livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՎերջերս համացանցում ակտիվորեն տեղեկություններ են տարածում այն մասին, թե հայաստանյան տարբեր մարզերում եւ նույնիսկ՝ մայրաքաղաքում տեղի են ունենում երեխաների առեւանգումներ` օրգանները գողանալու նպատակով: Թե ինչ հիմքեր ունեն այդ լուրերը՝ դժվար է միանգամից ասել, հաշվի առնելով, որ դրանք հիմնականում հայտնվում են համացանցային կեղծ էջերում եւ անմիջապես էլ անհետանում, երբ սկանդալային այդ լուրն սկսում է շատ արագ եւ օպերատիվ կերպով ողողել ողջ համացանցը:



Ամենալուրջ խնդիրն այն է, որ նման լուրերն արդեն սկսել են լուրջ խուճապ առաջացնել մանկահասակ երեխաների ծնողների շրջանում: Փաստն այն է, որ մարդիկ այն աստիճան են տագնապած, որ հաճախ երեխաներին թույլ չեն տալիս միայնակ փողոց դուրս գալ ու նույնիսկ դպրոց գնալ-գալն են սկսել վերահսկողության տակ առնել: Ավելին` նման լուրերով սկսել են լրջորեն անհանգստանալ նաեւ դպրոցների ուսուցիչները, որոնք դպրոցականներին անընդհատ զգուշացնում են՝ ուշադիր լինել, չշփվել անծանոթների հետ:
Ու քանի որ այդ լուրերը մեծ թափով են տիրաժավորվում համացանցում, դրանք սկսել են «հարստանալ» նաեւ հավելյալ «մանրամասներով»: Թե՝ օրգանները գողանալու նպատակով երեխաների զանգվածային առեւանգումների թիկունքում հսկայական «մաֆիա» է կանգնած, որի անդամների մի մասը զբաղված է բուն առեւանգումներով, մի մասը բժշկական կազմն է. օրգանները հենց այնպես հանելը, պահելը, տեղափոխելն առանց մասնագիտական միջամտության անհնար է: Եվ, վերջապես, որ «մաֆիայի» մեջ են նաեւ օրգաններն արագորեն արտասահման հասցնողները, նրանց համար սահմաններին օդանավակայանում անարգել ելք ու մուտք ապահովողները եւ այդպես շարունակ:

«ԱՅ, ՈՐ ԻՄԱՆԱՅԻ ՈՎ Է, ԱՅԴ ՄԱՐԴԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԷՐ ԼԻՆԻ»
Թե ինչ հիմքեր ունեն այդ խոսակցությունները, փորձեցինք նախ պարզել այն համայնքներից, որոնց հետ կապված այդ կարգի «հավաստի տեղեկություններ» եղել են: Ի սկզբանե խոսվում էր, որ երեխաների գողանալու դեպքեր են եղել Արտաշատ եւ Արարատ քաղաքներում: Սակայն այդ քաղաքներից մեր ամենատարբեր աղբյուրները միաբերան հաստատեցին, որ թեեւ իրենք էլ են այդ մասին լսել, սակայն պատկերացում անգամ չունեն, թե կոնկրետ որ երեխաների մասին է խոսքը: Այնուհետեւ՝ երեխաների առեւանգման մասին խոսակցություններն արդեն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի մի քանի համայնքների մասին էին: Կրկին նույն բովանդակությամբ. «Մարզի համայնքներում երեխաների առեւանգման փորձ էր արվել: Զինվորական արտահագուստով տղամարդիկ, մեքենայի միջից կանչել են երկու երեխայի, թե եկեք, ձեր հայրը ձեզ է սպասում, ձեզ տանենք նրա մոտ»: Անծանոթ մարդկանց տարօրինակ վարքագիծը, ըստ տեղեկությունը հրապարակողների, կասկածելի է թվացել մոտակայքում գտնվող համագյուղացիներից մեկին, ում մոտենալուց հետո կասկածելի տղամարդիկ մեքենայով արագ հեռացել են: Նման մի դեպք էլ երեկ ներկայացվեց` Արագածոտնի մարզի Ուջան համայնքի հետ կապված: Այնուհետեւ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի հետ կապված եւս նման խոսակցություն հայտնվեց շրջանառության մեջ: Ավելին, որ վերջին օրերին նման դեպքեր պատահել են նաեւ իրենց հարեւան գյուղերում, ու՝ «թիրախում մինչեւ 10 տարեկան երեխաներն են»:

Փորձեցինք համայնքների ղեկավարներից պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրենց մոտ: Մեզ հետ զրույցում Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանը միայն զայրացած ասաց.
- Էդ տեսակ սարսափ առաջացնող, կեղծ, երեւակայական լուր տարածող մարդիկ ,եթե կարելի է իրենց մարդ համարել, անասունից ոչնչով չեն տարբերվում: Անասունություն է, ուրիշ ոչինչ: Ազգի թշնամիները մենակ կարող են գյուղացի մարդկանց, ովքեր տեղից հազար ու մի հոգսի մեջ խրված են, մի հատ էլ անտեղի սրտները դող գցել: Ինտերնետով անընդհատ տարածում են էդ լուրը, ֆռռացնում տարբեր կայքերով, բայց ես Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան երբեւիցե ո՛չ մեր գյուղում, ո՛չ էլ կողքի գյուղերում կամ առհասարակ մարզում չի եղել: Ես էդ պատասխանը տվել եմ նաեւ իրավապահներին, ովքեր շատ անհանգստացած զանգահարում, հարցնում էին, թե՝ եղե՞լ է նման դեպք:

Նույնն էր Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի համայնքապետ Ղազար Ղազարյանի պատասխանը.

- Ամբողջությամբ կեղտոտ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ հաստատ կարող եմ ասել, որ նման դեպքեր չեն գրանցվել նաեւ հարակից համայնքներում:

- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ է նման տեղեկություն տարածում՝ շեշտելով կոնկրետ համայնքներ եւ, մասնավորապես, ձեր համայնքի անունը:

- Այ, որ ես էդ հարցի պատասխանն իմանայի, արդեն վաղուց այդ մարդը մեղմ ասած` լավ վիճակում չէր լինի: Չի կարելի «լայքեր» հավաքել գյուղացի մարդու ներվերի հաշվին:

Չբացառելով, որ միգուցե նշված համայնքներում չի եղել, իսկ ուրիշ վայրերում, այնուամենայնիվ, առեւանգումներ կան, պարզաբանում խնդրեցինք նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով հակիրճ պատասխանեց հետեւյալը.

- Ոստիկանությունը հենց առաջին իսկ օրը հանդես է եկել հայտարարությամբ: Տեղեկությունները կրկնվելուց հետո չենք զլացել եւ կրկին հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես գտնում եմ, որ նման լուրեր տարածողները պարզապես տգետ անձնավորություններ են, ավելացնելու ոչինչ չկա:

Այսպիսով մնում է մտածել, որ Ոստիկանությունը երեխաների առեւանգման մասին որեւէ կոնկրետ փաստ չունի: Ընդ որում՝ սա այն դեպքը չէ, որ փաստեր ունենար եւ թաքցներ: Ընդհակառակը, եթե իրոք լինեին մասսայական առեւանգումներ, մեկ է, դա կոնկրետ օրինակներով վաղ, թե ուշ հայտնի էր դառնալու, իսկ Ոստիկանությունն էլ պետք է օր առաջ ահազանգ հնչեցներ՝ հանցագործության հետագա ծավալումը կանխելու համար: Այս իրավիճակը չկա եւ այս պահին միակ տարբերակը մնում է այն, որ գործ ունենք կեղծ լուրերի հետ: Այլ հարց է, թե որն է դրա իմաստը: Մտածել, թե այս լուրերի նպատակը միայն «լայքեր» հավաքելն է, ինչպես ենթադրեց Ջրարբիի համայնքապետը, միամտություն կլիներ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ լուրերի սկզբնական տարածողները, ինչպես նշեցինք, արագորեն անհետանում են, այսինքն՝ «լայքերի» սպասելիք չունեն: Թերեւս միամտություն կլիներ պատճառ համարել նաեւ Ոստիկանության ներկայացուցչի ենթադրությունը, թե նման լուրերը տգիտության հետեւանք են: Այն տպավորությունն է, որ գործում է լավ մշակված քարոզչական սխեմա, որը հաստատ տգետ մարդու բան չէ:

Բայց թե ում է պետք նման սխեմա դնել շրջանառության մեջ ու հազարավոր մարդկանց խուճապի մատնել. այ, այս հարցի պատասխանն է, որ պետք է տային իրավապահները, բայց չեն տվել: Չնայած հուսանք, որ գոնե զբաղվում են բառիս բուն իմաստով՝ հանրային ահաբեկչության նմանվող այս քարոզչության կազմակերպիչներին փնտրելով, եւ առաջիկայում պատշաճ պարզաբանում կստանանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում