livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Վերջին ժամանակներս գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանության դեպքերի կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց մասին: Տպավորությունն այն է, որ նման քայլի դիմում են անկախ տարիքային կամ սեռային պատկանելիությունից, ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ չկա որեւէ կոնկրետ գործոն, որով հնարավոր կլիներ բացատրել ինքնասպանությունների նման աճը: Ուրեմն՝ ո՞րն է պատճառը, ինչ գործոններ են այդպես սրվել, որ առանց ինքնասպանության կամ դրա փորձի մասին լսելու՝ երկու-երեք օր անգամ չենք անցկացնում: Պարզաբանում փորձեցինք ստանալ հայտնի քրեական հոգեբան ԷԼԴԱ ԳՐԻՆԻՑ:

Նախ պետք չէ բացառել հոգեկան հիվանդությունը, քանի որ չի բացառվում, որ ինքնասպանություն գործող անձը որեւէ հոգեբուժարանում հաշվառման մեջ չի գտնվել, բայց թեկուզ աննշան պաթոլոգիա նրա մոտ կար: Եվ չի բացառվում, որ այդ փոքր շեղումը տվյալ պահին ավելի է սրացել, որն էլ հասցրել է սուիցիդի:

Քանի որ տարիքային զանգվածը շատ լայն է, ուստիեւ ինքնասպանության պատճառներն էլ կարող են տարբեր լինել: Ծերերի մոտ նման քայլի գնալու պատճառներից են հիմնականում ծանր սոցիալական պայմանները, մենակության զգացումը, անբուժելի հիվանդությունը, մարդը պարզապես հոգնում է շրջապատից: Հոգեբանները ինքնասպանության հինգ դրդապատճառ են տարբերակում: Երբ մարդը ձգտում է ուշադրության կենտրոնում լինել, խուսափում խնդիրներից, ինքնամերժում, ինքնապատժում, ապահարմարում:

- Ո՞րն է, ըստ Ձեզ, Հայաստանում ինքնասպանությունների ամենատարածված դրդապատճառը:

- Կարծում եմ՝ այսօր ինքնասպանության ամենատարածված դրդապատճառը ֆինանսական խնդիրներն են: Սակայն մարդուն ինքնասպանության են մղում միաժամանակ մի քանի պատճառներ: Այսօր մարդն անզոր է, հուսահատ, օտարված հասարակությունից եւ հոգեբանական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ինքնասպանություն գործելու մեջ: Ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՃԸ ԿԱՊՎԱԾ Է ՆԱԵՒ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՀԵՏ

-Այսօր ինքնասպանության բազմաթիվ դեպքեր են գրանցվում դեռահասների եւ երիտասարդների շրջանում, ինչը ամենաանհանգստացնողն է: Այսինքն՝ Ձեր հիշատակած ֆինանսական խնդիրնե՞րն են դեռահասներին դրդում այդքան հաճախ կյանքին վերջ տալու մասին մտածել:

- Երիտասարդների շրջանում ինքնասպանության դեպքերը ավելի շատ կապված են անձնական խնդիրների հետ` դժբախտ սիրո ելք, հուսալքություն, մի քիչ ավելի հասուն տարիքում՝ գործազրկություն: Իհարկե՝ ես չեմ բացառում այն դեպքերը, երբ ինքնասպանությունը տեղի է ունենում նույնիսկ շատ փոքրիկ շանտաժային նպատակով, բայց ավարտը լինում է ողբերգական: Դեռահասները երբեմն ինքնասպանության են դիմում ծնողից կամ սիրած տղայից վրեժխնդիր լինելու պատճառով: Սակայն, ինչ խոսք, կան ինքնասպանության դեպքեր, որոնք երկար ժամանակ մարդու ուղեղում այսպես ասած եփվում են, դրա համար էլ տարբերվում են ինքնասպանության երկու տեսակ` աֆեկտիվ եւ ռացիոնալ: Աֆեկտիվ ինքնասպանությունը տեղի է ունենում պահի ազդեցության տակ, եւ նման մարդիկ, փրկվելու դեպքում, երկրորդ անգամ նման քայլի չեն գնա: Իսկ ռացիոնալը` հարաբերական իմաստով երկար ժամանակ որոշվում է տեղը, ժամը, կյանքին վերջ տալու եղանակը, ինչ հագնել այդ օրը եւ այլն:

Պատանիների եւ դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերի աճը կապված է նաեւ տարատեսակ աղանդների հետ. կան այնպիսի աղանդներ, որոնք պարզապես թյուրիմացության մեջ են գցում մարդուն: Այսինքն՝ վստահեցնում են այդ անձանց, թե իբր ինքնասպան լինելով՝ նրանք լավ գործ են անում եւ այդպես հավերժանում են: Ամեն մի աղանդ ունի ինքնասպանության քարոզչության իր ուրույն հիմնավորումները: Նույնիսկ կան աղանդներ, որոնք քարոզում են, որ մինչեւ տասնութ տարեկան հասնելը պետք է ինքնասպանություն գործել: Իսկ մինչեւ քսան տարեկանը մարդու ամենածաղկուն, ամենաերիտասարդ տարիքն է, եւ հենց դա արդեն իսկ մեծ ողբերգություն է: Ես իմ դատական պրակտիկայի ընթացքում բազմիցս ունեցել եմ, բազմաթիվ օրինակներ, երբ դեռահասներին եւ երիտասարդներին ինքնասպանության են դրդել աղանդները: Նման դեպքեր գրանցվել են թե՛ Երեւանում, թե՛ Հրազդանում, եւ թե՛ հանրապետության այլ վայրերում:

Դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքեր, եթե հիշում եք, գրեթե չէին արձանագրվում Խորհրդային Միությունում, որովհետեւ այդ ժամանակներում ոչ մի աղանդ իրավունք չուներ գոյատեւել. կար եկեղեցի, որին հեւետեւում էին բոլորը: Բայց հիմա աղանդների քանակը օր օրի այնքան է շատանում, որ վերջը չի էլ երեւում: Իսկ աղանդները միանշանակ քարոզում են ոչ ճիշտ կյանք եւ ոչ ճիշտ կյանքի ավարտ: Աղանդները վստահեցնում են իրենց հավատացած մարդկանց, որ կյանքը իմաստազուրկ է դարձել, իսկ այն նորից իմաստով լցնելու միակ ճանապարհը ինքնասպանություն կատարելն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում