livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

kinoՇաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերան, որը պիտի տեղի ունենար դեռեւս անցյալ տարեվերջին: Կինոթատրոնի տնօրինությունը մեղադրվում էր Երնջակյանի ֆիլմը ցուցադրելու հնարավորություն չտալու համար, սակայն վերջիններս (իսկ որոշ ժամանակ անց` նաեւ Երնջակյանը) հերքեցին այն` նշելով, որ հիմնական մեղավորը Երնջակյանն է, քանի որ վերջինս կինոթատրոնի կողմից տրված ժամկետներում չի հասցրել ցուցադրել ֆիլմը, խախտել է պայմանագիրը, ինչի համար ստիպված է սպասել մինչեւ մարտ:

Այնուամենայնիվ, խոստացած ժամկետներում կայացավ ֆիլմի պրեմիերան: Մի քանի ամիս տարբեր հեռուստաալիքներով գովազդվող ֆիլմի անոնսներում նշվում էր, որ մինչեւ 16 տարեկաններին արգելվում է դիտել ֆիլմը, սակայն հետագայում պարզվեց, որ մի քանի լրատվամիջոցների մուտքն էլ արգելվեց դահլիճ: Ցավոք, վաղուց ենք դուրս եկել այդ տարիքից, բայց այնուամենայնիվ, մուտքի իրավունք տրվեց միայն ֆիլմի տնօրինության կողմից ընտրված լրատվամիջոցներին: Երբ ֆիլմի սկսելուց բառացիորեն 2 րոպե հետո հասանք կինոթատրոն, աշխատակիցները մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներիս թույլ չտվեցին մտնել դահլիճ` պատճառաբանելով. «Իրենք իրենց ժուռնալիստներով ներս են մտել»: Ապա մեզ համոզում էին, որ դահլիճում նստելու տեղ չկա, հո ոտքի վրա չե՞նք կանգնի: Բայց երբ հիշեցրինք, որ դեպքեր են եղել, երբ լրագրողներս նույնիսկ կանգնած կամ աստիճաններին նստած ենք ֆիլմի պրեմիերաներ դիտել, աշխատակիցը վրդովված ասաց, որ օրենքները փոխվել են:

Ինչեւէ, լրագրողներիցս մեկին հաջողվեց մուտք գործել դահլիճ, եւ արդյուքնում պարզվեց, որ դահլիճն ամենեւին էլ լիքը չէր, ինչպես աշխատակիցն էր մեզ համոզում, այլ կային բազմաթիվ դատարկ աթոռներ: Երբ ֆիլմի ավարտին հանդիսականներից հետաքրքրվեցինք, թե արդյոք ֆիլմում կայի՞ն բաց տեսարաններ, որի համար ֆիլմն արգելվում էր դիտել մինչեւ 16 տարեկաններին, պարզվեց, որ ամենեւին էլ ֆիլմում բաց տեսարաններ չեն եղել, ավելին. «Այսօր հեռուստատեսությամբ եւ սերիալներում ավելի բաց տեսարաններ ու մինչեւ 16 տարեկաններին արգելվող բաներ են ցուցադրվում, քան այս ֆիլմում»: Գուցե ֆիլմի տնօրինությունն առաջնորդվել է «Արգելված պտուղը քաղցր է» կարգախոսով, քանի որ այդպես հենց մինչեւ 16 տարեկանների ու նաեւ մյուսների մոտ ավելի շատ հետաքրքրություն կառաջացնի:

Բայց հետաքրքիրն այն էր, որ հենց Երնջակյանն ինքն իր ֆիլմի սկսելուց րոպեներ անց դուրս եկավ դահլիճից եւ ծննդատանն իր առաջնեկի ծննունդին սպասող հայրիկի նման անդադար ծխում էր` մինչեւ ֆիլմի ավարտը: Պարզապես պակասում էին ծննդատան պատուհաններն ու սպիտակ խալաթով բուժքույրերը, որոնք ամեն կերպ ջանում են առաջինն ասել հայրիկին երեխայի սեռը` գումար աշխատելու համար: Սակայն այս դեպքում սպիտակ խալաթավորներին փոխարինեց դահլիճից հնչած զանգը, որից անմիջապես հետո Երնջակյանը մտավ դահլիճ` երեւի ֆիլմի վերջին մի քանի րոպեները դիտելու եւ վերջում ծափահարելու իր առաջնեկի ծննդյան առթիվ:

Ֆիլմի հանդիսականների շարքում էին նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այստեղ հիշեցինք մի հին կինոնկար` «Դու ինձ, ես՝ քեզ»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի ավագանու անդամ Ա. Երնջակյանը, Մաշտոցի պուրակում հանդիպելով այգին պաշտպանող ակտիվստների հետ, ողջունեց քաղաքապետի նախաձեռնությունն ու պաշտպանեց քաղաքապետին` դրանով իսկ պախարակելով արվեստագետի իր բարի համբավը: Իսկ քաղաքապետն էլ, երեւի, որպես երախտագիտություն, եկել էր Երնջակյանի ֆիլմին:

Այնպես որ, այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում