Zara«Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական եւ ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական եւ պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում եւ լսում են ավագին, որի հենասյունն է կինը եւ մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»,- ՀՀԿ 13-րդ համագումարում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերոնշյալ մտքի կապակցությամբ Լուրեր.com-ին մեկնաբանություն է տվել հրապարակախոս ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «... Ի՞նչ ունենք այժմ: Քրեաօլիգարխիկ համակարգ, որի հիմնական շարժիչ ուժն այդ պահպանողական ընտանիքներն են, որոնք չեն ենթարկվում օրենքներին, քանի որ ունեն իրենց չգրված օրենքները, իրենց ընտանիքից դուրս անձանց չեն դիտարկում իբրեւ հավասար քաղաքացիներ: Պաշտպանված է այն մարդը, որն ընդգրկված է կլանում, բուրգի մեջ` բարեկամը, խնամին, ազգականը, որն աներկբայորեն ենթարկվում է ներքին կանոնակարգին: Այս համակարգում արգելված է ընտրությունը, սերը, իրավունքը: Ամեն բան որոշում է կլանի ղեկավարը: Ընտանիքը խրախուսում է կոռուպցիան, քանի որ հանուն բարեկեցության` ցանկացած քայլի դիմելը միայն սխրանք է: Ընտանիքը խրախուսում է հովանավորչությունը, քանի որ պաշտոնական դիրք գրավող կլանի ներկայացուցիչը պարտավոր է հոգ տանել իր ազգականների մասին ու տեղավորել աշխատանքի շահավետ տեղերում:Եվ ընդհանրապես, ինչպես գրված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը», այսինքն` ոչ ոք իրավունք չունի ինձ պարտադրել նախընտրել այս կամ այն մոդելն` ընտանիք կազմելու համար, քննել, թե ինչպիսի անձնական կյանքով եմ ապրում: Դա Սահմանադրության կոպիտ խախտում է»:

Իհարկե, դժվար է չհամաձայնել հրապարակախոսի շատ մտքերի հետ, սակայն դժվար է համաձայնել, որ ամուր, ավանդական, պահպանողական ընտանիքն ընդհանրապես կարող է խանգարել պետության, այդ պետության ներսում` անհատի, քաղաքացու կայացմանը: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին պարտադրել, թե նա ընտանիք կազմելու ինչ մոդել պետք է ընտրի, սակայն կան ավանդույթներ, որոնք հենց որոշում են մարդու ազգային դիմագիծն ու ինքնությունը: Գուցե ավանդականին դեմ լինելով` հրապարակախոսը կողմ է ոչ ավանդականի՞ն, օրինակ` միասեռականների ամուսնությա՞նը:    

Ի դեպ, օրերս «Վիտամին» ակումբի հյուրերի թվում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել իրենց գործունեության ոլորտները: Սակայն հիշեցինք նրանց կազմակերպած մի միջոցառում, որը հաստատ չի տեղավորվում «ավանդական ընտանիք» հասկացողության մեջ. անցյալ տարի այդ կազմակերպությունը անցկացրեց «Հեշտոցի մենախոսությունները» վերնագրով, այսպես կոչված, թատերական միջոցառում: Ահա այսպես: Վերջում ուզում ենք դիմել հետեւյալ կոչով` գրանտածիծներ բոլոր տեսակի, միավորվե՛ք:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ