alt2015թ. մայիսի 5-ին Ֆրեզնոյում գտնվող Վիլյամ Սարոյանի աճուրդի հանված տունը վաճառվել է 162 հազար դոլարով:

Հայտնի է դարձել, որ տունը գնել է մի ամերիկացի: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի խոսքով` տունը պահպանվելու է որպես թանգարան:

«Մենք տարբեր երկրներում բախվել ենք նման խնդրի, որ հայ մշակութային գործիչների տները գնում են, սակայն նորից պահպանում են որպես թանգարաններ: Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում գնել է մի ամերիկացի, որը պահպանելու է տունը որպես թանգարան, սակայն, առաջիկայում իմ այցի ժամանակ ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք կբերեմ այդ ամենի մասին»,-ասաց նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչու մշակույթի նախարարությունը քայլեր չի ձեռնարկել այն ձեռք բերելու ուղղությամբ, նախարարը արձագանքեց, որ նախարարությունը նման ռեսուրսներ չունի եւ նման գործունեությամբ չի զբաղվում։

Ֆրեզնոյի տանը Վիլյամ Սարոյանը ապրել է 17 տարի: Սարոյանի մահից հետո տունն ունեցել է երեք սեփականատեր եւ մի շարք վարձակալներ: Տունը գրավի տակ է եղել սեփականատիրոջ պարտքերի պատճառով: