livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

Երբ Ֆրանսիայի Հանրապետությունում թեժանում էին վեճերը փարանջա կրելու վերաբերյալ օրինագծի շուրջ, անձամբ ինձ համար ուշագրավ հանդիսացավ միայն մեկ կարծիք, որը հնչել էր մի ուսանողուհու շուրթերից: Պատանի ֆրանսուհին ասել էր ընդամենը հետեւյալը. «Փարանջան խորթ է ֆրանսիական բնապատկերին»:

Համաձայնենք, որ դրանից ավելի պարզ եւ, ամենակարեւորը, բնական իմաստություն չի գտնվի ո՛չ քաղաքական, ո՛չ փիլիսոփայական, ոչ էլ իրավական որեւէ տրակտատում…

ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒ ԿԱԴԱ՞ՍՏՐԸ  

 

sektaԵվ այսպես, Սուրբ Ծննդյան տոնից տաս օր հետո` հունվարի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը հերթական միջակետը դրեց Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի քրեական գործում: Վերաքննության արդյունքում մերժվեցին ներկայացված բողոքները եւ անփոփոխ մնաց առաջին ատյանի դատավճիռը, համաձայն որի` Ա. Մակվեցյանը 6 ամիս պետք է «քարոզի» կալանավայրում այն մեղադրանքով, որ այդ անձը խախտել էր քաղաքացիների իրավահավասարությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդված): Ըստ դատարանների` մայրաքաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա տեր Եսային` Արտակ Աշոտի Արթենյանը, տեսել էր, որ Եհովայի վկաներ Անդրանիկ Մակվեցյանը եւ Սամվել Գրիգորյանը քարոզում են եկեղեցու բակում, մոտեցել էր նրանց ու պահանջել լքել եկեղեցու տարածքը:  Նրանք հրաժարվել եւ վիճաբանության մեջ էին մտել քահանայի հետ: Սպասավորը փորձել էր իր բջջային հեռախոսով նկարել քարոզողներին, սակայն Անդրանիկ տեր Եսայի քահանայի ձեռքից վերցրել էր: Տեր Եսայի քահանան փորձել էր ետ վերցնել հեռախոսը, սակայն Ա. Մակվեցյանը մեկ անգամ բռունցքով հարվածել էր քահանայի աջ ձեռքին: Հեռախոսն, այնուամենայնիվ, վերադարձվել էր, իսկ Անդրանիկ Մակվեցյանը` «Քո հալը դեռ կտեսնես» եւ «Կոկորդդ կրծելու եմ» արտահայտություններով, հեռացել էր դեպքի վայրից: Դատախազությունը պնդել էր, թե այդ արարքների համար Ա. Մակվեցյանը պետք է պատժվի նաեւ քահանային ծեծելու, սպառնալիքներ տալու եւ ինքնիրավչության հոդվածներով, բայց դատարանը մեղադրող կողմի հետ չհամաձայնվեց:

Պաշտպանության կողմը, հավանաբար, ավելի լավ էր պատրաստվել դատաքննությանը ու թեեւ նրան չհաջողվեց խուսափել մեղադրական դատավճռից ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարողացավ «ապացուցել», որ դեպքի վայրը` քրիստոնեական, կներեք` քրիստոնեական եկեղեցու տարածք չէր հանդիսանում: Այդ մասին էր «վկայել» կադաստրի տեղեկանքը…

 

ՔԱՀԱՆԱ ԴՈՒ, ՔԱՀԱՆԱ…

 

Կարիք կա՞ արդյոք հիշել, որ իր եկեղեցու արժանապատվությանը մազի չափ անգամ նսեմացնելու փորձերը կանխելու համար հենց մեր ժամանակներում կռվի մեջ էին մտնում հայ եւ հույն հոգեւորականները, այն էլ` քրիստոնեության ծննդավայրում` Երուսաղեմում: Երեւի թե` չէ, եթե քրիստոնեությունը` որպես պետական կրոն ընդունած Հայաստանում կարիք է առաջանում սահմանազատել «քրիստոնեական» ու «համայնքային» հողերը, որպեսզի հստակեցվեն, թե որտեղ կարելի է ազատորեն վարկաբեկել եկեղեցին, իսկ որտեղ` զգուշությամբ: Հստակեցվեն նաեւ, թե եկեղեցու սպասավորը որտեղ իրավունք ունի պաշտպանելու ազգի ու սեփական հավատքը, իսկ որտեղ է այդ պարտավորությունը (այլ ոչ թե` իրավունքը) վիճարկելի:

Եվրոպա՞:

Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքեր Եվրոպան, եթե ես շանսատակ անեի մեկին, ով փողոցում խլում է իմ սեփականությունը հանդիսացող հեռախոսը…

Իսկ դատարանը եւ դատարանում ասում են` «ինքնիրավչություն», «Կոնվենցիա», «ֆլան-բեֆան»…

 

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ» ՍՈՒՏ ՎԿԱՅԵԼ ԷՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

sudԸնթերցողը արդեն իսկ գլխի ընկավ, որ այս նյութի հեղինակը` «իրավաբոբիկ», քաղաքակրթությունից զուրկ բռի անձնավորություն է: Հետեւաբար, նա չի կարող ասել, թե որքանով մեր դատարաններին հերթական անգամ հաջողվեց «դավանանքի զոհ» դարձնել Եհովայի վկային…

Գրեցի` հիշեցի. Ա. Մակվեցյանի ընկերը` Սամվել Գրիգորյանը, նույնպես ընդգրկված էր դատաքննությանը: Եհովայի այդ վկան հանդիսանում էր նաեւ քրեական գործով վկա: Նախնական եւ դատաքննության ընթացքում նա տվել էր հետեւյալ ցուցմունքները. «…Տեր Եսային վրդովվել է եւ իրենց հասցեին ուղղել վիրավորական խոսքեր` թուրքի լամուկներ, հիմարներ, այլանդակի վաստակներ, եւ հանելով իր գրպանից բջջային հեռախոսը` պահել է Անդրանիկի վրա` փորձելով նկարել նրան: Անդրանիկը, առանց նրա ձեռքին դիպչելու, փակել է տեսախցիկը, որպեսզի չնկարի: Քահանան հեռախոսը դրել է գրպանը, հետո նորից հանել եւ հեռախոսը պահել է իր վրա եւ փորձել իրեն նկարել: Ինքը նույնպես ձեռքը պարզել է հեռախոսի տեսախցիկին` առանց քահանայի ձեռքին դիպչելու: Քահանան շարունակել է իրենց հասցեին վատ խոսքեր ասել: Այդ ընթացքում, իրենց է մոտեցել այն տղամարդը, որը տարել էր իրենց զրուցակցին: Քանի որ աղմուկը շատ մեծ է եղել, այդ մարդը այս անգամ փորձել է իրենցից հեռացնել քահանային: Այդ ընթացքում երբ քահանան ձեռքը թափահարելով էր խոսում Անդրանիկի հետ, Անդրանիկն իր աջ ձեռքով իջեցրել է քահանայի ձեռքը` առանց որեւիցե բռնություն գործադրելու»:

Մինչդեռ դատարանը հաստատված էր համարել, որ Անդրանիկը բռունցքով հարվածել էր քահանայի ձեռքին: Այլ խոսքով` վկան ստել էր դատարանում, բայց վերջինս, կարծես թե, ոչ մի կերպ չէր գնահատել հանցավոր այդ արարքը…

Հայկական հանրության ստվար հատվածը, հիմնավոր, թե ոչ, համոզված է նրանում, որ Եհովայի վկաները խաբեությամբ իրենց խիստ բացասական ազդեցության տակ են գցում ու պահում քաղաքացիներին: Դատարանը հստակ փաստել էր, որ Եհովայի վկան ստել է դատարանում, սակայն ձեռնպահ էր մնացել գնահատել, թե որքանով է դա համապատասխանում հայկական բնապատկերին…


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում