livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

nuneՀայտնի, սիրված երգչուհի Նունե Եսայանին ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին Բաքվում կայանալիք ՙԵվրատեսիլ՚ մրցույթին Հայաստանի մասնակցել-չմասնակցելուն, ինչպես նաեւ երգիչ-երգչուհիների` այս կամ այն կուսակցության ընտրարշավին ելույթ ունենալու խնդրին:



ՄԻ ԱՆԳԱՄ ԵՄ ԲԱՑԱՀԱՅՏ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



( - Քաղաքական գործիչները, պետական այրերը երգիչ-երգչուհիներին, արվեստի մարդկանց, կարծես թե, հիշում են միայն ընտրություններից առաջ: Իրո՞ք դա այդպես է, թե՞ընդհանրապես նրանք գտնվում են ուշադրության կենտրոնում նաեւ այլ օրերին: Արժե՞երգով մասնակցել ընտրարշավներին, մասնակցել որեւէ կուսակցության, անհատի նախընտրական քարոզարշավին (Գեւորգ):

-Ես միայն իմ անունից կարող եմ խոսել, որովհետեւ ես չգիտեմ, թե որ արտիստն ում հետ է շփվում, ում է համակրում, որ կուսակցությանն է պատկանում գաղտնի կամ բացահայտ: Ոչինչ չեմ կարող ասել ու ոչ ոքի ո՛չ կարող եմ քննադատել, ո՛չ էլ վատ խոսքեր ասել կամ գովել: Կոնկրետ ես առաջնորդվում եմ իմ սկզբունքներով, այսինքն` պետք է մարդուն ճանաչեմ` ով ուզում է լինի, որ կուսակցությունից ուզում է լինի, շփվեմ, վերջիվերջո, հավատամ, որովհետեւ ընտրությունների ժամանակ միայն խոստումներ են հնչում: Իսկ հետո արդեն մենք տեսնում ենք արդյունքը. կամ խոստումները կատարվում են, կամ` ոչ: Եվ կապ չունի` դա կլինի խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրություններ: Մի անգամ եմ բացահայտ մասնակցել ընտրություններին, եւ թաքցնելու ոչինչ չկա, բոլորն էլ գիտեն այդ մասին: Եվ դա միայն իմ ցանկությամբ է եղել, ինձ ոչ ոք չի խնդրել, ոչ ոք չի ստիպել, ոչ ոք չի վճարել, ես ինքս որոշել եմ մասնակցել, որովհետեւ տվյալ մարդուն ճանաչել եմ մոտ տասնհինգ տարի, ծանոթ եմ նրա գործունեությանը, եւ բոլոր այս տարիների ընթացքում նա եղել է ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր արվեստագետների կողքին... Հաստատ կարող եմ ասել, որ չկա մի արվեստագետ, ով որեւէ հարցով դիմած եւ մերժված լինի:

- Դուք նկատի ունեք գործող նախագահի՞ն:

- Այո՛: Եվ մինչ այսօր էլ արվեստի առումով ինչ խոստումներ եղել են, կատարվել են: Ես շատ լավ հասկանում եմ ժողովրդի բողոքը, որ շատ վատ է ապրում. մենք էլ ապրում ենք ժողովրդի կողքին:Բայց ես չեմ կարող վատ խոսքեր ասել այդ մարդու վերաբերյալ, եթե կոնկրետ իմ բնագավառի առումով ամեն ինչ արվել է: Բայց քանի դեռ ժողովուրդն աղքատության մեջ է ապրում, թոշակառուների վիճակը պարզապես ողբալի է, բայց շատ բան այդ մարդուց չէ կախված. երկիրը դեռեւս տնտեսապես զարգացած չէ, ճգնաժամ է...Դրա համար էլ պարզ է` ժողովրդի աչքի գրողն եմ դառնում, երբ սկսում եմ պաշտպանել ինչ-որ մեկին:


ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵԿՆ Է` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆԸ


( - Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ Ձեզ հետ խոսելու, ես Ձեր երկրպագուներից եմ: Մի շատ մտահոգիչ հարց կա, որի շուրջ աղմուկըnune1 գնալով շատանում է: Խոսքն աղանդների մասին է: Չգիտեմ, թե Դուք որքանով եք տեղյակ, որ Ձեր գործընկերներից շատերն այս կամ այն կրոնական կազմակերպությունում են ընդգրկվում: Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը, քանի որ Դուք քսան տարուց ավելի արդեն մեր հայկական բեմում եք գտնվում (Անահիտ):

-Բնականաբար, իմ կարծիքը բացասական է, եւ ես զարմանում եմ նույն երիտասարդների վրա, որ իրենք բոլորիս ուզում են ապացուցել, որ այդ, այսպես ասած, եկեղեցին ճիշտն է, մյուսը սխալ է: Այսինքն` շատ ակնհայտ է, որ եկեղեցին մեկն է` Հայ Առաքելականը, եւ հավատքն էլ մեկն է: Ինչպե՞ս կարելի է գնալ ուրիշ տեղ էլ եւ հավատալ, որ երկրորդ, երրորդ եկեղեցին էլ կա, ես դրա մասին չեմ էլ ուզում նույնիսկ խոսել: Ուղղակի երեւի թե պետք է պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ ամենը տարածողները, այսպես ասած, արմատախիլ արվեն:

- Բանն այն է, որ, ինչքան որ տեղյակ եմ, հենց պետությունն ինքն է դա թույլ տալիս, այսինքն` թույլ է տալիս խղճի ազատության այդ դրոշակը թափահարելով: Ցավը նաեւ այն է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ավելի շատ մարդիկ կան այնտեղ:

- Դա այդ տարածողների նպատակն է, եւ իրենք շատ ճիշտ են աշխատում, այսինքն` ընտրում են այնպիսի մարդկանց, որ իրենց գաղափարներն ավելի արագ տարածվեն: Չէ՞որ շոու-բիզնեսի մարդը հայտնի է, կարող է շատ ցանցեր, կապեր ունենալ, այսինքն` ինքը շատ արագ կարող է տարածել, ինչպես ամբողջ աշխարհում են անում: Օրինակ, հոլիվուդյան աստղերի մեծ մասն այդ հոսանքների ազդեցության տակ է, եւ ես շատ լավ գիտեմ, որ գործընկերները կապերը խզում են նրանց հետ: Երեւի թե մենք էլ պետք է մի այդպիսի բան անենք, իհարկե, հարյուր տոկոսով իմանալով, որ նրանք իրոք աղանդավոր են: Այսինքն` պետք է փորձենք մեր կապերը խզել հենց այդ մեր գործընկերների հետ, արհամարհենք եւ դրանով իսկ հասկացնենք իրենց արածի վտանգավորությունը, անընդունելի լինելը...

- Իսկ նման փորձ արե՞լ եք:

- Ուղղակի ապացույց չունենք. իրենք հերքում են ամեն կերպ:

- Ես երեկ հեռուստատեսությամբ հաղորդում էի դիտում, եւ հենց կոնկրետ երգիչ Մհերը բացահայտ հայտարարեց, որ ոչ մի վատ բան չկա, եւ ինքը շատ ուրախ է, որ գտնվում է հենց կոնկրետ ՙԿյանքի խոսք՚, իր ասելով, եկեղեցում: Նա նաեւ հավելեց` այո՛, ինձ հովանավորում է ՙԿյանքի խոսքը՚:

- Հենց խնդիրն էլ դա է. նման հաստատություններում գումարային հովանավորչություն կա, եւ բոլորիս էլ հայտնի է, որ իրենց լավ պահում են, ու, երեւի թե, հենց դա է գայթակղում այդ մարդկանց: Ես էլ գիտեմ մի քանի արտիստների, ում անունները կապվում են այս կամ այն աղանդի հետ, բայց եթե հարյուր տոկոսով համոզվեմ, որ դա իրոք այդպես է, ուղղակի կապը կխզեմ նրանց հետ, կարհամարհեմ... Իհարկե, եթե ինձ հետ շփումն իրենց համար կարեւոր չէ, կարող է բանի տեղ էլ չդնեն եւ շարունակեն իրենց գործը: Բայց եթե ինձ նման շատերը նրանց արհամարհեն, այդ դեպքում արդեն կարող է դա ազդել:

- Դուք ասացիք, որ շոու-բիզնեսն արագ տարածում ունի, Դուք եւս շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից եք, եւ այստեղ բնական հարց է առաջանում` բա ինչո՞ւ Դուք նման ծուղակը չեք ընկնում:

- Ամեն մարդ ունի իր ուղեղը, իր մտածելակերպը, իր ճանապարհը... Եթե շատ երիտասարդ լինեի, գուցե ինձ էլ փորձեին գայթակղել, բայց հիմա շատ ուշ է, ինձ չեն կարող խաբել:

- Այսինքն` վստահ եք, որ եթե երիտասարդ լինեիք, Ձեզ է՞լ կխաբեին:

- Չեմ կարող ասել... Միգուցե...


ԵՎ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐ ԶՈՀՆ Է ԴԱՌՆՈՒՄ


( - Ձեր ձայնը մեզ շատ դուր է գալիս: Կա այսպիսի ասույթ. ՙԿարիքն օրենք չի ճանաչում՚: Իսկ Լյուկ դը Վովենարգը ասել է. ՙՍտրկությունը մարդկանց կարող է ստորացնել այնքան, որ նրանք սկսեն սիրել այն՚: Այսօր Հայաստանի ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ ընտրակեղծիքները կատարվում են հինգ հազար դրամ կաշառքով: Եթե ժողովուրդն այնքան շատ է սիրում այդ կաշառքը, որ համաձայնում է վերցնել այն, դա չի՞նշանակում, որ մենք ունենք ստրկացված ժողովուրդ, ստրկատիրական հասարակարգ: Եվ այս դեպքում ստրկացնո՞ղն է մեղավոր, թե՞ստրկացողը, ստրուկը (Ֆեդյա Գսպոյան):

-Եթե մենք դարեր, հազարավոր տարիներ ետ գնանք, կտեսնենք, որ հարուստը միշտ ճնշել է աղքատին, աղքատը միշտ ենթարկվել է հարուստին: Ու մինչեւ այսօր էլ նույն բանն է, այսինքն` մենք եկել-հասել ենք 21-րդ դար, բայց միեւնույն է, հարուստ-աղքատ օրենքը գործում է, եւ Դուք շատ լավ կիմանաք մարդու հոգեբանությունը: Եթե մարդը վերցնում է այդ գումարը եւ անում է այն, ինչը չի ուզում, նշանակում է, որ ոչ թե ստրուկ, այլ, ավելի ճիշտ, ինքը իր զոհն է դառնում: Ուրեմն պետք չէ գնալ նման քայլի: Եթե ուզում են արդար ընտրություններ, թող փող չվերցնեն, գնան եւ ընտրեն նրան, ում իրենք ուզում են: Միայն այդ ձեւով կլինեն արդար ընտրություններ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ լցնում են քվեաթերթիկներ, կեղծում են արդյունքները, ապա ոչ ոք չի կարող այդպիսի բան անել, եթե ազգն այդպիսի բան չանի: Չեմ կարող ասել` ժողովուրդը ստրկացվա՞ծ է, թե՞ոչ, բայց կարիքը ստիպում է նրան, որ գնա ամեն քայլի, նույնիսկ այդ պահին գումար վերցնի, բայց չմտածի վաղվա օրվա մասին:

- Ես կողմնակից եմ, որ երկու հարեւան ժողովուրդների միջեւ թշնամություն չլինի, թշնամությունն աստիճանաբար պետք է վերացվի:

- Դուք այդպես եք մտածում, բայց հարեւան ժողովուրդն այդպես մտածո՞ւմ է, թե՞ ոչ:- Մեր հարեւանն այդպես չի մտածում, բայց այնտեղ էլ այդպես մտածողներ կան. չէ՞ որ, այնուամենայնիվ, երկար ժամանակ մենք դրացի ժողովուրդ ենք եղել: Ես չեմ ասում, որ անպայման գնան Բաքու, բայց կոպիտ, ժողովրդին վարկաբեկող բառեր ասելը, իմ կարծիքով, անհարկի են: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Ես չգիտեմ, թե Դուք ինչքանով եք ինտերնետին ծանոթ եւ ինչքանով եք տեղյակ: Բայց եթե գոնե մի օր մտնեք այդ կայքերը եւ տեսնեք, թե թուրք, ազերի երիտասարդները մեր հասցեին ինչեր են գրում, երեւի չեք դիմանա, զենքը կառնեք ու կգնաք նրանցից հաշիվ պահանջելու:


ՈՐ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԱՍԻՆ ԳԱՂԱՓԱՐ ՈՒՆԵՆԱՆ


( - Ես Ձեզ հղում եմ իմ անկեղծ համակրանքը, ես Ձեզ գնահատում եմ ոչ միայն որպես երգչուհի, այլ նաեւ որպես ինտելեկտուալ անձնավորություն: ՙԵվրատեսիլի՚ շուրջ այնպիսի աժիոտաժ է ստեղծվել, որ կարելի է մտածել, թե Հայաստանը, բացի երգելուց ու պարելուց, ուրիշ անելիք չունի: Բայց մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ շատ ավելի կարեւոր խնդիրներ կան: Իսկ այդ մրցույթն առանձնապես արժեք էլ չունի: Ես կարծում եմ, որ Դուք նույնպես կողմ եք Բաքու չգնալուն (Մարդանյան):

-Բոլոր տեսակի միջազգային մրցույթները երգչին տալիս են արտերկրներում ճանաչվելու հնարավորություններ, ու բնական է, որ մենք միայն մեր երկրով չպիտի սահմանափակվենք: Հայ երգը, երաժշտությունը, երգչին, արվեստագետին պետք է դրսում էլ շատերը ճանաչեն, դա նաեւ քաղաքականություն է, որ մեր ազգի մասին գաղափար ունենան, իմանան, թե ինչ տաղանդներ ունենք: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջան գնալ-չգնալուն, ապա ես զարմանում եմ, որ այդ հարցը տալիս են այն մարդկանց, ովքեր դեմ են գնալուն: Այդ հարցը պիտի ուղղեք այն մարդկանց, ովքեր կողմ են գնալուն, եւ հարցնեն, թե ինչու են կողմ:


ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ


nune2( - Նախ ուզում եմ շնորհավորել Ձեր գալիք Մարտի 8-ը: Դարավոր կաղնու նման միշտ ամուր կանգնես մեր հայ հողի վրա ու թեւերդ էլ լայն բացես ու այնպես մեր հայ երգը մատուցես մեզ, որ միշտ մեր սրտում մնաս երիտասարդ Նունե Եսայան: Ես ծնունդով Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղից եմ, 16 տարեկանից եկել, 50 տարուց ավել ապրում եմ Երեւանում: Շատ խիստ հայասեր եմ, սիրում եմ մեր մշակույթը: Ինչ որ լսել եմ էդ անտեր ՙԵվրատեսիլի՚ մասին, մինչեւ էսօր էլ գիշերը չեմ կարողանում քնել: Մտատանջում է այն հարցը, որ մեր երգիչ-երգչուհիներից որեւէ մեկը կարող է գնալ: Մի° գնացեք, բոյկոտի ենթարկե°ք, եղե°ք հայրենասեր: Արսեն Գրիգորյանը` մեր Մրոն, եւ Ալլա Լեւոնյանը ՙԻրավունքում՚ շատ լավ էին ասել, ապրեն իրենք, շատ ապրեն, որ այդպես դեմ են կանգնել: Ինչպես հայտնի բանաստեղծությունում է ասվում` մեր արյունն է այնտեղ հոսում` ներկած ե°ւ տուն, ե°ւ փողոց: Բա մի սրահում, որի պատերը ներկված են հայի արյունով, արժե՞, որ դուք գնաք, երգեք (Նորքի 5-րդ զանգված, Նինա Սարգսյան):

- Ես ուզում եմ Ձեզ ասել` հանգիստ քնեք այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ. ոչ ոք ՙԵվրատեսիլ՚ չի գնում: Իսկ ովքեր ուզում են գնալ, մի քիչ երիտասարդ են, շատ բան պարզապես չեն հասկանում:

- Դուք պետք է հասկացնեք:

- Մենք հասկացրել ենք, եւ ոչ ոք չի գնա, հանգիստ եղեք:

- Իմ հեռախոսահամարը մեր երգիչ-երգչուհիներին տվեք, թող զանգեն, ես իրենց ասեմ: Օրերս մենք մեր զոհվածների հուշաքարին ծաղիկ դրեցինք, հիմա գնանք նրանց մոտ երգե՞նք: Նրանք էլ կասեն` ինչքան էլ իրենց բռնաբարում ենք, վառում ենք, մորթում ենք, էլի գալիս են:

- Մի՛ մտահոգվեք, ոչ ոք չի գնալու Բաքու:


ԱՅՍ ՏԱՐԻ ՉԼԻՆԻ, ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ


( - Ես Ձեր արվեստի երկրպագուն եմ, շատ մեծ կին` 75 տարեկան: Ցանկացած վիրավորանք տվող մարդուն արհամարհելն ամենամեծ պատիժն է... Շատ հաճելի էր Արսեն Գրիգորյանի եւ Ալլա Լեւոնյանի խոսքը. բավականին կիրթ, չափած-ձեւած: Մենք մեր մեծությունը պետք է ապացուցենք ազերիներին արհամարհելով: Դուք ինձ հետ համամի՞տ եք (Սոնյա):

- Միանգամայն համամիտ եմ: Առաջինը` որ մենք չենք մեռնում այդ մրցույթների համար, եւ, բացի այդ, այս տարի չլինի, եկող տարի կլինի, դա ոչինչ չի փոխի: Երկրորդն էլ` ոտք չենք դնի թուրքի երկիր: Երկու կոնկրետ նպատակ կա: Կարող եք հանգիստ լինել, որովհետեւ ոչ ոք չի գնա ՙԵվրատեսիլ՚:

- Ամոթ էլ կլինի, որ գնան: Մենք մեր երգով Սինգապուրում էլ ենք հայտնի, ի՞նչ պարտադիր է, որ գնանք Բաքվի ՙԵվրատեսիլը՚:

- Շատ ճիշտ եք: Ես բազմիցս ասել եմ այդ մասին, համապատասխան հայտարարությունը ստորագրել եմ:


ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ԿՈՂՄ ԵՄ ՉԳՆԱԼՈՒՆ


( - Ես Ձեր ջերմ երկրպագուն եմ: Ադրբեջանասեր, ադրբեջանածարավ որոշ, մեղմ ասած, տարրեր ուզում են գնալ Բաքու: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Դեռ մարտի 18-ին էլ պետք է որոշում կայացնեն, որ գնա՞ն, թե՞չգնան (Բագրատ Ստեփանյան, նախկին դարպասապահ):
-Ես առաջին մարդկանցից եմ, ով բացասական է տրամադրված եղել ու հարյուր տոկոսով կողմ է եղել չգնալուն: Իսկ մարտի 18-ը երեւի կոնկրետ մասնակցի անունը հայտնելու վերջնաժամկետն է:


ՌԱԲԻՍԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԴՐՍՈՒՄ


( - Հեռուստատեսության մշակութային, մասնավորապես` երաժշտական հաղորդումների մասին ի՞նչ կարծիքի եք: Արդեն այնտեղ էլ սկսել է
անճաշակությունը, ռաբիսը իշխել: Թեկուզ ժամային առումով. օրինակ, դասական, ժողովրդական երաժշտությունը մատուցվում է շատ ուշ ժամերի, իսկ ամենալավ ժամերին կա°մ ռաբիս է հնչում, կա°մ սերիալներ են ցուցադրում (Հասմիկ):

-Ինչ վերաբերում է նրան, որ ռաբիսը ներխուժել է հեռուստատեսություն, դա ամենասխալ բաննnune3 է, որը նաեւ վրդովմունք է առաջացնում շատ մարդկանց մոտ: Ռաբիսը, այսպես թե այնպես, ինքն իր ճանապարհը գտել է եւ կգտնի. նույնիսկ առանց տեսահոլովակի էլ տարիներ շարունակ այդ երաժշտությունն անգիր գիտենք` չնայած ոչ ճանաչել ենք երգչին, ոչ տեսել ենք նրան: Ռաբիսը ո°չ մի գովազդի, ո°չ մի հեռուստատեսության կարիք չունի, դրա համար էլ ինքը պետք է մնա դրսում, ինքն իր համար` ռեստորաններում, խնջույքներում.. Դա պետք է լինի, բայց չներխուժի հեռուստատեսություն: Իսկ քանի որ մեր երգիչները հասկացան, որ դա փող աշխատելու միջոց է, անցան սինթեզի. փոփ երաժշտությունը ռաբիսի հետ խառնեցին, որը հայտնի դառնալու եւ փող աշխատելու ճանապարհ է: Նախկինում, օրինակ, ՙՀայհամերգից՚ աշխատավարձ էինք ստանում, հիմա ոչ մի նման բան չկա... Ու չես էլ կարողանում մեղադրել նրանց, ովքեր նորմալ, հաճելի երգերով են սկսել հանդես գալ, բայց հետո, կամաց-կամաց տեսնելով, որ պետք է տեսահոլովակ նկարվի, երգ ձայնագրվի, բայց գումարը չկա, անցել են այդ սինթեզին... Մի խոսքով` ամբողջը խառնվեց իրար:


ՙՈՒղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում