livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

alt«Իրավունքը» տարեվերջյան բացառիկ հարցազրույց ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: Արտաքին ու ներքին քաղաքական, նախատոնական ու ընտանեկան հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր անկեղծ ու բովանդակ զրույցը:

«ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է 270 ՕՐԵՆՔ»

 -Պարոն Սահակյան, քանի որ այս տարվա 4 եղանակները, մասնավորապես` աշունն այդքան քաղաքականացվեց, նախ ամփոփենք տարին` ըստ եղանակների:

- Եղանակներ արտահայտությունը, կարծում եմ, հայկական քաղաքական դաշտի «ձեռբերումն է»: Քաղաքականությունը եղանակներ չի ունենում, դա շարունակական գործընթաց է, անընդհատ աշխատանք: Իսկ քաղաքական գործիչների համար նաեւ հանգստյան օրեր չեն լինում:

2014 թվականը կարծում եմ` բավականին ակտիվ տարի էր` որոշակի քաղաքական հարցադրումների, վերլուծությունների, գնահատականների: Դա արտահայտվեց ե՛ւ քաղաքական ընդդիմադիր ուժերի, ե՛ւ նաեւ իշխանական ուժերի կողմից: Այս տարի խորհրդարանը բավականին հագեցած օրակարգով աշխատեց, առավել եւս պետք է ասեմ, որ մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովն ընդունել է 270 օրենք, որը նախորդ տարիների համեմատ բավականին շատ է: Դա, ըստ էության, իհարկե, կապված էր նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ տարվող օրենսդրական եւ նախաձեռնողական աշխատանքների հետ: Ի դեպ, բավականին ակտիվ էին նաեւ քաղաքական թիմերը, եւ խորհրդարանը կարողացավ իր հիմնական լիազորություններն իրականանցնել` ոչ միայն օրենքների մշակման, ընդունման հետ կապված, այլեւ քաղաքական տեսակետների արտահայտման հարցում: Ի վերջո, խորհրդարանի առաջին կարեւորագույն գործոնն է` երկրում կայունության պահպանումը:

 - Այդքան խոսվեց քաղաքական երկխոսության մասին, որքանո՞վ այն հաջողվեց իրականացնել 2014-ին:

- Երբեմն-երբեմն խոսակցություններ էին գնում, որ երկխոսության գործընթացի միջոցով պետք է փորձել խնդիրներ լուծել` չմտածելով, որ խորհրդարանը ամենօրյա երկխոսության մեջ է` ե՛ւ լիագումար նիստերի ընթացքում, ե՛ւ ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ, նաեւ սովորական աշխատանքային գործընթացում: Սա ես դրական եմ համարում, որովհետեւ այսպես, թե այնպես երբեմն բեւեռված հակադարձ կարծիքների պայմաններում պատգամավորների փոխհարաբերությունները շատ կայուն վիճակում են գտնվում:

 - Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայրենի խորհրդարանի աշխատանքը` միջազգային հարթակներում:

- Ինչպես վերջին տարիներին, այնպես էլ 2014 թվականին, բավականին լուրջ աշխատեցին թե՛ բարեկամական խմբերը, թե՛ պատվիրակությունները: Մասնավորապես, վերջին շրջանում պատգամավորների փոխադարձ այցերը ոչ թե ճանաչողական էին, այլ կոնկրետ խնդիրներին էր վերաբերում: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ մեր պատգամավորներից շատերը բավականին լավ տեղեկացված են այն երկրներից, որոնք ընդգրկված են բարեկամական խմբերում եւ կարողանում են ինֆորմացիայի եւ գործընթացների վերլուծությունների շնորհիվ` այն բոլոր խնդիրները, որոնք կապված են Հայաստանի դիվանագիտական գործառույթների հետ, ներկայացնել միջազգային հանրությանը: Առավել եւս, բավականին ծանրակշիռ էր խորհրդարանի դերը` Եվրամիության հետ փոխհարաբերությունների կարգավորման, ամրացման գործում: Վերջին հաշվով աշխարհը հասկացավ, մասնավորապես` Եվրոպան, որ Հայաստանն իրեն տեսնում է Եվրատնտեսական միության կազմում` նախեւառաջ ելնելով իր անվտանգության խնդիրներից: Այսօր եվրոպացիները, կարծում եմ, ընդունում են մեր այս տեսակետը, եւ հաջորդ տարում բավականին լուրջ ծրագրեր կիրագործվեն` նաեւ եվրոպական պետություննների հետ կամ, այսպես ասած, Եվրամիության հետ համատեղ:

 «ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ ԱՎԱԳՆԵՐԸ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱՆ»

 -Կրկին վերադառնալով տարվա քաղաքական զարգացումներին` անդրադառնանք նաեւ գարնանը տեղի ունեցած կառավարության փոփոխություններին: Ըստ էության, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի շատ ուշադրություն էր դարձնում նոր տեխնոլոգիաների, բանկային համակարգի զարգացմանը, իսկ նորանշանակ վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, ուշիուշով հետեւում է արդյունաբերության, տնտեսության զարգացմանը: Այս առումով ո՞ր ճանապարհը մեր ժողովրդին կտանի դեպի ապահով Հայաստան:

- Ես դա չեմ համարում փոփոխություն, որովհետեւ նույն քաղաքական թիմն իր հարցադրումներն ունի, եւ վարչապետների աշխատանքը գնահատելիս` չի՛ կարելի անձնային որակների համեմատություն անել: Տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ են առաջանում կառավարության առջեւ, եւ այնպես չէ, որ նախորդ ժամանակաշրջանի խնդիրներն այսօր էլ կան, եւ ճիշտ հակառակը: Այնպես որ, երկու ճանապարհն էլ մեզ համար ընդունելի է, բայց այսօրվա իրավիճակում, երբ միջազգային հարաբերությունները բավականին լուրջ տեսք են ստանում` կապված ուկրաինական դեպքերի, մեր տարածաշրջանում տիրող խնդիրների հետ, բնականաբար, կառավարությունը պիտի օրվա խնդիրներին օպերատիվ ձեւով լուծումներ տա: Այսինքն` ժամանակաշրջանն ինքն է իր այցետոմսը տալիս, թե ինչպես պիտի աշխատել: Այսօր նորից շարունակվում է նույն գործընթացը` ե՛ւ կրթական ծրագրերի, ե՛ւ բարձր տեխնոլոգիաների առումով, միեւնույն ժամանակ,  կառավարությունը արագությամբ հետամուտ է լինում առաջիկա կամ օրվա խնդիրներին, ինչը ես դրական եմ համարում:

- Ըստ Ձեզ, այս տարվա ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը որո՞նք էին:

- Գիտեք, ձախողումն ու ձեռքբերումը համարժեք են, զորակցելով` միասին ընթանում են առաջ. մեկ` առաջինն է գլուխ բարձրացնում, մեկ` մյուսը: Այսինքն` հակադրությունների մեխանիզմը ծնում է զարգացումներ: Չի կարող պատահել միանշանակ դրական կամ միանշանակ ձախողված գործողություններ: Չէ՞ որ կյանքը հակասությունների արդյունք է: Եվ եթե կարողանում ես ձախողումը նկատել, եւ նաեւ դրական աշխատանքներ կան, սա արդեն ծնունդն է նորի: Oրինակ, մեկը կասի, որ ձախողում էր ֆինանսական շուկայի վերջին մի քանի օրերի այսպիսի վիճակում հայտնվելը: Իսկ դրական առումով, կարող ենք հիշել օգոստոսյան եւ վերջին շրջանում սահմանին կատարվող դեպքերը, որի շնորհիվ  այսօր էլ որեւէ հայ չի խոսում, թե այս նոր սերունդը ի՞նչ սերունդ է` չի՛ հարգում մեծերին, ճիշտ ճանապարհով չի՛ գնում... Վերջին հաշվով, այս նոր սերունդը ռազմաճակատում ցույց տվեց, որ ամենաուժեղ սերունդն է: Սա աներկբա փաստ է, եւ որեւէ մեկը չի կարող այդ մասին դրական չասել, որովհետեւ ամբողջ աշխարհն է վանկարկում հայ ժողովրդի սխրանքների մասին, որը վերջապես տեսանելի է դառնում` նաեւ միջազգային հանրության առջեւ: Հաջողությունն այն էր, որ վերջապես ճանաչեցինք, որ սերունդ ունենք, որը պատրաստ է: Երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը` բանակը, կարողանում է դիմագրավել ցանկացած երեւույթների: էլ չպիտի ասել, թե դպրոցը վատն է, մեր երեխաները փողոցներում են, սրճարաններում են, ինչո՞ւ են կարճ հագնվում եւ այլն, այլ նոր սերնդի առջեւ պիտի ավագները խոնարհումով հանդես գան եւ երբեք ու երբեք իրենց պիտի թույլ չտան հակադրությունների մեջ մտնել:

 «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՐ ՍԻՐԵՆ ԿԱՄ ՍԻՐԱՇԱՀԵՆ»

 -Քանի որ վերջին շրջանի ֆինանսական ճգնաժամին անդրադարձաք, հետաքրքիր է, թե ընդունո՞ւմ եք այն տարածված տեսակետը, որ այսպիսի իրավիճակի համար ոչ թե իրական պատճառներ կային, այլ որոշ մարդիկ պղտոր ջրում շահույթ էին ուզում որսալ:

- Դա էլ ազգային մենթալիտետ է: Շատ դեպքերում նրանք, ովքեր մասնագետներ չեն, ավելի մեծ կանխատեսումներ են անում, քան մասնագետները: Կարծում եմ` յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի: Բոլորն էլ կարող են կարծել, թե դա ինչ-որ մի բանի հետեւանք էր, չէ՞ որ չհավատացող մարդը միշտ առաջինը փորձում է չհավատալ որեւէ բանի: Ավելին` նույնիսկ գնում է հարսանիք, էլի չի հավատում այդ փաստին. հարսին է նայում, ապա` փեսային ու սկսվում է. մեկն ասում է` ախր, սրանք ինչի՞ պիտի ամուսնանային, մյուսը թե` հարսը գեշ է եւ այլն, այսինքն` սա մեր տեսակն է: Նախ` սկսում են վատ բան մտածել, հետո արդեն, երբ մի քիչ գինովանում են, ե՛ւ հարսն է սիրունանում, ե՛ւ փեսան: Այսպիսին էլ հասարակությունն է: Այստեղ կարեւորն այն էր, որ ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Կենտրոնական բանկը վերջապես միասնական հանդես եկան` խնդիրն ավելի տրամաբանորեն վերլուծելու առումով, ինչը դրական եմ համարում:

- Այնուամենայնիվ, հանրությունն իշխանություններից միշտ նույնն է ուզում` վստահություն: Արդյո՞ք այս ուղղությամբ քայլեր կատարվում են:

- Իշխանությունը պետության զսպող գործիք է: Իսկ զսպող գործիքը չի կարող բավարարել անմիջապես հասարակության բոլոր պահանջները: Չեմ կարծում, որ աշխարհում երբեւիցե մարդկության առաջացման սկզբից մինչեւ մեր օրերը որեւէ իշխանություն եղել է, որին ժողովուրդը սիրահարված լիներ: Ժողովուրդը պիտի քննադատի, որովհետեւ ժողովրդի ցանկություններն ավելի մեծ են, իսկ հնարավորությունները` քիչ: Իսկ իշխանություններն էլ պիտի եղած հնարավորություններն այնպես օգտագործեն, որպեսզի շատ քննադատելի չդառնան: Չկա "Ոսկե քաղաքի" պատմություն, չկան թագավորներ, որոնց սիրահարված է լինում ժողովուրդը: Բայց նաեւ նույն ժողովուրդը, երբ պատմականորեն առաջ է գնում, սկսում է հերոսացնել իր արմատներին, իր թագավորներին, իր պապերին: Այսպիսին է կյանքը:

 

«ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ 6 ՏԱՐԻ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՅԴ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԿ-ՆԵՐԸ, Ո՛Չ ՄԱՄՈՒԼԸ, Ո՛Չ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՉԷԻՆ ԼԻՆՈՒՄ»

 -Անդրադառնանք նաեւ ընդդիմությանը. ի վերջո, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ խորհրդարանի կողմից ընդունված դատապարտող հայտարարությունը արդյո՞ք իշխանության զիջումը չէր ընդդիմությանը` հաշվի առնելով, որ դրանից առաջ ավելի լուրջ դեպքեր են եղել, բայց նման հայտարարություններ չեն ընդունվել խորհրդարանի կողմից, մասնավորապես հիշենք, երբ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

- Հայտարարության հիմնական տեքստը քաղաքական մեծամասնության ուժն էր: Այսօր, երբ հիշեցիք Պարույր Հայրիկյանին, նշեմ ավելին` նա 6 տարի խոսում էր այդ դեպքերի մասին, բայց ո՛չ հասարակական կազմակերպությունները, ո՛չ մամուլը, ո՛չ միջազգային հանրությունն ականջալուր չէին լինում: Այսօր, երբ որեւէ քաղաքացու մատը փուշ է մտնում, ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հասարակությունը խառնվում է իրար, եւ դա ժողովրդավարության ուժն է: Սա այն չափանիշն է, որ մարդն իրեն անտեր պիտի չզգա, այլ միշտ պիտի զգա, որ եթե ինքը ճշմարտացի է, ուրեմն` իր թիկունքում զորավոր ուժ կլինի: Սա է ժամանակների տարբերությունը:

 - Բայց Պ. Հայրիկյանի դեպքից ընդամենը մեկ տարի է անցել, ու գրեթե նույնն են ոչ իշխանական ուժերը, որոնք այն ժամանակ, համենայն դեպս, բոյկոտների ճանապարհը չընտրեցին:

- Մեկ տարվա մեջ էլ շատ բան է փոխվում: Ի դեպ, ոչ իշխանական ուժերը ավելի շատ են մեկը մյուսին խանդով վերաբերվում, քան քաղաքական մեծամասնությունն իրենց նկատմամբ:

 

«ՄԵՐ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՆՈՐԻՑ ՄՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ»

 -Օրեր անց հրաժեշտ կտանք 2014-ին` դիմավորելով Նոր տարին, որոնք են լինելու 2015-ի առաջնային հարցադրումներն ու խնդիրները:

 - Մեր հարցերի հարցը նորից մնում է ղարաբաղյան թնջուկի լուծումը: Եվ նաեւ շատ կառուցողական, որոշակի խորությամբ նախապատրաստվում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արդեն իսկ 2014 թվականից սկսած, ողջ  պետությունը, մասնավորապես Ազգային ժողովը նախատեսել է այն միջոցառումների ցանկը, որոնք կարող են տեղի ունենալ: Միջազգային հանրությունը ապահովող շատ կառույցներ իրենց ծրագրված միջոցառումների մի մասը կիրականացնեն Հայաստանում, իսկ արդեն մարտ ամսին Եվրանեստի նիստը կկայանա մեզ մոտ` ՀՀ Ազգային ժողովում, որի շրջանակներում բազմաթիվ երկրներ եւ հյուրեր կընդունենք:

- Այդ թվում նաեւ Ադրբեջանի՞ց` որպես Եվրանեստի անդամ երկիր:

 - Եվրոպան ցավով է նշում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվում են գալ: Համենայնդեպս, ես համարում եմ, որ հրաժարվում են ոչ թե նրա համար, որ մեր երկրում վտանգներ կան իրենց համար, այլ հրաժարվում են մասնակցել, որովհետեւ հետո այդ ներկայացուցիչները մեծ վտանգներ կունենան իրենց իսկ երկրում: Ի դեպ, նշեմ նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի որոշակի նիստեր տեղի կունենան մեզ մոտ: Կունենանք 100-ից ավելի խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ապրիլի 22-24-ը տեղի ունեցող հիմնական միջոցառումներին: Այսինքն` 2014-ին բոլոր հիմքներն արդեն դրվեցին, եւ մենք  2015 թվականին պիտի կարողանանք մեր կարծիքը ամբողջովին ձեւավորված, խորությամբ, արդյունավետ ներկայացնել ամբողջ աշխարհին:

 - Ի՞նչ արդյունք եք ակնկալում 100-րդ տարելիցից:

- Կարծում եմ, որ արդյունքները շատ մեծ են լինելու, ոչ այն պատճառով, որ Թուրքիան Ցեղասպանությունը կընդունի, այլ եւս մեկ անգամ աշխարհը կտեղեկանա եւ իր կարծիքը կասի: Իսկ կարծիքներն այսօր էլ են արդեն հնչում, որ ցեղասպանությունն աշխարհի նկատմամբ հանցագործություն է, եւ դրա դատապարտումը, ընդունումը կկասեցնի շատ այլ բռնկումներ, ընդ որում` նաեւ հետագա ցեղասպանություններն աշխարհում: Այսինքն` այս պահին մենք գտնում ենք, որ ոչ թե Ցեղասպանության ընդունումը միայն Հայաստանին եւ հայերին է անհրաժեշտ, այլ ավելի շատ անհրաժեշտ է միջազգային հանրությանը եւ համայն մարդկությանը:

 - Ամփոփելով` ի՞նչ կմաղթեք տարեմուտին կանգնած քաղաքական գործիչներին ու մեր ժողովրդին:

- Պիտի ցանկանամ, որ 2015 թվականը, մանավանդ որ խորհրդանշական է այն մեզ համար, մեր անհաշտությունը այնքան առաջ չտանենք, որ հետեւանքներ ունենա: Մենք միշտ պետք է խուսափենք հետեւանքներից ու միշտ հիշենք, որ մենք դրսից երբեւիցե վտանգ չունենք` փոխհարաբերությունների առումով, որովհետեւ մեր փոխհարաբերություններն ավելի շատ սրվում են ներսում: Մենք բոլորս ավելի շատ փիլիսոփայում ենք եւ մեր փիլիսոփայության ճշմարտությանը ոչ մի զիջում չտալով` փորձում ենք դրանով որոշակիորեն պատկերներ ստեղծել: Նույնը նաեւ քաղաքական դաշտում է, եթե խոսում են քաղաքական գործիչները կամ թիմերը, սա այն արժեքն է, որտեղ փոխզիջումների մեխանիզմը պիտի գործի, եւ ողջ աշխարհում է այդպես:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 Հ.Գ.- Իսկ թե ինչպե՞ս է ՀՀ ԱԺ նախագահը պատրաստվում դիմավորել Ամանորը ու մի շարք այլ տոնական հարցերի շուրջ պարոն Սահակյանի հարցազրույցի շարունակությունը կներկայացնենք «Իրավունք» թերթի 2014 թվականի ամփոփիչ համարում:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում