livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Երեկ` կանանց նվիրված միամսյակի մեկնարկին, կրկին ականատես եղանք, թե ինչպես կանանց ու աղջիկների ինչ-որ խմբեր մարտի 8-ը նշելու գեղեցիկ տոնը վերածեցին ֆեմինիստական բողոքի ակցիաների, որն ուղեկցվում էր, համենայնդեպս հայուհու կերպարին ոչ հարիր վանկարկումներով:

Ավելին` նրանցից ոմանք հպարտանում ու հանրության աչքն էին ծակում` իրենց չամուսնացած լինելու, բայց եւ կուսությանը վաղուց հրաժեշտ տված լինելու մասին հայտարարություններով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Մարսելի Հայոց Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՄ քահանա ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

- Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ հայուհիների շրջանում սկսել են ակտիվանալ ֆեմինիստական խմորումերը:

- Արյունով ու աղոթքով ձեռք բերված մեր անկախությունից հետո, ցավոք սրտի, Հայաստանում ոչ միայն ֆեմինիստների, այլեւ զանազան նմանատիպ «իզմ»-երի հարող մարդկանց մոտ ակտիվություն է նկատվում: Իմ կարծիքով, դա այլ բան չէ, քան փորձ միանալու այսօր ողջ աշխարհում իրականացվող` մեղքն օրինականացնելու եւ օրենքով պաշտպանելու համաշխարհային գործընթացին: Ցավալի է, որովհետեւ ֆեմինիստական շարժումը փորձում է աղավաղել ավանդաբար մեզ համար սրբության արժեք ներկայացնող մի շարք հասկացություններ` որպիսիք են՝ կինը, մայրը, քույրը եւ դուստրը:

- Տեր հայր, վերջիններս ձգտում են կին-տղամարդ հավասարության, մի՞թե սա արդարացի ցանկություն չէ:

- Հավասարության մասին խոսելը հրաշալի է, ես կողմ եմ հավասարությանը: Կողմ եմ, որ բոլոր մարդիկ` կին, թե տղամարդ, հավասար իրավունքներով ապրեն այս արեւի տակ: Միեւնույն ժամանակ, չեմ կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ որեւէ տղամարդ չի կարող մայր դառնալ, կամ հակառակը` որեւէ կին, որքան էլ երազի, չի կարող հայր դառնալ: Այնպես որ, համաձայն եմ գոռալ հավասարություն` հաշվի առնելով նաեւ բնությունից մեզ տրված տարբերությունները: Աստվածաշունչը կանանց պատգամում է սիրով ու հնազանդությամբ ապրել ամուսինների հետ, իսկ ամուսիններին պատգամում՝ սիրել կանանց` անձնազոհության աստիճանի` «ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար» (տես՝ Եփես. Ե 22-25):

- Ի դեպ, հենց երեկ որոշ կանայք փողոցում բղավում էին, որ չեն ցանկանում այլեւս սուրճ եփել, տնային գործերով զբաղվել եւ այլն: Ի վերջո, ո՞ւր կտանի այսպիսի մոտեցումը:

- Մեր կողքին ապրող որոշ կանայք եւ օրիորդներ, տարօրինակ կերպով, մայրանալն անգամ համարում են կնոջ իրավունքների խախտում: Իմ կարծիքով, այստեղ մենք գործ ունենք դժբախտ ու չհասկացված, կյանքում իբրեւ կին սեփական լիարժեքությունը չգտած ու չսիրված տեսակի հետ: Ցավալիորեն, սուրճ չեփելու ու տնային գործերով չզբաղվելու մասին պարզունակ ձեւակերպումների տակ՝ թաքնված է այն դժբախտ հայուհին, որը նոր ժամանակների «ազատական» գաղափարների մեջ է իր բախտը փորձում: Այս մոտեցումը, ըստ էության, հավակնում է փոխել կնոջը, հետեւաբար, իմ կարծիքով, դատապարտված է ձախողման: Իսկ կանանց ճնշող մեծամասնությունը մանիֆեստների կարիք չի զգում:


- Եվս մի սարսափելի երեւույթի ականատեսն ենք այսօր, երբ մի քանի աղջիկներ փողոցում պաստառներով ի լուր աշխարհի հայտնում են, որ կույս չեն:

- Կասեմ, որ, հավանաբար, խեղճ ու մեղավոր աղջիկներ են, որոնց հետ պետք է խոսել ու հասկանալ` ինչո՞ւ է ուզում այդ մասին պատմել բոլորին: Ես մի բան գիտեմ` մենք ավելի անմեղ չենք, քան այդ աղջիկները, մենք ավելի սուրբ չենք, քան բոլոր սայթաքած մարդիկ: Պետք է քննադատելուց առաջ փորձել օգնել, քարեր նետելուց առաջ` փորձել ներել: Աստծո համար վերջնական կորած մարդիկ չկան, այդ մենք ենք թերահավատ, մենք չենք հավատում այդ կանանց դարձի գալու հավանականությանը: Անշուշտ, չեմ արդարացնում այդ կանանց, որովհետեւ նրանց այդ գաղափարներից կարող են վարակվել ավելի անմեղները:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք կանանց եւ աղջիկներին, մի՞թե 21-րդ դարը թելադրում է պարկեշտ ու հնազանդ լինելու փոխարեն, պայքարել տղամարդկանց դեմ ու մայրիշխանության ձգտել:

- Հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ իրենց հայացքները հառած պահել մեր եկեղեցիների խորաններին. այնտեղ Տիրամոր պատկերն է: Իսկ ֆեմինիստական գաղափարներով «ներշնչվել» խորհուրդ չեմ տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում