altԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ:

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: 
Ընտանիքը մեզանում կարեւորվում է ոչ թե ձեւի, այլ բովանդակության, էության եւ նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է եւ մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել:

 

Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող, ուստի եւ կարողանում ենք հաջողությամբ համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը՝ ընտանիքը մշտապես համարելով եւ ընդունելով ազգապահպանության կարեւորագույն գործոն: Նրա առաքելությունը առանձնահատուկ է եղել ինչպես մեր պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, որն առավելագույնս է արժեւորվում ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության կողմից, որովհետեւ որքան շատ լինեն երջանիկ, ներդաշնակ եւ բարեկեցիկ ընտանիքները, այնքան ուժեղ կլինեն պետությունն ու հասարակությունը:Սիրելի հայրենակիցներ, այս լուսավոր տոնը վերստին հաստատում եւ ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում, մասնավորապես, սեր հայրենիքի եւ հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն, սրտաբացություն:

Ընտանիքի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, հատկապես բազմանդամ ընտանիքներին եւ այն օջախներին, որտեղ գորովանքի եւ հոգատարության մթնոլորտում որդեգրված երեխաներ են մեծանում: Անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն համերաշխությունը, փոխըմբռնումը եւ սերը»: