bjishkՇատերն արդեն գիտեն, որ հունվարի 28-ին "Հրազդան" բժշկական կենտրոնում, մի այնքան հասարակ թվացող վիրահատությունից` նշագեղձերի հեռացումից հետո մահացավ չորսամյա Միլենա Մարտիրոսյանը: Մինչ օրս ծնողները ուշքի չեն գալիս, թե ինչպես եղավ, որ իրենց փոքրիկն այլեւս իրենց հետ չի:

Միլենայի հայրը` Գեւորգը, հազիվ արցունքները զսպելով, մանրամասներ պատմեց կատարվածից: Նրա խոսքերով` երեխան 3,5 տարեկանում բողոքում էր ոտքերի ցավից, եւ տանը երեխայի մայրը մասսաժներ էր անում: Այդ ժամանակ տարել էին բժշկի. ընտանեկան բժիշկը խորհուրդ էր տվել, որ երեխային նայի վիրաբույժը: Վիրաբույժը նայել էր երեխային եւ ասել` որ 4 տարին լրանա, կբերեք նշիկները հեռացնենք:

Ըստ հարազատների` 4 տարեկանում ծնողները երեխային տանում են բժշկի: Նա զննում է երեխային, ասում. "Վաղը չէ մյուս օր բերեք վիրահատության: Երեկոյան 8-ից հետո ոչ մի բան չկերցնեք":

Հաջորդ օրը հանձնում են բոլոր անալիզները, եւ բժիշկ Աֆյանը ասում է, որ ամեն ինչ նորմալ է` առավոտյան բերեք վիրահատության: Գեւորգի խոսքերով` վիրահատությունից հետո մոտենում է բժշկին` հարցնելու, թե ինչպես անցավ երեխայի վիրահատությունը: Բժիշկը.

- Կարճ, կոնկրետ` դու կտաս 30.000 դրամ,

- Մոտս 20.000 դրամ է, էս վերցրեք,- ասել էր Գեւորգը:- Երբ երեխային դուրս գրեք` մնացածն էլ այդ օրը կտամ:

Չնայած այն ամենին, որ երեխային ուղեգրով էր տարել հիվանդանոց:

Նարինեի` Միլենայի մոր խոսքերով. "Երբ վերջացավ վիրահատությունը, որը տեւել էր 45 րոպե, "նարկոզից" դուր եկավ երեխան, "նարկոզի բժիշկը" ասաց, որ երեխայի կյանքն արդեն մայրիկի ձեռքերում է: Հաջորդ օրը վիրահատող բժիշկը եկավ պալատ, առանց զննելու երեխային` հարցրեց. "Որտե՞ղ ա ամուսինդ, այսօր երեխային դուրս եմ գրում, թող գա": Գեւորգը եկավ հիվանդանոց, տեսավ երեխային, ում բերանից վատ հոտ էր գալիս եւ գունատ էր: Մտածեցինք` կարող ա նարկոզի հոտն ա: Գեւորգը պատմում էր, որ բարձրացել է բժշկի կաբինետ, տվել ա մնացած 10.000 դրամը, ու զարմացել ա, որ դեռ 24 ժամը չլրացած` երեխային դուրս են գրել: Երեխային բերում ենք տուն, որտեղ անգամ ջուր կուլ տալ չի կարողանում":

Երեխայի մայրը, շարունակելով պատմությունը, ասաց նաեւ, որ հաջորդ օրը Միլենան շատ թույլ էր, հազիվ կարողանում էր խոսել. "Հանկարծ երեխայի քթից ու բերանից շթի նման արյուն սկսեց հոսել, անգամ չենք սպասել շտապ օգնության մեքենային, նույն պահին երեխային հասցրել ենք հիվանդանոց: Այնտեղ կես ժամ էր` ոչ մի բժիշկ չեկավ: Երեխաս ջուր էր ուզում, հետո նայեցի, տակը մի փոքր թրջել էր: Կես ժամ հետո իջնում ա բժիշկ Մելիքյանը, զննում երեխային, հարցնում ա` ե՞րբ են վիրահատել: Ասում եմ` երեկ: Նա էլ, թե` երեխան մահացել ա...": Գեւորգ խոսքերով` կինը հղի վիճակում ուշաթափվել է. "Ոչ մեկը մոտ չեկավ ու օգնություն ցույց չտվեց":

Իսկ վիրահատող բժիշկը անհասանելի էր…..

Բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց. "Երեխայի վիրահատությունը անցել է շատ լավ, ավելի լավ, քան մյուս երեխաներինը: Հարազատները ուզեցել են երեխային տուն տանել, քանի որ մայրը հղի է: Բժիշկը համաձայնվել է, կամ չի համաձայնվել` չեմ կարող ասել. ես նրան չեմ հարցաքննել, քանի որ նա կատարել է 250 վիրահատություն եւ բարդություններ չեն եղել: Տուն տանելուց հետո հաջորդ օրը` ժամը երկուսին, երեխային բերում են հիվանդանոց արդեն մահացած: Բժիշկ Մելիքյան փորձել է սրտի մասաժ անել, օգնություն ցույց տալ, բայց արդեն ուշ է եղել: Եթե շուտ բերեին` դեպքը չէր լինի:

Չկա չափանիշ, որ ասեմ, թե վիրահատությունից քանի օր հետո պետք է դուրս գրվի, կարող ա 1օր, 2 օր, կախված հիվանդի վիճակից":

Ո՞վ է մեղավոր` կպարզեն համապատասխան մարմինները: Իսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն 10 օրից:


Նելլի Կարապետյան