livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԸնթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ամանորյա հարցազրույցն ու բարեմաղթանքը:

-Եթե Դուք լինեիք Ձմեռ պապիկի դերում, ապա ինչ կարեւոր 3 բան կնվիրեիք կամ կփոխեիք Հայաստանի համար:

 

- Չեմ կարող լինել Ձմեռ պապիկի դերում, քանի որ հիշում եմ դեռեւս 2000-ականներին, ոչ ոք չէր ցանկանում լինել այդ դերում, որովհետեւ երկրի գանձանակը դատարկ էր: Շատերն են ցանկանում Ձմեռ պապիկ լինել, բայց այդ խայտաբղետության մեջ ես չեմ կարող այդ դերում լինել: Ինչ վերաբերում է երկրի համար երեք ցանկություններին, ապա եթե մոտեցումները փիլիսոփայորեն ներկայացնեմ, նախ` մարդիկ պետք է իրար ոչ թե հարգեն, այլ պետք է սիրեն:

Բացի այդ, պետք է իրար հավատան, եւ հետո մարդը պետք է  հասկանա, որ ինքը ոչ թե թելադրող է, այլ կատարող, քանզի մեր հանրության մեծամասնությունն ավելի շատ թելադրող է, քան` կատարող: Հարեւանը հարեւանի հետ վեճի է բռնվում, մեկը մի բան է թելադրում, մյուսը` մեկ այլ բան:

"ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ԿԽՆԴՐԻ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ"

-Հավանաբար, ընդդիմությունը Ձմեռ պապիկից կխնդրի մարդաշատ հանրահավաքներ, իսկ իշխանությո՞ւնը:

- Չեմ կարծում, որ ընդդիմությունը առաջին հերթին մարդաշատ հանրահավաքներ կցանկանա, որովհետեւ ավելի գայթակղիչ բաներ կան, որ կցանկանային: Իսկ իշխանությունը կուզենար, որ երկրի համար կարեւորագույն հարցերը լուծող ընդդիմություն ունենար, որը գործի քաղաքական դաշտում եւ ոչ թե փորձի միայն հրամաններ (այդ թվում նաեւ այն 12 կետերը) արձակել` ասելով` մենք գրել ենք, դուք էլ կատարեք: Օրինակ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը, պայմանագիրը, ընդդիմադիրներ կային, որոնք շատ սուր էին խոսում: Բայց մի բանի վրա եմ զարմանում, եթե մի քաղաքական գործիչ 30 հոգի անգամ չունի, ապա դա ի՞նչ ընդդիմություն է: Իսկապես անհարմար էր ընդամենը 40 հոգով ԱԺ-ի դիմաց միտինգ անելը, որի ընթացքում ամեն մեկն իրեն լիդեր էր համարում: Ըստ սոցիոլոգիական կանխատեսումների` ասվում էր, որ` այո, մեզ մոտ մեծ հանրահավաքներ տեղի չեն ունենա, բայց միեւնույն ժամանակ ես չէի ցանկանա, որ հայերը հարթ ուղեղ ունենան եւ այդպես կառուցեն իրենց պայքարը եւ փորձեն առաջ գնալ: Այսինքն` ընդդիմությունը պետք է իր դերակատարումն ունենա: Իսկ այն, ինչ չի կատարում կամ չի արտահայտում իշխանությունը` հայտնի պատճառներով, ոչ թե վախենում է, այլ գոյություն ունեն դիվանագիտական քայլեր, որտեղ կա աշխատանքի բաժանում, որտեղից էլ հենց ընդդիմությունը բացակայում է: Նրանք ուզում են միայն գալ իշխանության` ասելով` գանք, մի անգամ էլ նախագահ ու նախարար դառնանք, հետո անպայման Սահմանադրությունը կփոխենք եւ այլն: Այսինքն` այլ գործիքներ` որպես այդպիսին, մեր պետության համար ընդդիմությունը չի օգտագործում, ինչը չեմ կարող ասել խորհրդարանական բարեկամական խմբերի համար, որտեղ իրենք լավ են կատարում իրենց աշխատանքը` հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ ահա մյուս պարագաներում միայն հանուն իմ աթոռի, հանուն իմ թիմը առաջ գնալու: Իհարկե, քաղաքական ուժը պետք է լծակներ ունենա, փորձի առաջ գնալ, բայց դա ոչ թե արվի` նսեմացնելով մեկ այլ քաղաքական ուժի: Ցանկանում են խարազանելով իշխանություններին` ցույց տալ, որ իրենք ավելի լավն են:

- Պարոն Սահակյան, չե՞ք կարծում, որ մեր ժողովուրդը մի տեսակ հոգնել է պայքարելուց:

- Դա նրանից է, որ մենք չունենք միջին խավ, իսկ երկրի ուժը միջին խավն է, մանր-միջին տնտեսվարողները, ովքեր ոչ կարող են իրենց ունեցվածքը թողնել հեռանալ, ոչ էլ կարող են հետները տանել: Մեր երկրից հիմնականում գնում են աղքատները եւ հարուստները: Քանի որ չունենք միջին խավ, իսկ մեր ներկայիս ընդդիմությունն էլ 10-15 տարի առաջ նստած է եղել այնտեղ, որտեղ հիմա մենք ենք նստած: Ելնելով դրանից` նրանք հանրությանը հիմա ներկայանում են հրեշտակի փետուրներով եւ այնքան սրտաճմլիկ են խոսում` ասելով, որ եթե իրենք գան, կփոխեն ամեն ինչ դեպի լավը: Բանն այն է, որ ես ճանաչում եմ բոլորին եւ գիտեմ, թե ով ինչ ֆինանսական միջոցների է տիրապետում, եւ ամենակեւորը` գիտեմ, թե ինչերի են ընդունակ, ինչեր են կատարվել անցյալում:

- Պարոն Սահակյան, տարվա ընթացքում, ԱԺ նիստերի ժամանակ բավականին շատ են կուլմինացիոն իրավիճակները: Այդ պարագայում ի՞նչն է Ձեզ օգնության հասնում, Ձեր հումո՞րը, թե՞ այն, որ 131 պատգամավորներին ճանաչում եք անձամբ:

- Քաղաքական սատիրան, բոլորի հետ անձնապես կապերը: Մի մասի հետ ունեմ ընկերական փոխհարաբերություններ, մի մասի հետ` ընկերական-քաղաքական, կամ զուտ  քաղաքական: Իսկ ամենակարեւորը գիտակցությունս է, եւ չի կարելի անտրամաբանական վիճակներ ստեղծել պետության ներսում: Չկա որեւէ պատգամավոր, որի հետ առնչություն չունենամ` շատ պարզ ու շիտակ: Ի դեպ, դա այս տարվանից չի սկսվել, այլ տարիների աշխատանք է: Բացի այդ, դա իմ բնավորությունն է: Իմ հայրը հայտնի մանկավարժ է եղել, դպրոցի տնօրեն, եւ մեր ամբողջ թաղամասը անհրաժեշտության դեպքում մեր դուռն էր ծեծում , իսկ 40-50-ական թվականները այդքան էլ առատ չէին: Մարդկանց օգնելու, աջակցելու բերկրանքը իմ մեջ արմատավորվել է դեռեւս մանկուց: Զուր չէ, որ ասում են, ում օգնում ես նա այնքան բավականություն չի ստանում, որքան այն մարդը, ով օգնում է:

ԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

-Չնայած Ձեր մանկության տարիները այդքան էլ լավ տարիներ չէին, այնուամենայնիվ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչեւ քանի՞ տարեկան է հավատացել Ձմեռ պապիկին, եւ ո՞ր նվերներն են տպավորվել:

- Ես մինչեւ հիմա էլ հավատում եմ Ձմեռ պապիկին եւ հավատացնում եմ նաեւ թոռնիկներիս: Հետաքրքիր մի բան եմ նկատել: Հայերս ունենք բավականին շատ ազգային տոներ, որոնք շատ համապարփակ են տոնում, բայց, չգիտես ինչու, Նոր տարվան նախապատրաստվում են բոլորը: Սուրբ ծննդյան տոներն էլ նոր-նոր են սկսել հասկանալ, որ պետք է նշվի: Երբ փոքր էի, Նոր տարին հիշում եմ բամբակե Ձմեռ պապիկով եւ այն ժամանակ, որ քիչ հանդիպող էր` մանդարինն էր: Տարին մեկ անգամ երեխաներով անհամբեր սպասում էինք սպիտակ Ձմեռ պապիկին ու մանդարինին: Իսկ երբ մեկը մյուսի տուն էր այցելում, պարտադիր թորած օղի կամ գինի էին վերցնում, այն էլ` անպայման թերթով փաթեթավորած:

- Ի վերջո, քաղաքական գերզբաղվածությունը Գալուստ Սահակյան պապիկին հնարավորություն տալի՞ս է նվեր պատրաստել իր թոռնիկների համար:

- Բնականաբար, արդեն քանի առավոտ է տիկնոջս դիմում եմ այդ հարցով, թե ում համար ինչ նվեր է պատրաստել: Կինս բավականին ճաշակով է եւ կարողանում է ընտրել ոչ թե արժեքավոր, թանկանոց նվեր, այլ տարիքին համապատասխան, կլանող մի բան: Ունեմ հինգ թոռնիկ, ուստի ամեն մեկին իր բնույթին բնորոշ մի խաղալիք պետք է նվիրենք:

- Որտե՞ղ է անցկացնելու ԱԺ նախագահը իր Նոր տարին, ո՞րն է Ձեր ամենանախընտրելի կենացը` այս օրերի հետ կապված:

- Ինչ խոսք, առաջին կենացով բնականաբար հիշում եմ մեր անցավորներին, բայց հիմնական կենացներն ուղղված են լինում ընտանիքին, ազգին, հայրենիքին, պետությանը: Սա ոչ թե այն պաշտոնական կենացն է, որը պետք է արտաբերել, այլ իմ որդիները եւս գիտեն, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Եթե ունես հզոր եւ ուժեղ պետություն, ապա ընտանիքդ էլ ապահով է: Կա մարդկային մեկ այլ տեսակ, որ մտածում է, ինչքան շատ ոսկի ունենամ, այնքան ընտանիքս ապահովված է: Բայց ինչքան ուզում ես ոսկի ունեցիր, եթե հայրենիքդ վտանգի մեջ է` ընտանիքդ ապահովված չէ:

- Պարոն Սահակյան, ի վերջո 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանը կարթնանա քաղաքական նոր գործընթացների մեջ, այսինքն` ԵՏՄ անդամ: Կարո՞ղ է սա հայ ժողովրդի համար մի նոր առավոտ լինել:

- Ես հիշում եմ անկախության առաջին տարիները, երբ ոմանք ասում էին, որ ջերմուկով կարող ենք ապրել, պետություն պահել: Ես չէի ցանկանա, որ հիմա ժողովուրդը կրկին այդպես մտածի: ԵՏՄ-ն մեծ հնարավորություն է տալիս` եթե աշխատես, ապա կապրես տարբերակով: Այսուհետ շատ բան կախված է մեզանից: Եթե կարողանանք արտադրանք տալ, ապա փառահեղ շուկա է բացվում մեր առջեւ, որից մենք միշտ խեղճ ենք եղել: Ես հիշում եմ, երբ մեր պետությունը անկախացավ, մարդիկ մտածեցին, որ կարող են այլեւս չաշխատել, եւ անգամ սկսեցին դաշտերը չմշակել, ինչի արդունքում շատ բան կորցրին:

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, հայ ժողովրդին` Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

- Հույսով եմ, որ քայլ առ քայլ մենք ավելի բարենպաստ պայմաններում պետք է ապրենք: Պարզապես, հորդորում եմ իմ ժողովրդին, որ չհիասթափվի: Ցանկացած խնդիրների լուծում` պայքարի ու լավ աշխատանքի հետեւանք է: Նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում կարողացել ենք հաղթահարել բարդ երեւույթներ եւ ի վիճակի ենք հաղթահարել առավել բարդերը: Այնպես որ, մեր երկիրը չի երերալու, ուժեղանալու է` հենց մեզնով, փոխադարձ պայմանավորվածություններով, աշխատանքով: Կցանկանայի, որ, այսպես թե այնպես, բոլորս մասնակից դառնանք մեր հարեւանի, բարեկամի, գյուղացու սեղանների ձեւավորմանը` Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ինչը ես արդեն սկսել եմ:

Շնորհավոր Ամանոր  եւ Սուրբ ծնունդ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում