livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

club1Արգելված պտուղը քա՞ղցր է: Երեւի` այո: Իրանում նման արգելված պտղի կարգավիճակում են, ասենք, ոգելից խմիչքները: Բայց երեւի թե հիշատակված ասացվածքն անվրեպ է գործում. համենայնդեպս Հայաստանում կան ոչ քիչ թվով իրանցիներ, որոնցից շատերը լավ էլ պետք եղած դեպքում դիմում են շշին: Ավելին ասենք. Հայաստանում իրանցիներից շատերը, ինչպես հայտնի է, տարբեր բիզնեսներով են զբաղվում: Դրանց թվում են տարաբնույթ ակումբներն ու այդ կարգի հաստատությունները, որտեղ ոգելից խմիչքների առատությունից չես դժգոհի: Իհարկե, եթե ուզում են խմել` դա իրենց խնդիրն է. համենայնդեպս` իրանական տաբուները մեր երկրում չեն գործում:

 

Սակայն պարզվում է, որ պարսիկներին պատկանող այդ ակումբներից, զվարճավայրերից շատերը համարվում են "փակ" հաստատություններ, ուր հայերի մուտքն արգելված է: Ինչի՞ է դա նմանվում, ռասիզմի՞ շովինիզմի՞... Չնայած էականը տերմինը չէ, կամ այն, որ պարսկական ակումբ մտնելու արգելքը որեւէ հայի համար կարող է ողբերգություն լինել: Պարզապես բուն փաստն է տհաճ, որ մեր երկրում կան օտարերկրացիների կողմից հիմնված հանրային բնույթի հաստատություններ, ուր մեր իսկ քաղաքացիներին արգելվում է ոտք դնել: Իսկ դա արդեն, միանշանակ, մեր երկրի օրենսդրությանը դեմ է:

 

ՀԱՅ ՏՂԱՆԵՐԻՆ` ՈՉ, ԻՍԿ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԵՆ

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են պարսիկները հայերին արգելում  մուտք գործել մեր իսկ հանրապետության տարածքում գտնվող պարսկական ակումբներ: Ինչպե՞ս եղավ, որ չնայած Իրանի քաղաքացիներին ոգելից խմիչքների օգտագործումն արգելված է, սակայն այդ փակ ակումբներում, այնուամենայնիվ, վաճառվում է: Եվ արդյո՞ք այդ ակումբների փակ դռների ետեւում գործում են ՀՀ օրենքները: Այդ բոլոր հարցերի պատճառները գտնելու նպատակով էլ որոշեցինք այցելել ներկայումս Երեւանում գործող ոչ քիչ թվով պարսկական ակումբներից մեկը:  Որոշելը` որոշեցինք, սակայն պարզվեց, որ եթե հայ երիտասարդները փորձեն մուտք գործել ակումբի երկաթյա դռներից այն կողմ, ապա նրանց կդիմավորի Տորք Անգեղի կառուցվածքով եւ պարսկական արտաքինով մի սարսափազդու կերպարանք:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հայերի մուտքն արգելված այդտեղ` "Նայս" ակումբի դիջեյը, ով չցանկացավ ներկայանալ, պատասխանեց. "Հայ տղերքին թույլ չենք տալիս մուտք գործել ակումբ: Բայց եթե հայ աղջիկը գա, մենեջերը հարցեր տա, ներս կթողնեն: Եթե ուզում են հայերը գալ այստեղ, շաբաթվա մեկ օր կարող են նախապես տարածքը վերցնեն ու փակեն: Բայց սա պարսկական ակումբ է: Պարսիկներն իրենց լավ են դրսեւորում":

Փաստենք մեկ բան. եթե պարսիկները հայ աղջիկներին թույլատրում են մուտք գործել ակումբ, իսկ "հայ տղերքին" թույլ չեն տալիս, ապա այդ արգելքը միանշանակ կրոնական համոզմունքների հետեւանք չէ: Բա էլ ի՞նչ, արդեն սկսում է նաեւ սեռական խտրականությա՞ն նմանվել: Երեւի դա էլ չէ: Համենայնդեպս, շարունակենք տրամաբանել: Քիչ հավանական է, որ, այսպես ասած, իրեն հարգող հայ աղջիկը որոշի մենակ այցելել պարսկական ակումբ: Իրեն չհարգողն էլ` հազիվ թե պարսկական ակումբ հաճախելու համար համաձայնի մեկ տոմսի համար 5000 դրամ վճարել, ինչ է թե` ժամանակ անցկացնի հանկարծակի ազատության մեջ հայտնված պարսիկներին դիտելով: Ավելի տրամաբանական չէ՞, որ աղջիկներին ակումբ այցելել չեն արգելում այն պարզ պատճառով, որ պարսիկները հնարավորություն ունենան իրենց հայ "ընկերուհիների" հետ այցելել այնտեղ: Իսկ այդ դեպքում արդեն այդ ակումբ կոչվածին թե ինչ անուն պետք է տալ` դա էլ թողնենք ընթերցողի երեւակայությանը: Գանք մյուս կողմից. չնայած ակումբի աշխատակիցները նշում են, թե պարսիկներն իրենց լավ են դրսեւորում, այնուամենայնիվ հարց է ծագում, արդյոք պարսկական ակումբում վաճառվող բազմատեսակ խմիչքներից նրանք չե՞ն օգտվում:

Այս ու այլ հարցերին ավելի կոնկրետ պատասխան ստանալու համար փորձեցինք կապ հաստատել ակումբի հայ մենեջերի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:  Իսկ ահա ակումբի այցելուներից մեկը` Ռաշիդը, ով համաձայնեց մեզ հետ զրուցել, խոստովանեց. «Հայաստանում լավ է, մարդիկ այստեղ ազատ են ապրում: Ձեր երկրում ինձ լավ եմ զգում, օրենքները լավն են, երիտասարդությունն էլ ակտիվ կյանքով է ապրում: Մի քիչ նախանձում էլ եմ: Համ էլ բավական գեղեցիկ աղջիկներ ունեք":

Եվ այդպիսով` կրկին գնացինք եւ հասանք գեղեցիկ աղջիկներին: Իրոք Հայաստանի օրենքները լավն են, երիտասարդությունն էլ ակտիվ է ապրում` փորձելով իրենց իսկ երկրի օրենքները չշրջանցել: Ավելին` երեւում է, այնքան "լավն" են մեր օրենքները, որ օտարերկրացին է սկսել մեզ թելադրել, թե մեր իսկ երկրում ուր կարող ենք այցելել եւ ուր` մտքներովս էլ չանցկացնենք... Այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը պարսկական ակումբներում ալկոհոլային խմիչք օգտագործելու հարցում` ակումբի աշխատակից Նելլի Նավասարդյանը խուսափեց պատասխանել` նշելով. «Ես պատասխանում եմ բոլոր հարցերին, հեռախոսազանգերին, ինձ ասեք, ես ձեզ ճիշտ կկողմնորոշեմ: Եթե ուզում եք ավելի հավաստի պատասխան ունենալ` գրավոր դիմեք դեսպանատուն` դեսպանի անունով: Գուցե պատասխանեն":

Մինչ այսօր դեռ պատասխան չկա: Ստանալուն պես այն կներկայացնենք ձեր ուշադրությանը: Չնայած, ո՞վ գիտի. Հայաստանում Իրանի դեսպանատունը բազմիցս խուսափել է անգամ հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցերին պատասխանել, էլ ուր մնաց` մի այնպիսի արարքի մասին խոսի, որն Իրանում թույլ տվողի ականջները, հաստատ, կկտրեն: Իսկ թե ինչ են մտածում այս մասին մեր պատկան պետական կառույցները` կփորձենք ներկայացնել առաջիկայում:

 

ՔՈ ԲԻԶՆԵՍԸ ԻՄ ԲԻԶՆԵՍԻՆ ՎՆԱՍ ՉԷ


clubԻնչպես միշտ` հայերը հնարամիտ են ու խելացի: Վերը նշված պարսկական ակումբից մի քանի քայլ այն կողմ բիզնեսմեն Տիկոն (վերջինիս այդպես ներկայացրեց ակումբի մենեջեր Կուկան) բացել է "Աֆրոդիտե" կարաոկե, բար, դիսկո, ակումբ, որտեղ, բացի ակումբի հայերեն անվանումից, կար նաեւ պարսկալեզու տարբերակը: Այն հարցին թե արդյոք պարսիկների մուտքը չի՞ արգելվում հայկական դիսկո, եւ ինչո՞վ է պայմանավորված պարսկական անվանումը հայկականի կողքին` Կուկան պատասխանեց. "Սա ներկայումս հայկական ակումբ է, եւ պարսիկների մուտքն էլ արգելված չէ: Ժամանակին գիշերային ժամ կար, որ  պարսիկներն էին այցելում, բայց արդեն մոտ հինգ ամիս է, որ պարսկական չէ: Ցուցանակն էլ կհանենք մի օր: Դա բիզնեսի համար չի արված, այլ ուղղակի, որ բոլորը այցելեն": Թե ինչպես կարող է իրեն դրսեւորել պարսկական խիստ օրենքներից որոշ ժամանակով ազատված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին` ենթադրեք ինքներդ:


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ  

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում