livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

trafՎերջին շրջանում, ավելի շատ հանդիպում են աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր, ուստի մենք եւս չենք կարող անմասն մնալ դրանց անդրադառնալուց: Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվածները հաճախ չեն էլ պատկերացնում, որ նրանք գործատուի հերթական զոհերն են, որոնց սոցիալապես ծանր պայմանները հող են նախապատրաստել գործատուի ծուղակն ընկնելու համար: Եթե սեռական շահագործման ենթարկողները եւ հավաքագրողները հիմնականում կանայք են, ապա այս դեպքում հակառակ պատկերն է: Սովորաբար, աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում տղամարդիկ, որոնք մեկնում են արտագնա աշխատանքների, բայց բացառություն չեն կազմում նաեւ կանայք: Եվ պատահական չէ, որ զրուցակիցս եւս իգական սեռի ներկայացուցիչ է:

Աննան (կեղծանուն է) այժմ 50 տարեկան է, այրի է, ապրում է ՀՀ-ի քաղաքներից մեկում: Աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկվել մի քանի տարի առաջ: Մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ պատմում է, որովհետեւ վերջերս շատ է լսում նման դեպքերի մասին.

- Պատմում եմ, որովհետեւ գիտեմ, ծանր պայմաններում ապրող մարդն ամեն ինչի էլ պատրաստ է, հեշտությամբ է հավատում ամենաչնչին խոստումներին, բայց հասնելով տեղ, երբ հասկանում ես, որ աշխատում ես ուրիշի համար, քո քրտինքն ուրիշն է ուտում, մտածում ես` ավելի լավ է կես կտոր հանապազօրյա հացի փողը վաստակես քո հողի վրա, քան փուչ միլիոնների հետեւից վազելով, խաբվածի պիտակը կրես մնացած ողջ կյանքում:

43 տարեկան էի: Պարբերաբար սեզոնային աշխատանքներ էի կատարում դաշտերում: Ապրում էի դստերս հետ: Հազիվ էինք ծերը ծերին հասցնում: Մոտ հարեւանուհիս միշտ ասում էր. «Աննա ջան, էստեղ ինչքան էլ աշխատես, կաշվիցդ էլ դուրս գաս մեկա մի օրի չես հասնի»: Մի օր էլ, թե` Աննա ջան, տեգրս Ռուսաստանում լավ գործի ա, փուռ ունի, «կակռաս» ասել եմ ձեր մասին, ասել ա` «Թող գան, աշխատեն»: Պատասխանեցի, որ էդ մի օրվա մտածելու բան չի: Այդ մասին խոսակցությունները հարեւանուհիս պարբերաբար բացում էր, բայց ես դանդաղում էի պատասխանիս մեջ:

Մի երկու ամիս հետո գյուղ եկավ հարեւանուհուս տեգրը` Ռոմանը (կեղծանուն է): Եկած օրվանից ինձ ու 22-ամյա դստերս անընդհատ համոզում էր, որ գնանք իր մոտ` Ռուսաստան` որպես հացթուխներ աշխատելու: Ամսական կվճարի 400 ԱՄՆ դոլար: Իր խոսքն հավաստի դարձնելու եւ ամրապնդելու համար ասաց, որ իր աղջիկն էլ է նույն փռում աշխատում: Եվ չնայած նրան, որ Ռոմանին ասում էի, որ երբեք որպես հացթուխ չեմ աշխատել եւ վստահ էլ չեմ, որ կկարողանամ հարմարվել, նա պնդում էր, որ ես ընդունակ կին եմ երեւում, շուտ կսովորեմ, այնպես որ, անհանգստանալու կարիք չկա: Ափսոս, որ այդ ժամանակ չէի հասկանում կամ պարզապես չէի ուզում գիտակցել, որ դրանք զուտ «կուտ տալու» մեթոդներ էին:

Համագյուղացիներս, ամեն մեկն իր հերթին, պնդում էին, որ չհավատամ ու չգնամ, բայց պատճառը, թե ինչու` ոչ ոք չէր ասում: Ես ինքս էլ էի կամուկացի մեջ. ո՛չ ռուսերեն նորմալ գիտեի, ո՛չ էլ կուտակված պարտքերս էի կարողանում փակել գյուղում: Ռոմանի որդու միջոցով զգուշացրեցի նրան, որ չեմ կարող գալ: Քանի որ Ռոմանն արդեն մեկնել էր, նա ինձ անմիջապես զանգեց, սկսեց համոզել, ասում էր, որ հարեւաններիս բաժանեմ ձմռան համար նախատեսած պաշարը եւ վառելիքը եւ դստերս հետ վեր կենամ գնամ` առանց ժամանակ կորցնելու: Իսկ պարտքերիս համար 100 ԱՄՆ դոլար ուղարկեց, որ պարտք ու պահանջ չունենամ ու էլ պատճառ չունենամ հրաժարվելու կամ էլ, ինչպես ինքն էր ասում` նազուտուզ անելու: Մի քանի օր անց մենք` ես եւ դուստրս, մեկնեցինք Մոսկվա: Տոմսերը մեզ համար գնել էր Ռոմանի որդին, որն էլ մեզ ճանապարհեց օդանավակայան: Մոսկվայից ինքնաթիռով մեկնեցինք Մագադան, որտեղից էլ ավտոբուսով Սախա-Յակուտիայի համայնքներից մեկը` Ուստ-Ներա անունով: Ինձ եւ դստերս տեղավորեցին վատ ջեռուցվող մի տան մեջ, անձնագրերս վերցրեցին` իբր ձեւակերպելու համար: Մինչ մեր մեկնելը Ռոմանն ասել էր, որ ամեն ինչ իր վրա է լինելու` ուտելը, ապրելը: Բայց մեկնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ այդ բնակարանի համար պետք է վճարել ամսական 100 ԱՄՆ դոլար` չհաշված կոմունալ վճարները եւ ուտելը: Երբ ես ասացի, որ Հայաստանում այդպես չենք պայմանավորվել, նա ծիծաղը դեմքին այսպես պատասխանեց. «Էն Հայաստանն էր, էս` Ռուսաստանը, տարածության մեջ չես կողմնորոշվում, շատ էլ, թե շատ բան էի ասել, հիմա էլ էս եմ ասում, քեզանից հասնում ա ենթարկվես, ուրիշ ոչինչ»:

Ես եւ աղջիկս գիշեր-ցերեկ աշխատում էինք: Մի շաբաթ անց աղջիկս հիվանդացավ, 20 օր պառկեց հիվանդանոց: Ռոմանը ոչ մի ձեւով չաջակցեց` ո՛չ ֆինանսապես, ո՛չ բարոյապես: Այնտեղ եղած ընթացքում մեր ազատ տեղաշարժը սահմանափակ էր, ձեռքներս փող չկար, չունեինք բավականին տաք հագուստներ, որպեսզի կարողանանք դիմակայել այնտեղի ցրտերին: Որոշ ժամանակ անց փուռը փակեցին, բայց մեր աշխատած աշխատավարձը Ռոմանը չվճարեց: Ես խնդրեցի ճանապարհել մեզ տուն, գոնե աշխատավարձի կեսը տա, կեսն էլ հետո ուղարկի: Բայց Ռոմանը ոչ մի ձեւով չարձագանքեց մեր եւ ոչ մի առաջարկին: Ասաց, որ մեզ ոչ մի բան պարտք չի, ոնց ուզում ենք հասնենք Հայաստան: Սպառնում էր, որ բնակարանի գումարը տանք, հակառակ դեպքում` տանտիրոջը կասի, որ մեզ դուրս շպրտի ձմռան ցրտին: Ասաց, որ կարող ենք չեչենների մոտ գնալ` փողոց մաքրելու: Բայց այդ աշխատավարձով մենք մի 3-4 տարի պետք է աշխատեինք, որպեսզի իմ եւ դստերս համար տոմսի գումար վաստակեինք: Այդ ողջ ընթացքում Ռոմանը անընդհատ գալիս էր մեր բնակարան, ահաբեկում էր, սպառնում էր, որ շատ կարճ ժամանակահատվածում ազատենք բնակարանը եւ հեռանանք, ազատենք իրեն մեր ներկայությունից: Դրա հետ մեկտեղ գալիս էին իր բարեկամները եւ ասում, որ Ռոմանի վրա հույս չդնենք, որ մենք նույնիսկ չերազենք, որ Ռոմանը մեզ գումար կտա կամ էլ իր փողերով կուղարկի Հայաստան: Տասը օր ես եւ աղջիկս սոված էինք մնացել, ոչ մի գռոշ չունեինք, վերջին կես կտոր հացը աղջիկս էր կերել: Սոված, լքված, ցուրտ բնակարանում մնացինք տասը օր: Բնակարանը, որտեղ բնակվում էինք, հեռախոս ուներ, իսկ դստերս պայուսակում միգրացիոն կենտրոնի հեռախոսահամարը կար: Հույսներս կտրած զանգեցինք` առանց ակնկալիքների: Պատմեցինք որտեղ ենք եւ ինչ պայմաններում: Հաջորդ օրը միգրացիոն կենտրոնի աշխատակիցները եկան, մեզ տեղափոխեցին իրենց մոտ: Հետո տեղեկացրին Հայաստանի ոստիկանությանը: Իրավապահ մարմինների օգնությամբ վերադարձանք Հայաստան: Առանց գումարի, առանց որեւէ մեկի աջակցության ամեն ինչ սկսեցինք զրոյից: Ոչ ոք ձեռք չէր մեկնում, բոլորը` հարազատ թե հարեւան, միաբերան մեղադրում էին, որ իմ այդ վիճակի համար միայն ես եմ մեղավոր, որ չնայած այդքան հորդորներին, ես հեշտությամբ հավատացի երկու օրվա ծանոթի շռնդալից խոսքերին, անտեսելով ինձ համար իրոք սրտացավ մարդկանց խորհուրդները:  Հարուցվեց քրեական գործ, Ռոմանը` ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով հատուցեց իր կատարած արարքների համար: Իսկ ինձ համար այդ մի քանի ամիսը կյանքի մեծ դաս եղավ: Եվ գուցե դա է պատճառը, որ հիմա ես ոչ մեկի հանդեպ վստահություն չունեմ, նույնիսկ հարազատիս դժվարությամբ եմ հավատում:

Երբեմնի այն մարդամոտ, կամեցող, չնայած կյանքի դաժան հարվածներին` ուրախ ու անմիջական Աննան դարձել է ինքնամփոփ, կասկածամիտ եւ անհույս մի կին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում