livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

banditsԵրեւանի` Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցի տնօրենը համաձայնեց զրուցել լրագրողի հետ առանց վերադասի թույլտվության միայն այն բանից հետո, երբ համոզվեց, որ խոսքը գնալու է ոչ թե փետրվարի 1-ին դպրոցի վրա իրականացված ավազակային հարձակման հանգամանքների, այլ դրա վերաբերյալ արդեն իսկ տարածված հակասական տեղեկատվությունը հստակեցնելու մասին: Ավելին` լրագրողին հաջողվեց նաեւ հավաստիացնել, որ կատարված հանցագործության հանգամանքների մասին ինքն արդեն իսկ ունի հավաստի աղբյուրներ:

Ըստ տարածված լրատվության` «Գողերը մտել են դպրոց, կապկպել պահակին, ապա սկսել դասարանների դռները կոտրել ու ներս մտնել: Երբ հասել են ռազմագիտության դասարանին, ազդանշանը միացել է, եւ նրանք փախուստի են դիմել… Ըստ պահակի` նրանք մի քանի հոգի են եղել, մոտ 27-30 տարեկան երիտասարդներ…»:

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՎՐԱ

 

Մինչեւ 30 տարեկան մի քանի երիտասարդ ներս էին մտել դպրոցի շենք` բակի կողմի դռնից: Գիշերային պահակը ժամը 1-2-ի սահմաններում լսել էր կասկածելի ձայներ, գնացել էր դեպի բակ տանող դուռը եւ դռան այն կողմում տեսել մի անչափահաս տղայի: Հավանաբար մտածելով, թե երեխան դպրոցի աշակերտներից է եւ ինչ-որ խնդիր ունի, պահակը բացել էր դուռը: Ավազակները ներխուժել էին դպրոց, իսկ երեխան փախել էր: Հանցագործները պահակին պառկեցրել էին նախասրահի հատակին, կապել ոտքերը եւ 2-3 անգամ հասցնելով նրա պարանոցին` պահանջել ասել, թե որոնք են «կոմպյուտորների ու փողերի» սենյակները: Իրենց հարցի պատասխանը չստանալով` ավազակները պահակին թողել էին սառը հատակին պառկած, իրենք բարձրացել երկրորդ հարկ ու ջարդել առաջին իսկ պատահած սենյակի (ուսմասվարի) դռան կողպեքը: Սենյակում չգտնելով իրենց ուշադրությանը արժանի ավար` դուրս էին եկել միջանցք ու նկատել, որ հարեւանությամբ գտնվող դուռը ունի երկաթե վանդակաճաղեր: Միգուցե համարելով, թե գտել են «փողերի» բաղձալի դուռը, ավազակները կոտրել էին ռազմագիտության սենյակի ճաղավանդակի կախովի կողպեքը: Սենյակի դուռը բացելու հնարավորություն ձախորդ գանձեր որոնողները չեն ունեցել. միացել էր ձայնային ազդանշանը: Ավազակների փախուստից հետո պահակը ազատվել էր կապերից եւ հեռախոսով կատարվածի մասին տեղեկացրել տնօրենին: Վերջինիս ահազանգի արդյունքում` հանցագործության դեպքի վայր դարձած դպրոց են ժամանել ոստիկանները…

Այն հանգամանքը, որ հանցագործները ներխուժել էին դպրոց` փող ու համակարգիչներ գողանալու նպատակով, թույլ է տալիս ենթադրել, որ նրանց դրսում սպասել էր ավտոմեքենա: Նկատի ունենալով, որ այդ գիշեր ձյունը չէր դադարել, դպրոցի դարպասից այն կողմ հետքեր հայտնաբերվել չէին կարող…

 

«ԵՍ ԿՆԱՅԵՄ ՆՐԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ ՈՒ ԿԱՍԵՄ…»

 

Ինչպես արդեն վերեւում նշեցին, դպրոցի տնօրեն տիկին Մարինա Քալաշյանը չէր ցանկանում խոսել հանցագործության հանգամանքների մասին: Սակայն դա չէր նշանակում, թե նա ասելու բան չուներ: Հակառակը…

Տնօրենի հետ կարճ զրույցի ժամանակահատվածում հնչեց նրա սեղանի հեռախոսի զանգը: Ակամա լսելով այդ խոսակցությունը` լրագրողը փաստեց, որ զանգահարողը տեղյակ էր կատարվածից եւ հետաքրքրվում էր տնօրենին ամենաշատը հուզող հարցով` գիշերային պահակի առողջական վիճակով: Տնօրենի ուղեկցությամբ` դպրոցի շենքից դուրս գալու ժամանակ լրագրողը հանդիպեց ավազակային հարձակման զոհ դարձած պահակին` Սամվել Եգանյանին:

Բոլորին հայտնի է, որ դպրոցներում «փողի սենյակներ» չեն լինում: Այնուամենայնիվ, հարցնելով պահակի առողջական եւ հոգեկան վիճակի մասին ու լսելով պատասխանը` լրագրողը համոզվեց մեկ բանում. այդպիսի սենյակ լինելու դեպքում էլ` իր առջեւ կանգնած, բարձրագույն կրթություն ստացած թոշակառու տղամարդու արժանապատվությունը թույլ չէր տա նրան ավազակներին ցույց տալ այդ սենյակը:

Հրաժեշտից առաջ` լրագրողը կարծիք հայտնեց, թե տիկին Քալաշյանը, այնուամենայնիվ, չի ասել ինչ-որ բան, որը կուզեր ասել: Պատասխանը սպասել չտվեց. «Ես շատ եմ ուզում, որպեսզի հանցագործներին գտնեն: Ես կնայեմ նրանց աչքերին ու կասեմ. եկեղեցուց ու դպրոցից գողանալը սրբապղծություն է…»:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԴՊՐՈՑՈՒՄ

draka-krov fnԵրեւանի` Ղեւոնդ Ալիշանի թիվ 95 դպրոցում հունվարի 31-ին տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում հիվանդանոցում էր հայտնվել այդ դպրոցի աշակերտներից մեկը: 16-ամյա Երվանդը ստացել էր ձախ աչքի ակնագնդի ցնցում: Այդ դպրոցը այցելելու աննպատակահարմարությունը ակնհայտ էր դեպքի մասին տարածված լրատվությունից, ըստ որի` դպրոցի տնօրինությունը այդպիսի դեպքերը համարում է ոչ արտառոց եւ զայրանում այն լրագրողների վրա, որոնք հակառակն են համարում:

Երվանդը իրավապահներին պատմել էր. «Ժամը 11:30-ին` վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներից մի քանիսը հրել են իրեն, ինքը դեմքով հարվածել է պատին»:

Այդ հաստատության փոխտնօրենը կատարվածի մասին արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Էդ ինչ մի դեպք ա, որ, էդ որտե՞ղ չի կատարվում նման դեպք, որ մեր դպրոցում էդ քաշքշոցը դարձել է պատմություն»:

Բարկացած փոխտնօրենի ասածների մեջ «ճշմարտություն», իհարկե, կա. դպրոցներում հաշվեհարդարի դեպքերը քիչ չեն: Սակայն դրանք վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի «մատաղ սերունդ» դաստիարակողները համապատասխանեն իրենց կոչմանը…


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում