livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

rabՀայաստանում թրաֆիքինգը կամ մարդկանց առեւտուրը հիմնականում ասոցիացվում է սեռական բռնության հետ, սակայն գոյություն ունեն թրաֆիքինգի մի քանի տեսակներ, որոնք պակաս դաժան եւ անմարդկային չեն: Եթե սեռական շահագործման առումով Հայաստանի համար նպատակակետ երկրներ են հանդիսանում  ԱՄԷ-ն եւ Թուրքիան, ապա աշխատանքային թրաֆիքինգի համար նպատակակետ երկիր է ՌԴ-ն:

Ի տարբերություն սեռական շահագործման, աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվածներին ստիպում են կատարել նախնական պայմանավորվածությանը չհամապատասխանող  աշխատանքներ, յուրացնում են աշխատած ողջ գումարը եւ դաժան վերաբերմունքի արժանացնում: Երբեմն նույնիսկ արդեն զոհ դարձածների հետ իրենց իրավունք են վերապահում խոսել սպառնալիքների լեզվով: Թե՛ սեռական եւ թե՛ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար թրաֆիքյորների հիմնական թիրախ են հանդիսանում հասարակության առավել խոցելի շերտերը, որոնք գտնվելով սոցիալապես ծանր, անելանելի վիճակում` հեշտությամբ խաբվում են անծանոթի` ճոխ կյանքով ապրելու սին խոստումներին: Թե մոտավորապես ինչ շքեղություններ են խոստանում  փորձառու խաբեբաներն իրենց հերթական զոհերին,  կիմանանք Գյումրի քաղաքի բնակիչ տիկին Ա.-ից, որը մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց վերջին մեկ տարում իր հետ կատարվածի մասին:

- Ամուսինս եւ տղաս արտագնա աշխատանքի էին գնացել Չիտա: Հետո տեղափոխվեցին Վլադիվոստոկ, եղբորս` Մամիկոնի մոտ: Երկու ամիս մնացին, հետո եղբայրս նրանց տարավ աշխատանքի էջմիածնեցի Արագածի մոտ: Ամուսնուս ընդունեց որպես անասնապահ, իսկ տղայիս` բանվոր, որը պետք է կատարեր տարբեր տեսակի աշխատանքներ: Երկուսի աշխատավարձը ամսական պետք է կազմեր 20 հազար ռուսական ռուբլի: Աշխատավարձները, ճիշտ է` մեկ-մեկ ուշացումով, ավել-պակասով, բայց տալիս էր: Անցավ որոշ ժամանակ, եւ ամուսինս զանգեց ու ասաց, որ Արագածը տարբեր ցեխեր է բացել եւ ինձ խնդրել է, որ քեզ առաջարկեմ` գաս էստեղ, աշխատես` որպես խմորեղեն թխող կամ լավաշ բացող: Ես ամուսնուս ասացի, որ քրոջս ամուսինը` Արմենը, արդեն 20 տարի Գյումրիում աշխատում է որպես հացթուխ: Ես նրա հետ կխորհրդակցեմ, եւ եթե համաձայնվի` միասին կգանք: Ասացի` համարս կտա Արագածին, որպեսզի ավելի մանրամասն խոսենք:

Անցավ երկու օր, եւ Արագածը զանգեց, ծանոթացանք, ըսավ` տիկին Ա., ես լավաշ թխող, խմորեղեն ու խնգալի էնող կուզիմ: Ես ըսի, որ քուրիկիս ամուսինը նման գործերի լավ է տիրապետում: Արագածն, հըբը. «Լա՞վ աշխատող է»: Ըսի` ընտիր: Ըսեց. «Լավ, պրոբլեմ չկա, կըրնա՞ս լավաշ բացող էլ բերել»: Ըսի` «Ես էլ լավաշ կբացիմ, աղջիկս էլ խմորեղեն կենե, փեսես էլ շինարարական գործեր է էնում, սաղ կյանքը Յակուտյաներն է էղել»: Ըսավ. «Լավ, կախե ես քեզի կպատասխանեմ»: Անցավ երկու օր, Արագածը զանգեց. «Հըբը տիկին Ա., կըրնա՞ս լավաշ թխողի համարը տաս ինձի»: Տվեցի Արմենի համարը: Զանգեց փեսիս հետ խոսաց, նա էլ ասաց` ի՞նչըղ է ըտեղի պայմանները, ըսավ, որ լավաշ թխողի համար ամսական 30 հազար ռուբլի կուտան, իսկ բացողին, եթե կողերը շատ հաստ եղան` 20 հազար, եթե բարակ` 25: Ըսինք` լավ, եւ համաձայնվանք: Զանգեցի Արագածի, ըսեցի` բա Արագած ջան, մեր գալը, մնալը, երեխեք ունեմ անչափահաս, ի՞նչըղ պետք է լինի, ըսավ` հեչ չմտածես, ես ձեր ճանապարհածախսը կհոգամ: Արդեն 3 սենյականոց տուն եմ առել, որ գրանցեմ ձեր վրա, երեխուն էլ դպրոց կտեղավորեմ եւ ամեն ինչով կապահովեմ, մենակ դուք շուտ հելեք-եկեք: Մենք էլ Արագածին հավատացինք ու գնացինք: Ըսավ` թոնիրը կա, ամեն ինչը կա գործի համար, բայց էդ հլը չկար, որ գնացինք: 2010թ. նոյեմբերի 16-ին Սամվելիկս, Արմենը, մեկ էլ ըսի Հովհաննեսին հետս բերեմ, Կարենս մնա մանկատունը, փող չունիմ: Հըբը դու ինչ ունես ծախե, անչափահաս Հովհաննեսի ճանապարհածախսը սարքի, որովհետեւ ես մենակ երեքիդ համար էր տոմսերը նախատեսել: Կարենն էլ թող մնա մանկատունը, հետո դավերնոստը փողի հետ կըղրկենք, աղջկադ ու փեսիդ հետ կուգա: Ըսի` հա: Արագածը տոմսերի փողը ուղարկեց իր փեսային, որն ապրում էր Էջմիածնում: Ես ունեցվածքս վաճառեցի, որ Հովհաննեսին էլ մեզ հետ տանենք: Երեքիս տոմսն Արագածն էր առել, իսկ անչափահաս Հովհաննեսիս տոմսը վաճառածս դոմիկի փողով առա: Գնացինք-հասանք Վլադիվոստոկ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Իսկ թե ինչ սարսափելի իրականության հետ բախվեց մեր հերոսը Վլադիվոստոկում` կներկայացնենք «Իրավունք-Հետաքննության» չորեքշաբթի օրվա համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում