livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altXXI դարի համաշխարհային հիմնախնդրի` թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հիմնական ուղղություններն այսօր ձեռք են բերել հատուկ նշանակություն: Այս հիմնախնդրով զբաղվող տարբեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տասից ավելի անգամ:

Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200 000-ը մահանում է: Իսկ թե Հայաստանում հիմնականում ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված, ի՞նչն է նպաստում թմրամոլության տարածվածությանը, եւ առհասարակ`թմրանյութ օգտագործողների տարիքային ի՞նչ միտում է նկատվում, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն ԱՍՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Համեմատած նախորդ տարիների` Հայաստանում թմրամոլության աճի՞, թե նվազման միտում է նկատվում:

- Ինչպես ամբողջ աշխարհում`թմրամոլությունը վերջին շրջանում լայն տարածվածություն է գտել նաեւ Հայաստանում: Մեր ազգաբնակչության մի մեծ զանգված ապրում եւ աշխատում է դրսում, որտեղից էլ իրենց հետ բերում են: Մեծ քանակությամբ թմրադեղեր գալիս են Ֆրանսիայից: Պարսիկներն, օրինակ, չեն օգտագործում թմրադեղեր, բայց ակտիվ զբաղվում են այդ բիզնեսով: Այդ ամենի արդյունքում էլ, Հայաստանում թմրամոլությունը երիտասարդանում է: Համեմատած նախորդ տարիների` շուրջ քառասուն տոկոսով տարեկան աճ ենք նկատում: Վիճակն առավել ծանր է նրանով, որ թմրամոլների մեծ` հիմնական մասը երիտասարդներ են: Օրինակ`2013 թվականին հաշվառված թմրամոլների թիվը եղել է 4922, որից 3478-ը 28-49 տարեկաններն են: 2014 թվականին հաշվառված 5357 թմրամոլների մոտ երիտասարդներն ունեն նույն հարաբերությունը: Ընդ որում`աճել է նաեւ ներերակային թմրանյութ օգտագործողների, այլ կերպ ասած` ափիոնային թմրամոլների թիվը: Այս պահին կլինիկայում բուժվում է շուրջ հիսուն հիվանդ, իսկ 270 հիվանդ ստանում են փոխարինող բուժում:

"ԱՃԵԼ Է ԱՓԻՈՆԱՅԻՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ"

-Ո՞ր թմրամիջոցների տեսակներն են առավել շատ գործածվում Հայաստանում:

- Հայաստանում ամենատարածվածը կանաբինոլիդային թմրամոլությունն է (մարիխուանա): Երկրորդ տեղը զբաղեցնում է ափիոնային թմրադեղերից դեզոմորֆինը, որը թմրամոլների շրջանում հայտնի է "կրակադիլ" անվամբ: Հիմա արդեն Հայաստանում մեծ տարածում է ստանում  նաեւ "սպայսը": Այն ավելի շատ տարածված էր ՌԴ-ում, սակայն կարճ ժամանակահատվածում հասավ մեզ: Հայաստանում բոլոր թմրամիջոցներն արգելված են, բացի  "սպայսից", որը ներառված չի թմրամիջոցների ցանկում: Սակայն այն շատ վտանգավոր է եւ մահաբեր ազդեցություն է ունենում: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ դրա օգտագործումը մահվան չի հանգեցնում, ապա գրեթե միշտ փսիխոտիկ խանգարումներ են առաջանում` մարդիկ դառնում են հոգեկան հիվանդներ:

Սակայն այսօր Հայաստանում առավել արդիական խնդիր է դեզոմորֆինի գործածումը: Այդ ներերակային թմրամիջոցը ստանում են դեղատներից վաճառվող կոդեին պարունակող դեղահաբերից: Թմրամոլությունը, առհասարակ, ամբողջական օրգանիզմը թունավորող հիվանդություն է: Իսկ դեզոմորֆինի գործածումը հիմնականում հարվածում է ոսկրային, մկանային, նյարդային համակարգին: Այլ խոսքով`մարդիկ դառնում են ոչ միայն հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական հաշմանդամներ: Մինչդեռ, եթե հաշվի առնենք, որ եթե մարիխուանա տեսակի թմրամիջոցը մեկ-երկու անգամ գործածելուց հետո ֆիզիկական կախվածություն չի ձեւավորվում, ապա ներերակային թմրամիջոց օգտագործողների մոտ կախվածությունը գրեթե անխուսափելի է. ափիոնային թմրամիջոցի անգամ մեկ-երկու ներարկումից հետո մարդը դառնում է թմրանյութի գերին: Այսինքն`հետագայում հիմնականում չեն կարողանում հետ կանգնել այդ չարիքից: Չմոռանանք նաեւ, որ ներերակային թմրամիջոց օգտագործողները նպաստում են վիրուսային հիվանդությունների տարածվածությանը` ՄԻԱՎԸ, ՀԵՊԱՏԻՏ Բ, ՀԵՊԱՏԻՏ Ց: Վիրուսների տարածվածությունը մեծանում է նաեւ շջապատում, որովհետեւ կա հետեւյալ բանաձեւը` յուրաքանչյուր թմրամոլ վարակում է վեցից ութ անձի:

ԹՄՐԱՄՈԼ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԹԻՎՆ ԷԼ Է ԱՃՈՒՄ

-Թմրամոլների մեծ մասը տղամարդի՞կ են, թե կանայք:

- Հիմնական զանգվածը տղամարդիկ են, չնայած վերջին տարիներին արդեն կանանց թիվն էլ է մտահոգիչ դառնում: Կանանց շրջանում, ընդ որում`հիմնականում երիտասարդ տարիքի, գերակշռում են ներերակային թմրամիջոցի օգտագործողները:

Ավելին` թմրամոլությունը մեծ տարածում ունի նաեւ դեռահասների շրջանում: Մեզ մոտ այժմ երեք անչափահաս է հաշվառված, շատերն էլ անանուն են:

Շատ է խոսվում, որ թմրամոլության աճին նպաստում են սոցիալական ծանր պայմանները: Սակայն թույլ տվեք չհամաձայնել այդ տեսակետների հետ, քանի որ հենց սոցիալապես ապահովված մարդիկ են հիմնականում օգտագործում թմրադեղեր:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում