livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

alt«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ ԻԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր: Իսկ հարցերը մասնավորապես վերաբերում էին տիկին Խաչատրյանի ղեկավարած բաժնի գործառույթներին եւ երեխաների իրավունքների պաշտպանության այսօրվա իրավիճակին:

ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ՉՈՒՆԻ ԾՆՈՂ ...

- Երեւի իմ թերացումն է, որ առաջին անգամ եմ լսում քաղաքապետարանի այս բաժնի մասին: Խնդրում եմ ասեք, թե մասնավորապես ինչով է զբաղվում այն (ԿԱՐԻՆԵ, ք Երեւան.):

- 2006 թվականից կառավարության որոշմամբ` գործում է բաժինը: Այն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների, ընտանիքների իրավունքների պաշտպանությունը: Դրանք այն ընտանիքներն են, որոնք սոցիալապես անապահով են կամ գտնվում են այնպիսի սահմանային գոտում եւ կարող են վաղը հայտնվել անապահովների շարքում: Այն ընտանիքները, որտեղ կան բռնություն, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած կամ վարքային խնդիրներ ունեցող երեխաներ: Մեր բաժնի գործառույթներից է նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերումը, հաշվառումը, մանկատներում, գիշերօթիկներում տեղավորումը եւ դուրսգրումը կենսաբանական ընտանիք: Ունենք նաեւ մի փոքրիկ գործառույթ, որով տրաֆիքինգի ենթարկված անձանց հայտնաբերելու դեպքում տեղեկատվությունը փոխանցում ենք Ոստիկանությանը կամ Սոցապնախարարությանը : Նման դեպք ունեցել ենք 2012-13 թթ.-ին, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

- Ինչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում Ձեր բաժինը, որ փողոցներում մուրացկան կամ ինչ-որ մարդկանց համար աշխատող փոքրիկներ չլինեն (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):

- Նախ ասեմ, որ դա ոստիկանության գործառույթն է: Սակայն համատեղ աշխատում ենք: Երբ ոստիկանությունը հայտնաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխա, բնականաբար, տեղեկացվում է նաեւ բաժինը, եւ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովին է փոխանցվում տեղեկատվությունը` ծնողների ծնողական իրավունքները սահմանափակելու, նույնիսկ` ծնողական իրավունքից զրկելու հարցը: Եթե ​​երեխան չունի ծնող կամ օրինական ներկայացուցիչ, որը խնամակալն է կամ հոգաբարձուն, ուրեմն` հայտնվում է մանկատանը: Բայց երեխային մանկատուն կարող է տեղավորել նույնպես խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը:

««ԳԵՆԴԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԳԵՏ ՄԱՍՍԱՅԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ Է»

- Վերջին շրջանում շատ է խոսվում ընտանեկան բռնությունների մասին, հատկապես, երիտասարդ ընտանիքներում: Կոնկրետ մայրաքաղաքում ինչ միտում եք տեսնում` նախորդ տարիների համեմատ (Ուսանողուհի ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան):

- Ընդհանրապես, բռնությունը կա բոլոր հասարակություններում` ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս պետություններում: Բայց միտումների վերաբերյալ վիճակագրություն չունենք, որովհետեւ բռնության դեպքում, եթե երեխայի կյանքին վտանգ է սպառնում, գործ է հարուցվում: Հետեւաբար, այդ նյութերն ինձ մոտ չկան, եւ ես դրանց վերաբերյալ չեմ կարող տեղեկատվություն տալ: Նշեմ, որ այս տարվա ընթացքում երկու դեպք ենք ունեցել, երբ երեխաները միմյանց հետ վիճել են, եւ ինչ-որ տեղ մի փոքր բռնության երեւույթ կար: Վերոնշյալ երկու դեպքն էլ նմանատիպ էր, ընդ որում, դրանցից մեկի մասին մեզ ահազանգ էր եկել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Մենք ունեինք ահազանգ, երբ մայրը խոչընդոտում էր, որ երեխան հասակակիցների հետ շփվի, եւ պնդում էր, որ ականջում ինչ-որ գաղտանլսող սարք կա: Եվ այդ խնդիրը հենց այս պահին էլ դրված է Աջափնյակ վարչական շրջանում խնամակալության հանձնաժողովի նիստին:

- Ունեք որեւէ տվյալ, թե վերջին ժամանակաշրջանում քանի կնոջ իրավունք է ոտնահարվել, որոնք դիմել են Ձեր բաժին (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ, ք Երեւան.)

- Հավանաբար, հարցը վերաբերում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը: Անկեղծ ասած, որովհետեւ որեւիցե մեկը մեզ չի դիմել, որ իր իրավունքները ոտնահարվել են: Կարող եմ նույնիսկ ասել, որ բաժնի ստեղծման օրից առ այսօր որեւիցե կին չի դիմել` ասելով, թե իր իրավունքները ոտնահարված են ու խնդրել մեր աջակցությունը: Եթե ոստիկանությանն էլ դիմում են, անմիջապես իրենց դիմումը հետ են վերցնում, որովհետեւ, օրինակ, բարեկամների կողմից դա ողջունելի քայլ չէ: Այս գենդերային հարցերը բավական լուրջ են: Նախ, չափորոշիչ չկա, թե որն է իրականում խտրականությունը, եւ որը` ոչ: Այս մասին վերջերս մի լավ միտք եմ լսել. «Դարեր առաջ, երբ մենք չգիտեինք ինչ բան է գենդերը, մեր կանայք իրականում ավելի պաշտպանված էին, քան այսօր»: Հայ ավանդական ընտանիքը միշտ էլ կնոջ դերը գնահատել է, միշտ էլ մեծարել է մեծ մայրիկներին: Ու չեմ կարծում, որ հիմա, երբ կա « գենդեր »հասկացություն, մեր կանայք ավելի ապահովված են կամ ավելի իրազեկված են: Սա ավելի շատ տգետ մասսայի համար ընտանիքի քայքայման աղբյուր է: Իրենք չեն էլ հասկանում այդ խտրականությունը որտեղ է ավարտվում եւ որտեղ է սկիզբ առնում: Արդյունքում, ամուսնու կամ կնոջ յուրաքանչյուր քայլ, ինչ-որ մի սխալ դրսեւորում դարձնում են գենդերային խտրականություն ու փորձում շահարկել, հատկապես, ամուսնալուծությունների ժամանակ:

«ՊԵՏՔ Է ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ ՄԵԾԱՑՆԵՆՔ»

- Հոմոֆոբիայի դեմ պայքարող ինչ-որ ակտիվիստներ Երեւանի կենտրոնում` փողոցների անցումների վրա եւ պատերին տարածել են նման գրությամբ կարգախոս` «Ոմանք գեյ են , թեթեւ տարեք»: Չեք կարծում, որ այս երեւույթը կանխելու դեմ քաղաքապետարանը որոշակի քայլեր պետք է ձեռնարկի: Չէ որ ընտանիքի եւ երեխաների պաշտպանությունը նաեւ պետք է լինի, նման երեւույթներից հեռու պահելով (ՌՈՄԱՆ, ք. Երեւան):

- Այդ մասին հենց այսօր եւեթ կտեղեկացնեմ մեր կոմունալ վարչության պետին: Եթե իրենք հասարակական կարգ են խախտել, իրենց հասնում է տուգանք: Դա նույնիսկ կարող է վարչական իրավախախտում դիտվել: Նման դեպքեր նկատելուն պես բնակչությունն էլ կարող է լուսանկարել եւ իրազեկել քաղաքապետարանին, եւ մենք անպայման հետամուտ կլինենք:

- 2013 թվականին քաղաքապետարանի կողմից մեկնարկեց «Ուրախ ամառ» ծրագիրը: Հետաքրքիր է, այս տարի նման ծրագիր սպասվում է (ԱՐՍԵՆ, ք Երեւան.):

- Իհարկե սպասվում է: Քաղաքապետի հանձնարարականով 2015 թվականին հունիսի 1-ին մեկնարկել է այդ ծրագիրը, եւ ավարտը լինելու է օգոստոսի 31-ին: Այսինքն` մինչեւ 31-ը ներառյալ, միջոցառումները շարունակվելու են, եւ յուրաքանչյուր վարչական շրջանի կրթության, մշակույթի բաժնից կարող եք տեղեկանալ ժամանակացույցի վերաբերյալ:

- Եվ մի վերջին հարց. քանի որ հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրն էր, իսկ նրանց պաշտպանության համար առաջին երաշխավորը ծնողներն են, ինչ կհորդորեք նրանց («ԻՐԱՎՈՒՆՔ»):

- Կհորդորեմ, որ ավելի ուշադիր եւ հոգատար լինեն իրենց երեխաների նկատմամբ: Մեծ ուշադրություն դարձնեն երեխաների կրթությանը եւ դաստիարակությանը, որովհետեւ մեր երեխաներն են մեր երկրի ապագան, եւ մենք պետք է հուսալի սերունդ մեծացնենք: Չէ որ համայն հայության մայրաքաղաքը` Երեւանը, հետագայում իրենք պետք է շենացնեն եւ գեղեցկացնեն: Նաեւ օգտվելով առիթից` պետք է խնդրեմ մայրիկներին, որ անպայման երեխաներին սովորեցնեն, որ պետք է հոգատար վերաբերվել իրենց բակին, այդ բակում տնկված ծառին, ճյուղին, չսահմանված վայրերում աղբ չնետեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում