livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

garunՎերջապես գտնվեց այն բաղադրատոմսը, որի շնորհիվ կարելի է ունենալ լավ տեսահոլովակ եւ բովանդակալից երգ` միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով հայ մեծ արվեստագետների մեզ ավանդած ժառանգությանը եւ արվեստը դարձնելով միջոց` սերունդ դաստիարակելու գործում: Ընդամենը պետք է վերցնել մեր տաղաչափության վարպետ բանաստեղծների գործերը, ավելացնել տաղանդավոր կոմպոզիտորի կողմից գրված երաժշտություն ու այդ ամենը տեսահոլովակում համեմել մեր մշակութային տարբեր ոլորտներում ստեղծագործող գործիչներին ու իրենց գործերը հիշատակելով: Այդ բաղադրատոմսը հանրության դատին է ներկայացնում երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ եւ մատուցում այն նոր սերնդի միջոցով:

Երեկ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ «Մրրո» ազգային արվեստի համակարգի սան Հարություն Բարեղամյանի` հայ նկարիչներին նվիրված «Գարուն է գալիս» երգի տեսահոլովակի շնորհանդեսը (խոսք՝ Համո Սահյանի, երաժշտությունը՝ Ալեքսեյ Հեքիմյանի):

Այս հետաքրքիր համադրության մասին երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց. «Միակ մարդը, միակ արվեստագետը, ով կարող է վրձնի մի հարվածով գարուն ու սեր բերել, նկարիչն է: Հայ նկարիչները միշտ էլ գարուն ու սեր, բարություն, գեղագիտական արժեքներ են բերել, դրա համար էլ որոշեցինք «Գարուն է գալիս» երգի տեսահոլովակը նվիրել մեր նկարիչներին: Տեսահոլովակում նկարիչների ներկայությունը անձնավորված չէ, այլ խորհրդանշական է: Ուղղակի չէինք կարող բոլոր նկարիչներին ընդգրկել տեսահոլովակում: Մենք արժեւորում ենք մեր բոլոր նկարիչներին, ովքեր բարձր պահեցին մեր մշակույթի այս ոլորտը, մինչդեռ երգարվեստում եւ դերասանական ասպարեզում ինչ-որ բան խարխլվեց: Ամենակարեւորն այս ամենի մեջ այն է, որ անկեղծություն ու ազնիվ մոտեցում կա, որեւէ շահի համար չենք արել: Սա, կարծես, փոխադարձ մի երեւույթ է. երիտասարդ երգչին, ով պետք է իր տեղն ունենա հասարակության մեջ, այսօր օգնում են նաեւ հայ մեծանուն նկարիչների կտավները: Այսպիսի տեսահոլովակները շարունակական է լինելու: Սրանից առաջ մենք տեսահոլովակ ենք նվիրել Հայաստանի հավաքականին՝ մեր ֆուտբոլիստներին: Ապագայում կլինեն, օրինակ` հացթուխին կամ կոշկակարին նվիրված տեսահոլովակներ ու երգեր: Այն մարդկանց կնվիրենք, ովքեր իսկապես մեր հասարակության սիրտն ու զարդն են»:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին երկու տարի առաջ, երբ երգի կատարողը՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ, պետք է զինծառայության գնար, եւ այսօր՝ երկու տարի անց, երիտասարդ երգիչը, ընդամենը մի քանի շաբաթ առաջ վերադառնալով բանակից, տոնում է իր տեսահոլովակի շնորհանդեսը. «Մենք հանդես ենք գալիս որպես մշակույթի զինվորներ, մշակույթի պաշտպաններ: Տեսահոլովակը կարեւորում եմ նրանով, որ դաստիարակչական բնույթ է կրում իր մեջ, որպեսզի արժեւորենք մեր մշակույթը, արվեստն ու մեր մշակութային գործիչներին: Պահպանենք մեր մշակույթը. սա է մեր գերխնդիրը»:

garun1Կերպարվեստի եւ երգարվեստի երիտասարդ գործիչների կապը, կարծես թե, ստացվեց, որից բոլորն էին գոհ: Արսեն Գրիգորյանը երջանիկ էր իր սանի առաջին քայլերով, իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ խոսեց երիտասարդ նկարիչների ցուցադրության մասին. «Հիմնականում մի խումբ երիտասարդ նկարիչներ են, ովքեր սերնդակիցներ են, ընկերներ, շատերը միասին են սովորել, միասին ավարտել: Եվ այսպիսի մի ցուցահանդես կազմակերպվեց, որտեղ ե՛ւ բազմաժանրություն կա, ե՛ւ նմանություն: Կարծում եմ հետաքրքիր է: Այս ցուցահանդեսը խոսում է այն մասին, որ կարող ենք լավատեսորեն նայել հայ կերպարվեստի ապագային: Քննադատության առումով պետք է ասեմ՝ բացի նրանից, որ ձեւի մեջ իրենք շատ ժամանակակից են, նյութերը, թեմաները կուզենայի ավելի արդիական լինեին, կուզենայի հասկանային, որ այսօր ապրում են այս վիճակում եւ ունեն իրենց խնդիրները, մնացած ամեն ինչը լավ է»:

Կ.Աղամյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեսահոլովակը  ստվերում մնացած նկարիչներին տեսանելի դարձնելու միջո՞ց էր. «Իհարկե` ոչ. ճանաչելիության խնդիր չկա: Տեսահոլովակում ընդամենը 5-6 նկարչի դեմք ցույց տրվեց, մինչդեռ մեր միության կազմը մոտ 800 հոգի է ու բոլորին ճանաչելը դժվար է: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, կարծում եմ` շատ գեղեցիկ էր այս ամենը, կարելի է տարբեր ձեւերով համադրել եւ տարբեր եզրագծեր գտնել միմյանց հետ: Այս անգամ սա մի փորձ էր, ամեն դեպքում լավ էր»: Այնուամենայնիվ, ՀՆՄ նախագահը համաձայնեց, որ կերպարվեստն այսօր հետին պլան է մղվում. «Նկարչությունը հետին պլան է մղվում, առաջին պլան են մղվում էժանագին երաժշտական ասպարեզն ու էժանագին թատերական տեսակները, այսպես ասած, շոու-բիզնեսն է առաջնահերթ: Ոչ միայն նկարչությունը, այլ լուրջ արվեստը մեր երկրում ոչ միայն մղվում է հետին պլան, հաճախ նաեւ առհասարակ չի նկատվում: Սրա մասին անընդհատ խոսում ենք, բայց, կարծես, լսող չկա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում