feminaԻնչ-որ ֆեմինիստուհիներ եւ գենդերային կերպարներ` կլարացետկինյան տրամադրությամբ վարակված կազմել էին «Ֆեմինիստ պլատֆորմ» ու մարտի 8-ին հայտնվել փողոցներում:

Ավելին` երթի մասնակիցներից շատերը ձեռքերում կար «Կանայք տարբեր են», «Գիտնական», «Կույս», «Մաքրուհի», «Լեսբի», «Ձեռնարկատեր», «ՄԻԱՎ-ով ապրող կին», «Սեքս աշխատող» և այլ նման գրություններով պաստառներ, իսկ կոչերում ասվում էր. «Ո՛չ հայրիշխանությանը»: Իսկ հիմա ամենաողբերգականը` այդ կոչերը ֆեմինիստուհիներից ավելի բարձր հնչեցնում էին տղաներ (համենայնդեպս, իրենց կերպարներով նրանք դեռ հիշեցնում էին արական սեռը): Ինչեւէ, ոչ իր կամքով այսպիսի կերպարների կողքին էր հայտնվել նաեւ շունը` վրան էլ փակցված. «Ես տղա ֆեմինիստ եմ»:

Նման երթերի ու այդ երթերից «տուժած» շների մասին «Զարուհին» դեռեւս նախորդ տարի առիթ է ունեցել զրուցելու իրավապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ նշել էր.

-Տեսակով հակաֆեմինիստ եմ, քանի որ առնվազն մեր իրականության մեջ կանայք բոլոր նախադրյալներն ունեն ավելին լինելու եւ երբեւէ չեն լինում` հենց նույն կանանց պատճառով: Ուստի` բացարձակ անիմաստ եմ համարում խոսել իշխանության «սեռի» մասին, երբ ընտանիքում դաստիարակությունն էլ է աղավաղված: Ինչ վերաբերում է այս կամ այն երթերի կազմակերպմանն, ինձ համար ցանկացած հանրային միջոցառում, անգամ ամենաանհիմնները, ողջունելի են, քանի որ «շարժը» միշտ էլ անհրաժեշտ է... Պարզապես, դեռ առանձնապես հետաքրքիր ու տարբերվող ձեւաչափերի մակարդակի չենք հասել, այդ պատճառով էլ փորձում են որոշ տարրերով հետաքրքիր դարձնել իրավիճակը:

- Այնուամենայնիվ, որքանո՞վ է նորմալ, որ որոշ մարդիկ շներին օգտագործում են նման կերպ` ինչ-որ ֆեմինիստական բողոքի ակցիաներ անցկացնելու համար:

- Եթե կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք չկա, ապա կենդանապաշտպանության մասով խնդիր չի առաջանում, որովհետեւ նվաստացման մաս էլ չկա... Իհարկե, շունիկը կարող է ծաղիկ պահել բերանում կամ «գրկիր ինձ» կոչով ցուցանակ, եւ դա միշտ էլ հուզիչ կլինի մարդկանց համար ու ավելի խոսուն: Այլ է, որ անհամեմատ ավելի սրամիտ ու արժանավայել կլիներ թե՛ կենդանու եւ թե՛ մարդու համար ու «տեսանկյունից», եթե ցուցանակին գրված լիներ «իմ տերը ֆեմինիստ է, բայց ես, միեւնույնն է, սիրում եմ նրան» կամ «ես տղա (աղջիկ) եմ, բայց ինչ տարբերություն» եւ այլն... Իսկ նկարում պատկերված տարբերակում բացարձակապես անհասկանալի է` ինչ կոչ կամ խորհուրդ ունի գրվածը, եւ ավելի բացասական, քան դրական ազդեցություն կարող է ունենալ հանրության տարբեր շրջանակներում:

Իսկ մեզ մնում է եւսմ մեկ անգամ շնորհավորել կանանց միամսյակի առթիվ ու հորդորել տղամարդկանցից պահանջել ոչ թե մայրիշխանություն, այլ սեր, համբույր ու ջերմություն: Իսկ ֆեմինիզմով տառապելու փոխարեն, փորձեք գերել տղամարդկանց ձեր համեստությամբ ու նրբագեղությամբ, հավատացե՛ք, նրանք մշտապես պատրաստ են գերեվարված լինել ձեր հմայքով եւ ոչ մայրիշխանությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ