altՄարտի 11-ին Հայաստանում բացվեց ֆրանսիական "Քարֆուր" ընկերության հիպերմարկետը, ինչը վաղուց էր մեծ իրարանցում առաջացրել հանրության շրջանում, քանի որ նախորդ տարվա վերջերից բուռն կերպով քննարկվում էր ընկերության հայտնվելը հայկական շուկայում: Ընդ որում` դրա շուրջ հիացական կարծիքները հաճախ հասնում էին այն աստիճանի, որից հետո մնում էր սպասել, թե "Քարֆուրն" իսկական հեղաշրջում է առաջ բերելու եթե ոչ հայաստանյան տնտեսությունում, ապա գոնե առեւտրային համակարգում:

Մի փոքր ավելի համեստ կարծիքները հուշում էին, որ հրաշք էլ չլինի, մեկ է` մյուսների համեմատ "Քարֆուրն" աննախադեպ էժան գներով է ապրանք առաջարկելու: Դե, այդ ամենից հետո սպառողներն էլ մեծ հույսեր ունեին, որ այնտեղից հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել գոնե առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները:

Ինչեւէ, "Քարֆուրը" մտավ Հայաստան: Արդեն կարծիք կազմելու համար բավարար ժամանակամիջոց է անցել, սակայն ինչ-որ արտառոց բան այդպես էլ տեղի չունեցավ: Ավելին. մինչ այս ոգեւորված, "Քարֆուրին" սպասողներից շատերի մոտ ոչ միայն մարեց այդ ոգեւորությունը, այլ նույնիսկ քիչ չեն քննադատական խոսքերը: Համենայնդեպս, ընդհանուր տպավորությունն այն է, որ չգիտես էլ ինչ պայմաններով Երեւանի կենտրոնում հարմարավետորեն տեղավորված "Քարֆուրը" գրեթե ոչնչով չի տարբերվում հայկական մյուս սուպերմարկետներից: Մի քիչ մեծ է միայն, սակայն տեսականու առումով անգամ մյուսներից առանձնապես չի տարբերվում: Եվ որ ամենակարեւորն է` գներն էլ հիմնականում, ինչպես ստուգեցինք հիպերմարկետ կատարած մեր վերջին այցի ժամանակ, գրեթե նույնն են: Էլ չասած, որ մի շարք ապրանքատեսակներ դեռ մի բան էլ թանկ են. օրինակ` ծովային մթերքները:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ "Զարուհու" հետ զրույցում փաստեց, որ "Քարֆուրի" հայտնվելը հայկական շուկայում դրական է, բայց միայն ապագայի տեսլականի մեջ, քանի որ ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայկական ապրանքատեսակներն արտահանել եւ տեղաբաշխել տարբեր երկրներում. "Ժամանակի ընթացքում մենք կհամոզվենք` այս գործընթացը դրակա՞ն է, թե` ոչ: Այս ընկերությունը հայտնել է նաեւ, որ դրսից ներմուծված ընդամենը 5 տոկոս ապրանք պետք է իրացվի Հայաստանում: Այս հանգամանքն էլ դրական միտում ունի: Մենք, որպես հանրություն, պետք է կարողանանք այս ընկերության առջեւ պահանջ դնել, որպեսզի նրանք մեր շատ ապրանքների արտադրության զարգացման համար ներդրումներ անեն: Օրինակ, եթե նրանք ցանկանում են Հայաստանից ծիրան արտահանել, ապա պետք է նպաստեն, որպեսզի մենք ավելի լավ ծիրան աճեցնենք: Իսկ դրա համար անհրաժեշտ են հատուկ տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ կկարողանանք որակյալ ծիրան արտահանել",- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Բայց այս լավատեսական հույսերով հանդերձ` մեր զրուցակիցը նույնպես փաստեց, որ հիպերմարկետում վաճառվող նույն ծովային մթերքները Ֆրանսիայում մի քանի անգամ ավելի էժան են, քան Հայաստանում, որի մասին անհրաժեշտ է իրազեկել նաեւ հանրությանը: "Ընդհանուր առմամբ, եթե հայ հասարակությունը չօգտվի "Քարֆուրից", ապա մենք գոնե կկարողանք այնպես անել, որ այս ընկերությունը մեր հայկական կոնյակը արտահանի Ֆրանսիա: Նպատակին հասնելու համար պետք է հետամուտ լինենք",- ընդգծեց Վ. Սաֆայանը:

Ինչպես այլ երկրներում, Հայաստանում եւս, տարբեր ընկերություններ բացվում են` ակնկալելով շահույթ: Այս դեպքում դժվար է կանխատեսել, որ ընկերության ապրանքները կարող են հայ սպառողի համար ավելի մատչելի լինել, եւ ըստ մեր զրուցակցի` առաջիկայում ընկերությունը իր գնային քաղաքականությամբ կփորձի ստանալ իր ներդրած գումարները. "Այս իմաստով ասել, որ "Քարֆուրը" գնային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ կանի հօգուտ հայ սպառողի, դժվար է: Նրանք գիտակցաբար չեն գնա իրենց ապրանքների էժանացման",- նկատեց պարոն Սաֆարյանը եւ ավելացրեց, որ Երեւան քաղաքում հայտնված բոլոր սուպերմարկետների տեղակայման վայրը պետք է այնպես պլանավորեին, որպեսզի դրանք չխանգարեին առեւտրային փոքր կենտրոնների գործունեությանը:

Թե Հայաստանի տնտեսության զարգացման եւ առաջընթացի համար ինչ դեր կունենա "Քարֆուր" ընկերությունը, ցույց կտա միայն ժամանակը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ