուծում ու դրանք վերաբերում են, ասենք, մեր ավանդական ընտանիքներին, սերունդների ավանդական փոխհարաբերություններին, ավանդական պատկերացումներին՝ թե ինչն է լավ, ինչն է վատ: Այդ ավանդույթների ոտնակոխ անելը, յուվենալ օրենսդրություն մտցնելու, ընտանիքի ներքին գործերին խառնվելու փորձերը, աղանդների առաջընթացը Հայաստանում, տարբեր սեռական փոքրամասնությունների ակտիվ, ագրեսիվ ու լկտի պահվածքը ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Եվ այս ամենն ուղված է էլի մեր ազգային միասնության դեմ, մեր միասնական նպատակների դեմ եւ հենց այդ առումով մենք առաջարկում ենք եւ հույս ունենք, որ այստեղ նստած շատ հարգարժան մարդիկ` կուսակցությունների ղեկավարներ, ակադեմիկոսներ, մեծ գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, երիտասարդներ, կմիանան այս առաջարկին` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ»:

Հավելենք, որ գիտաժողովին զեկույցներով հանդես եկան  նաեւ ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ  ՄԱՆԱՍՅԱՆԸ:  Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Գիտաժողովին ներկա էին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿՅԱՆԸ, ՍԴ անդամ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ, ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆԸ, ԿԳՆ լեզվի տեսչության պետ, բ. գ. դ. ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀԿ անդամներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում