Հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում որոշվեց, որ 2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող կանանց նույնպես մայրության նպաստ կնշանակվի:

Մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով: Մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ:

Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղին նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Մեկ այլ դեպք նույնպես ընդգծված է` երբ դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածը ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Սակայն տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեով: