livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

sud«Իրավունք» թերթի այս տարվա 12-րդ համարում` «Երեխան` կռվախնձոր եւ… պահանջատեր» վերնագրված հրապարակումով,  փորձ կատարվեց իրավապահ մարմինների առանձնահատուկ ուշադրությունը գրավել ինքնասպան եղած կամ սպանված «Արայ»-ի սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի եւ նրա նախկին կնոջ` Տատյանա Չադենկովայի դստեր ներկա եւ ապագա ճակատագրին: Այդ հրապարակումից ամիսուկես անց էլ այդ խնդիրը, ցավոք, օրակարգում է:

Հիշեցնենք, որ Արմենի մահից հետո երեխան շուրջ 4 ամիս ապրում էր հանգուցյալի մոր` Կարինե Սուքիասյանի հետ: Մանկիկի տատիկը ճանաչվել էր նաեւ խնամակալ: 2011-ի դեկտեմբերին Տատյանան ժամանել էր Հայաստան եւ ցանկություն էր հայտնել վերահաստատել մայրական իր իրավունքը եւ վերցնել երեխային: Տատիկը դիմել էր դատարան Տատյանային ծնողական իրավունքից զրկելու պահանջով: Դատարանը չէր հասցրել քննել այդ պահանջը, երբ Արաբկիր վարչական տարածքի աշխատակազմը դադարեցրել էր տատիկի խնամակալությունը եւ…

Երեխային մորը հանձնելու գործընթացն, այնուամենայնիվ, տեղի չունեցավ. տատիկն ու թոռնիկը մեկնել էին հեռու ճանապարհորդության, հավանաբար` Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին է վկայում այն փաստը, որ զառամյալ կնոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Եվ այսպես, Կարինե Սուքիասյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի հատկանիշով եւ նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում, եթե…

«Եթեները» չեն սահմանափակվում «վտանգավոր» այդ հանցագործին հայտնաբերելու հանգամանքով: Ըստ իս, կարեւոր չէ նաեւ այն, որ տատիկը կարող է կամավոր «հանձնվել» իրավապահներին…

Խնդիրն այլ է: Փախստական տատիկին, ըստ էության, մեղադրանք ներկայացված չէ եւ ներկայացված լինել չէր կարող, քանի որ նա եղել եւ մնացել է անհասանելի իրավապահների համար: Ավելին. տիկին Սուքիասյանը, ըստ մեր տվյալների, չի ստացել իրավական այն ակտը, որով դադարեցվել էր նրա խնամակալությունը: Օրենքի տեսակետից, տատիկին մեղսագրվող արարքը միանշանակ չէ:

Իսկ բարոյականության տեսակետի՞ց:

Արմեն Պետրոսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը դեռ ավարտված չէ: Թեեւ քննչական մարմինները հավատարիմ են մնացել այն վարկածին, որ տեղի էր ունեցել ինքնասպանության դեպք, այնուամենայնիվ, չի նվազել այն անձանց քանակը, ովքեր ոչ միայն համաձայն չեն այդ վարկածին, այլեւ ուղղակի մեղադրում են Տատյանային սպանություն ծրագրելու մեջ: Հարց է ծագում. ո՞ր տատիկը կհանձնի իր մահացած որդու երեխային այն կնոջը, ում կասկածում է սպանություն կազմակերպելու մեջ:

Խոսքը` դատախազությանն ու քննիչներինն է, եւ այդ խոսքը առաջնահերթ պետք է ասվի ոչ թե երեխայի առեւանգման, այլ Արմեն Պետրոսյանի մահվան առնչությամբ, քանի որ երեխայի շահերը արտահերթ են:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում