livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

 

HrazdanՀայաստանյան լրատվամիջոցներում արծարծվող թիվ 1 թեման այսօր, երեւի թե, "Հրազդան" մարզադաշտի շուրջ ծավալվող իրադարձություններն են: Ֆուտբոլասերներին իսկապես հետաքրքրում է 70-ական թվականներին, "Արարատի" հաջող ելույթներով պայմանավորված, հաղթանակի խորհրդանիշ դարձած մարզադաշտի ճակատագիրը: Ոմանք պարզապես ցանկանում են ՀՖՖ նախագահ-մարզադաշտի սեփականատեր լարվածության վրա յուղ լցնել, ոմանք էլ պարզապես զվարճանում են: Միանգամից ասենք, որ մեզ հետաքրքրում է "Հրազդանի", ընդհանրապես հայկական ֆուտբոլի ապագան:

Ինչպես տեղյակ է ընթերցողը, մարզադաշտի հարեւանությամբ ցանկանում են կառուցել առեւտրի կենտրոն, ինչի շուրջ էլ բորբոքվում են կրքերը, բողոքի ցույցեր, երթեր են կազմակերպվում... Բանը հասել է նրան, որ ՀՖՖ նախագահը առեւտրի կենտրոնի կառուցումը թույլ չտալու համար հայտարարեց. "Ես ամեն ինչ անելու եմ, մինչեւ էքսկավատորի տակ պառկելը": Դրան հետեւել էր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ արձագանքը. "Եթե մի բանում ճիշտ եմ, ես երբեք չեմ կարող հրաժարվել: Իսկ եթե պայքարի ձեւերի մասին են մտածում, ես պայքարի ձեւերը շատ լավ գիտեմ, քանի որ կամ նաեւ քաղաքականության մեջ եւ պատերազմի մասնակից եմ: Այնպես որ` թող իրենք իրենց պայքարով ինձ չվախեցնեն":

Նա նաեւ պնդել է, որ տոնավաճառը մարզադաշտի ծախսերը հոգալու միակ ճանապարհն է, իսկ ինքը հետեւում է խոտածածկի որակին. "Բնականաբար, մենք, սա կառուցելով (նկատի ունի առեւտրի կենտրոնը.- Ռ.Թ.), սոցիալական խնդրի առաջ ենք կանգնած: Մենք փորձում ենք մարդկանց, որոնք ընտանիք են պահում, աշխատում են, տեղավորել ավելի հարմարավետ շենքում":

Երեկ էլ "168 Ժամ" թերթին տված հարցազրույցում ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ նշել է. "Մենք կոմունիստական ժամանակաշրջանից այդ մարզադաշտը նվեր ենք ստացել եւ պարտավոր ենք այն պահպանել: Այդ խնդիրը չպետք է անձնավորել, կուսակցականացնել, եւ ընդհանրապես այն քննարկման առարկա չպետք է դառնա, որովհետեւ այդ մարզադաշտը հանրային սեփականություն է": Ապա նա հավելել է. "Որեւէ մեկը` իր անձնական շահի կամ մեկ այլ նպատակով, իրավունք չունի ոտնձգություն կատարելու ամբողջ հանրապետության տարածքում գտնվող սպորտային որեւէ կառույցի նկատմամբ":

ՀՖՖ նախագահը պատասխանել է նաեւ իր եւ մարզադաշտի սեփականատիրոջ հարաբերություններին վերաբերող հարցին. "Ես եւ Աշոտ Աղաբաբյանը կուսակցական ընկերներ ենք, մեր միջեւ որեւէ խնդիր չի կարող լինել: Պարզապես ես ասում եմ, որ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն արգելում են նման կառույցների կողքին, մոտ տարածություններում այդպիսի շինությունների առկայությունը: Անվտանգության, էվակուացիոն մուտքերը փակ լինելու պարագայում այդ կազմակերպություններն արգելում են մարզադաշտերի գործունեությունը... Իսկ եթե մարզադաշտը չպետք է ծառայի ֆուտբոլի համար, ապա մենք ի՞նչ պետք է անենք: Ուրիշ ելք չունենք, մենք չենք կարող մեկ այլ մարզադաշտում խաղալ... Այնտեղ փոքրածավալ աշխատանքներ կատարելու դեպքում որեւէ վտանգ չի լինի: Խնդիրը խոտածածկն է, որը միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, լուսավորության խնդիր կա, որը նույնպես լուծելի է, եւ ես 2-3 ամսվա ընթացքում այդ բոլոր խնդիրները կլուծեմ: Միակ խնդիրը այսօր այնտեղ գործող տոնավաճառն է: Աստված ոչ անի, եթե հանկարծ մարզադաշտում որեւէ դեպք տեղի ունենա, 38.000 մարդ միայն այն տարածքով պետք է տարհանվի: Այնտեղ երբեք ավտոկանգառ չի եղել, դրանք տարհանման մուտքեր են եղել: Թող մասնագետները, ճարտարապետներն ասեն, ես ոչինչ չեմ հնարում: Այսօր ես ի պաշտոնե իրավունք չունեմ լռելու, ձայն չբարձրացնելու, քանի որ ես ՀՖՖ նախագահն եմ: Լռելու դեպքում` սերունդներն առաջին հերթին ինձ են դատապարտելու": ՀՖՖ նախագահը բերում է Ուկրաինայի օրինակը, որտեղ երկրի նախկին նախագահ Յուշչենկոյի որդին Կիեւի մարզադաշտի կողքին սկսել էր առեւտրի կենտրոն կառուցել, 4 հարկն արդեն կառուցել էր, բայց ՖԻՖԱ-ն գնացել, այդ կառույցը քանդել ու ասֆալտապատել է:

Նա նաեւ ավելորդ է համարում Ա. Աղաբաբյանի մտավախությունը, որ պետությունը ցանկանում է իրենից ետ վերցնել մարզադաշտը. "Ոչ ոք իրենից չի ցանկանում հետ վերցնել այն եւ ոչ ոք բարոյական իրավունք չունի Ա. Աղաբաբյանից այն վերցնելու, քանի որ այն իր սեփականությունն է: Ես ընդհանրապես դեմ եմ ցանկացած տեսակի սեփականություն հետ վերցնելուն: Այլ բան է, եթե Ա. Աղաբաբյանն ուզում է հետ հանձնել պետությանը: Թող տանի` հանձնի: Ավելին` թող այն մնա որպես Ա. Աղաբաբյանի սեփականություն, ես խոստանում եմ 5 տարվա ընթացքում 15 մլն դոլարի ներդրում կատարել մարզադաշտում, Ա. Աղաբաբյանի սեփականության վրա` պայմանով, որ Հայաստանի հավաքականն իր բոլոր խաղերը պետք է խաղա "Հրազդան" մարզադաշտում, եւ պետք է տիրություն անի մարզադաշտին":

Իսկ այժմ ներկայացնենք մարզադաշտի սեփականաշնորհման վերաբերյալ փաստաթուղթը, որը մեր խնդրանքով տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը. "ՙՀրազդան մարզահամալիր" ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված "Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն" ՓԲԸ-ին մասնավորեցված գույքի վերաբերյալ.

"Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք, եթե այդ գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մասը չէ:

Հիմք ընդունելով "Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին" ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի "Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն" փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը մասնավորեցնելու մասին" N1333-Ն որոշումը, 2004 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության եւ "Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն" ՓԲԸ-ի միջեւ կնքվել է մասնավորեցման թիվ 714-ՈՒ պայմանագիրը, համաձայն որի` գնորդը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: Հարկ է նշել, որ գնորդի կողմից սահմանված ժամկետում կատարված ներդրումների չափը կազմել է 2.179. 800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Hrazdan1Միաժամանակ տեղեկացնում ենք, որ "Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին" ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` "Մասնավորեցման ընթացքում եւ հետեւանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության": Իհարկե, բնական հարց է ծագում` ո՞րն է եղել նման կարեւոր մարզակառույցի սեփականաշնորհման նպատակը, եւ արդյոք դրանից շահե՞լ են մարզադաշտը, հայկական ֆուտբոլն ընդհանրապես: Չնայած փաստաթղթում նշված է, որ ներդրումները կատարվել եւ նույնիսկ գերակատարվել են, սակայն, եթե մարզադաշտն այսօր միջազգային չափանիշներին չի համապատասխանում, ո՞ւմ են պետք այդ ներդրումները:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է վերոնշյալ լրատվամիջոցը, "Հրազդան" մարզադաշտի հարակից տարածքը նոր սեփականատերեր ունի. "Աշոտ Աղաբաբյանն այդ տարածքը վաճառել է նորակառույց շենքերի կառուցմամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ա. Աղաբաբյանի, Ա. Գեւորգյանի եւ Ս. Մայրապետյանի միջեւ վաճառքի պայմանավորվածություն արդեն իսկ կայացվել է` պայմանով, որ գործարքը վերջնական ձեւակերպում կստանա միայն այն դեպքում, երբ Ա. Աղաբաբյանին հաջողվի ստանալ այնտեղ առեւտրի կենտրոն եւ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվությունը": Սամվել Մայրապետյանը հերքել է այս տեղեկությունները` համարելով դրանք "անհեթեթ խոսակցություններ, հեքիաթ":

Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է ցանկանում կառուցել "Հրազդան" մարզադաշտի հարակից տարածքում, սակայն մի բան պարզից էլ պարզ է. հարկավոր է փրկել, ինչպես վերեւում նշեցինք, հաղթանակների խորհրդանիշ մարզադաշտը կործանումից:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում