livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՄանկապատանեկան կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երեւանում էր ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, սցենարիստ, "Երալաշ" մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար ԲՈՐԻՍ ԳՐԱՉԵՎՍԿԻՆ: "Զարուհու" հետ բացառիկ զրույցում Գրաչեւսկին ասաց, որ ժամանել է Երեւան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ցուցադրելու իր նոր` "Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա" ֆիլմը, որի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:


"ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, 
ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԿԱ"

- Բորիս Յուրեւիչ, ֆիլմի ցուցադրությունից ժամեր առաջ Դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

- Միայն մի բան կարող եմ ասել. ցավոտ թեմա է ինձ համար: Ահ ու սարսափ եմ զգում, երբ մի պահ մտովի պատկերացնում եմ այդ մարդկանց... Ինչեր կարող էին անել նրանք, եթե ողջ լինեին... Հայոց ցեղասպանության թանգարանում հուզմունքից կորցրել էի խոսելու ունակությունս` արցունքները խեղդում էին... Ոչինչ մոռանալ չես կարող: Դա այն վիշտն է, որ միշտ քեզ հետ է լինելու... Սակայն վրեժ լուծել էլ պետք չէ. ճանապարհին կարող ես կործանվել... 

Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմի դիտումն անցկացնել Երեւանում:

- "Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա" ֆիլմի հերոսներից մեկը հարցնում է մյուսին, թե ինչո՞ւ է որոշել ստեղծագործությունն անվանել "Տանտրայական սիմֆոնիա": Վերջինս պատասխանում է. "Իսկ, ինչո՞ւ ոչ...": Ձեր հարցին ես էլ այդպես կպատասխանեմ: Իսկ ինչո՞ւ ոչ... Երեւանում բարություն, ջերմություն կա, եւ ինձ շատ լավ են վերաբերվում: Եվ հետո, հայ հանդիսատեսի կարծիքը շատ կարեւոր էր ինձ համար` բանիմաց հանդիսատես է:

- Որքան գիտեմ, ֆիլմը ցուցադրել եք նաեւ Դոնեցկում: Ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք:

- Ե՛վ Դոնեցկում, ե՛ւ Լուգանսկում ֆիլմը շատ լավ ընդունվեց: Այնտեղ ֆիլմի մասին շատ էին խոսում: 


"ԷՐՈՏԻԿ ՏԵՍԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆՉԵՑԻՆ"

- Փաստորեն, ֆիլմը դեռ մեծ էկրան չի բարձրացել Ռուսաստանում:

- Ոչ, առայժմ, միայն դիտումներ են եղել: Ինչպես ասացի, ինձ համար հետաքրքիր է կարծիքներ լսելը. ֆիլմի ստեղծագործական կազմի, մտերիմ մարդկանց խոսքը օբյեկտիվ չեն կարող լինել: Օրինակ` դիտումներից մեկի ժամանակ ինձ համար անսպասելի էր, երբ էրոտիկ տեսարանի ժամանակ ծափահարություններ հնչեցին: 

- Որքան հասկացա, Ձեզ համար "Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա" ֆիլմը առանձնահատուկ է:

- Բավական երկար եմ սպասել ֆիլմի, այսպես ասած, լույս աշխարհ գալուն` մոտ տասը տարի: Երկար եմ տառապել տարիքային սիրո մասին պատմող ֆիլմի սցենարի վրա: Պահ եկավ, երբ իմ հորինած սցենարից շատ գոհ էի, սակայն ուրախությունս երկար չտեւեց. մի անգլիական ֆիլմ նայեցի, որտեղ ճիշտ նույնությամբ էին շարադրված դեպքերի հաջորդականությունը: Այդ ընթացքում կյանքից հեռացավ սցենարի համահեղինակը: Ստիպված եղա շարունակել գրել սցենարը…

"ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՂ ԹԵՄԱ Է..."

- Եվ ի՞նչ եղավ ... 

- Եվ… սկսեցի գումար հայթայթել` ֆիլմը նկարելու համար: Ինձ խոստացան գումար, բայց միայն այն պայմանով, որ ֆիլմը պետք է չորս մասից լինի, եւ հետո այդ մարդիկ անհետացան: 

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիք նկարել ֆիլմ` տարիքային սիրո մասին:  

- Չգիտեմ… Հանրության համար մի փոքր նյարդայնացնող թեմա է, այդ տարիքային սեր ասվածը: Ես ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ այդ սիրուն... 


"ԱՅՆՔԱՆ "ԿՌԿՌԱՑԻ"` ԳԼԽԻՍ ԵԿԱՎ..."

- Ձեր մասին պատմող դրվագներ կա՞ն այդ ֆիլմում:

- Ո՛չ, ինքնակենսագրական դրվագներ չկան: Իհարկե, որոշ բաներ, ինչպես ասում են, այնքան "կռկռացի"` գլխիս եկավ...

- Կպատմե՞ք...

- …Շատ են ասել, որ դերասան Անդրեյ Իլյինը, ով ֆիլմի գլխավոր հերոսն է, արտաքնապես շատ է նման ինձ: Ես այդ կարծիքին չեմ: Նա գեղեցիկ տղամարդ է, իսկ ես` ոչ… Ի դեպ, մինչ Իլյինի գալը, երկու դերասանի ստիպված եղա փոխել:  Պետք է ասեմ, որ նաեւ շատ պատահական գտա ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Նկարահանումների մեկնարկին երեք օր էր մնացել...

"ԱՄԵՆ ԻՆՉ ԿՐԿԻՆ ՏԱԿՆ ՈՒ ՎՐԱ ԵՂԱՎ..."

- Որտեղի՞ց գտաք: 

- Իրականում այլ դերասանուհու էինք նախատեսել, սակայն նա այլ ֆիլմում առաջարկ ստացավ եւ նախընտրեց մյուսը… Ամեն ինչ կրկին տակն ու վրա եղավ... Ֆիլմի էպիզոդիկ դերի համար ընտրված դերասանուհին, ով վաճառողուհու դեր էր խաղում ֆիլմի հեռուստատեսային տարբերակում, խնդրեց փորձել իրեն` գլխավոր հերոսուհու դերում: Զարմանալի աղջիկ… Շատ արագ սովորեց տեքստը: Առաջին իսկ փորձից այնպես խաղաց, որ արժանացավ բոլորի հավանությանը:

- Նա, որքան գիտեմ, պրոֆեսիոնալ դերասանուհի է:

- Այո, երիտասարդ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով մինչ այդ նկարահանվել է մի ֆիլմում, որն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ եթեր չի գնացել եւ մեկ կարճամետրաժ ֆիլմում` պատերազմի մասին: Այստեղ նա գլխավոր դեր է խաղացել ու արժանացել Գրան պրի մրցանակի: Դերասանի կյանքում ամեն բան էլ պատահում է: Երբեմն ոչ նշանավոր սերիալային դերը կարող է մեծ ճանաչում բերել, դառնալ ժողովրդի սիրելին…

"ԳՐՈՂԸ ՏԱՆԻ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԱՅԴ ՖԻԼՄԵՐԸ..."

- Եվ վերջին հարցը, Ձեր նախորդ նմանատիպ ֆիլմն ի՞նչ ճակատագիր ունեցավ:

- Եթե նկատի ունեք "Կրիշա" ֆիլմը, ապա պետք է ասեմ, որ մինչ օրս այդ ֆիլմով ճամփորդում եմ: Եվ արդեն հաշիվն եմ կորցրել, թե քանի դույլ արցունք ու ծիծաղ է հավաքել այն: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե` գրողը տանի, ինչի՞ համար ես նկարում այդ ֆիլմերը, միեւնույն է, փող չեն բերում… Երեւի հենց այդ ծիծաղով ու արցունքներով լի դույլեր տանելու համար եմ նկարում: 

- Այս անգա՞մ էլ ծիծաղով ու արցունքներով լի դույլեր եք ակնկալում:

- (Ծիծաղում է.- հեղինակ): Ցանկությունս մեկն է եղել` պատմել կյանքից մի դրվագ, բայց ոչ իմ կյանքից: Երկու իրարից խիստ տարբեր մարդկանց մասին, նրանց սիրո. համաշխարհային մեծության կոմպոզիտորի եւ մի հասարակ աղջնակի:


Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում