livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Alla2Գնա՞լ Բաքու, թե՞ ոչ: Երեկ այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն էին արտահայտում ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու երգչուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ: Բանախոսները եւս մեկ անգամ պնդեցին ու պարզաբանեցին իրենց տեսակետները, թե ինչու պիտի Բաքու չմեկնենք:

Երգչուհի Ալլա Լեւոնյանն ի սկզբանե դեմ է եղել Բաքու մեկնելուն, բայց. ՙԵթե պետք է ու պարտադիր մասնակցելը, այդ դեպքում պիտի հավուր պատշաճի ներկայանանք, ավելի լավ, քան մինչ այսօր: Բայց կարծում եմ, որ ՙԵվրատեսիլն՚ ինչքան էլ լավ երեւույթ է, այնքան էլ չի կարելի բարձր դասել, որ ավելին լինի, քան մեր ազգային արժանապատվությունը, մեր սկզբունքներն ու ինքնասիրությունը: Հատկապես, որ ոչ վաղ անցյալում է Սումգայիթը, որն ամեն անգամ ըմբոստանալու, չարանալու առիթ է, ամեն անգամ վրեժխնդիր լինելու ցանկություն է առաջանում: Բայց ընդամենը խեղդված լացով եմ կարողանում ամեն ինչը տանել: Այսինքն` ինձ համար կան սկզբունքներ, որոնց վրայով չի կարելի անցնել: Ի վերջո, կարելի է մյուս տարի մասնակցել, եթե ինչ-որ բան ենք ուզում ասել, ներկայանալի լինենք, ապա հաջորդ տարիներին կարող ենք հաղթել: Եթե սահմանի վրա ադրբեջանցիները զինադադարի խախտումներ են թույլ տալիս, եթե իրենց կողմից վատ, ստոր արարքներ են կատարվում, ինչո՞ւ պիտի մենք լինենք միշտ հանդուրժողը: Եթե սպանվում են մեր եղբայրները, տղաները, կարելի է ուղղակի արհամարհել ու Բաքու չգնալ: Սա այն տարբերակը չէ, որ հաճախ ասում են` ՙԳնանք, ապացուցենք՚: Ո՞ւմ ենք ապացուցում, մենք հաղթանակած ենք, երգով չէ, որ պետք է ապացուցենք:

Երգով կարելի է ապացուցել տարբեր տեղերում եւ տարբեր վիճակներով, ոչ թե լարված վիճակում. նրանք դրան արժանի չեն: Մեր չմասնակցելը պետք է ընկալվի հենց որպես արհամարհանք, այլ ոչ թե վախ: Ճիշտ է, կասեն` վախենում ենք, որ չենք գնում: Թող վախենան իրենք, որ մենք իրենց հաղթել ենք: Իրենք թող մտածեն, որ մեր սիրտը շահեն, որ մենք ուզենանք գնալ իրենց հետ մասնակցենք՚:

Լրագրողներին իր կարծիքը հայտնելուց հետո երգչուհին պատմեց մի դեպք. ՙՏարիներ առաջ, իմ կոլեգաներից մի քանիսը պատմեցին, որ Նյու Յորքում ինչ-որ մեծ փառատոն պետք է լիներ, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ պետք է մասնակցեին: Ադրբեջանցիները չէին մասնակցել` ասելով, որ դրանցից, այսինքն` հայերից հետո պետք է ժավելով սրբեն բեմը կեղտից, հետո իրենք բարձրանան բեմ: Այսինքն` բաներ, որոնք մեզ վատ դրության մեջ են դնում, իսկ իրենց ստորացնում եւ նսեմացնում: Ի վերջո, մուսուլմանական ազգ են, ունեն իրենց հատուկ ավանդույթները, սակայն, անցնելով իրենց սրբությունների վրայով, համաձայնել են չորս օր համասեռամոլների շքերթ կազմակերպել` Եվրոպային դուր գալու համար: Եվ հետո` ՙԵվրատեսիլը՚ այն հարցը չէ, որ այս լարված վիճակում պետք է մեզ թույլ տանք գտնվել իրենց կողքին կամ գնալ ինչ-որ բան ապացուցելու՚:

Երգիչ Արսեն Գրիգորյանի խոսքերով. ՙՙԵվրատեսիլ՚-ին մասնակցել-չմասնակցելը կենաց մահու հարց չէ: Ի սկզբանե պետք է պարզ լիներ բոլորիս, որ պիտի չմասնակցենք: Ես այսօր այստեղ եմ ոչ միայն որպես երգիչ, այլ որպես քաղաքացի, հայ: Սա, բնականաբար, արժանապատվության խնդիր է, ամենակարեւոր խնդիրը, որ պետք է մտածենք: Ովքեր ասում են, որ կարելի է գնալ եւ շոու-բիզնեսի փառատոնը հավասարեցնում ես ազգային արժանապատվության հետ, ուրեմն ես դրան համաձայն չեմ: Ընդամենը 3-4 օր առաջ մենք գույժ ստացանք, որ նորից զոհվել է մեր զինվորներից մեկը: Իսկ նշանառու ադրբեջանցին դրա համար ներքին կարգով վաստակում է աստղեր, այսինքն` պաշտոնի բարձրացում, սա հստակ ձեւավորված կարգ է իրենց բանակում: Եթե այդպիսի բան կա, այն էլ` զինադադարի, այսինքն` խաղաղության պայմաններում, նշանակում է մենք, պիտի չունենա՞նք այդ արժանապատվությունը, որ մտածենք այդ արյան մասին: Մեր անմեղ երիտասարդները զոհվում են, իսկ մենք պետք է գնանք եւ հենց Բաքվում մասնակցենք ՙԵվրատեսիլի՞ն՚: Դա անընդունելի երեւույթ է: Ինչո՞ւ չէ, նաեւ անվտանգության խնդիր կա: Ես ընդհանրապես դեմ եմ, որ ադրբեջանցիների հետ որեւէ կապ ունենանք, բացի նրանից, որ դա նվիրված կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՚: Երգչի խոսքերով` իրենք` երգիչները ոչ թե բոյկոտում են ՙԵվրատեսիլը՚, այլ պարզապես չեն ուզում գնալ Բաքու: Ինչպես նշեց բանախոսը, չմասնակցելու դեպքում ոչ մի խնդիր չի լինի, այլ, հակառակը, մասնակցությունը խնդիր կլինի մեզ համար:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մշակույթը, արվեստը սահմաններ չեն ճանաչում եւ չգնալով մենք կհավասարվենք ադրբեջանցուն, Ալլա Լեւոնյանն այսպես արձագանքեց. ՙՄենք ուզենք էլ, չենք կարող հավասարվել ոչ մի առումով` մեր պատմությամբ, մեր բարձր արժանիքներով: Ինձ թվում է, որ մասնակցության դեպքում ենք հավասարվում, երբ իրենց ինչ-որ բանի տեղ ենք դնում՚: Արսեն Գրիգորյանն էլ, լրացնելով գործընկերուհուն, ասաց. ՙՄենք երբեք չենք հավասարվի ո'չ ադրբեջանցիներին, ո'չ էլ թուրքերին: Իսկ ինչ վերաբերում է, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, ապա այս տարբերակում, կարծում եմ, կա բացառություն: Այդ խոսքը շատերն են ասում: Նրանք, ովքեր թուրքաբարո երգեր են երգում հայերենն աղավաղելով, ասում են. ՙԻ՞նչ կապ ունի, ես լսում եմ, երգում եմ...՚: Մենք անընդհատ ասում ենք, որ երիտասարդ պետություն ենք, պետք է հաստատվենք եւ ունենանք հատուկ մշակութային ռազմավարություն, որով պետք է դաստիարակենք մեր գալիք սերունդներին: Բոլորս էլ գիտենք, որ այսօր աղբ կա այդ դաշտում, ավելի մեծ խնդիրներ ունենք մշակութային կյանքում, քան թե` գնա՞նք Բաքու, թե՞ ոչ: Բոլորս էլ գիտենք, որ ՙԵվրատեսիլը՚ քաղաքականացված երեւույթ է. եթե հետեւել եք, բոլոր տարիներին բոլոր հարեւան պետությունները մեկը մյուսին են միավորներ տալիս, դրա համար այդ մրցույթը կարեւոր չէ, սա մշակույթ չէ, ուղղակի շոու-բիզնես է՚:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հորդորում էին մի քիչ մտածել ազգային արժանապատվության մասին եւ հնարավորության դեպքում հարցը լուծել ի նպաստ մեր ազգային արժանապատվության: ՙՄենք իրավունք չունենք այդ ամենը մի կողմ դնենք ու մասնակցենք այդ մրցույթին զուտ մասնակցության համար: Հետո ի՞նչ, ասենք, մասնակցեցինք, ի՞նչ պիտի փոխվի, այսքան ժամանակ մասնակցել ենք, ոչ մի բան էլ չի փոխվում: Մենք մշակույթում ավելի կարեւոր խնդիրներ ունենք՚,- ասաց Ա. Գրիգորյանը:

Իսկ լրագրողների այն հարցին` տեղյա՞կ են, թե այդ մրցույթին մասնակից պետություններն ինչ կարծիքի են մեր չմասնակցելու մասին երգիչը հարցով պատասխանեց. ՙԵրբ տարիներ առաջ ադրբեջանցին կացնահարեց մեր սպային` Գուրգեն Մարգարյանին, երբ անընդհատ գնդակահարում են մեր զինվորներին, ի՞նչ վերաբերմունք կա տարբեր պետությունների կողմից: Այդ անմեղ արյունը, որ հեղվում է, մենք պատասխանատու ենք դրա համար, իսկ մենք գնանք, երգե՞նք այնտեղ: Այլ երկրների վերաբերմունքը մեզ հետաքրքիր չէ՚:

Ա. Գրիգորյանը Բաքու չմեկնելու առաջարկ էլ ունի. ՙՉգնալու միջոցը պիտի լինի այն, որ մենք ասենք, թե երգ ենք պատրաստում Արցախին նվիրված, եւ, բնականաբար, նրանց կողմից չի ընդունվի երգը, ու այդպես չենք գնա՚: Իսկ թե ինչու հատկապես հիմա թեժացավ այս հարցի քննարկումը, երգիչը մի բացատրություն ունի. ՙՈւղղակի մոտեցավ ՙԵվրատեսիլ՚-ին մեկնելու ժամանակը, եւ եղան մարդիկ, ովքեր մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին՚:

AllaԱ. Լեւոնյանին էլ զարմացրել է այն, որ վերջին մեկ ամսում շարունակ իրեն են զանգահարել այդ հարցով, քանի որ. ՙԵս ՙԵվրատեսիլ՚ գնացող երգչուհի չեմ եւ կարծում էի, որ այդքան կարեւոր չէ իմ կարծիքը, բայց արի ու տես, որ բոլորի կարծիքն էլ կարեւոր է՚:

Ասուլիսի ավարտին Արսեն Գրիգորյանը հանդես եկան կոչով. ՙԿոչ եմ անում բոլորին, անգամ` լրագրողներին, որ միասնական լինենք եւ հորդորենք բոլորին չմեկնել Բաքու, որովհետեւ սա իսկապես բարոյական հարթության վրա է, սա տեխնիկական չէ, որ գնանք, կհաղթե՞նք, թե՞ ոչ, կամ, ասենք, լոլիկով կխփե՞ն, թե՞ ոչ՚: Իսկ Ալլա Լեւոնյանը հավելեց. ՙԵթե իմանանք, որ իսկապես հաղթելու ենք, էլի պետք չէ գնալ: Այստեղ ուրիշ սկզբունքներ կան՚:

Բանախոսները լրագրողների այն հարցին, թե, եթե Հանրային հեռուստաընկերությունը դեմ գնա իրենց պահանջին, եւ, այնուամենայնիվ, մեկնեն Բաքու, ապա ի՞նչ կանեն, պատասխանեցին, որ կման իրենց կարծիքին հավատարիմ. ՙՄեր տեսակետի տերն ենք, պիտի չգնանք: Ովքեր ասում են, որ պետք է գնանք, պատասխանատվություն են կրելու: Թող իրենք մտածեն, որ վաղը, մյուս օրը պատասխանատու են լինելու այդ մարդու կյանքի, հետագա հետեւանքների եւ մեր այսօրվա վիճակի համար՚:

Ինչեւէ, հուսանք, որ Հանրային հեռուստաընկերությունը իր խոստացած մարտի 18-ին կկայացնի ճիշտ ու հային վայել արժանապատիվ որոշում եւ PR-ի հետեւից չընկնելով` պարզապես չենք մեկնի Բաքու:

 

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում