livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

zinvorՄենք արդեն անդրադարձել էինք ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԻ «Ուվալնյատի օրը» գրքին եւ չենք ուզում կրկնել մեր կարծիքը: Իսկ դրան նորից անդրադառնալ մեզ ստիպեց նրա հերթական հարցազրույցը «Ժամ» կայքին:

Լրագրողի այն հարցին, թե ինչի մասին է պատմում «Ուվալնյատի օրը» ընդհանրապես, նա պատասխանել է.

««Ուվալնյատի օրը» բաղկացած է 16 պատմվածքներից, ու միայն երեքն է բանակի մասին: «Զինվորական երթ» պատմվածքում, որը ոնց որ ամենաշատն է բարկացրել նրանց, հարյուրավոր զինվորներ երթ են անում` քարշ տալով իրենց զինվորական գրքույկները, մյուս ձեռքին պահելով ինչ-որ բան, ինչը դժբախտացրել է նրանց, հետո սկսում է ամեն մեկը պատմել իր պատմությունը: Պատմվածքներում ամենաիրական բանը օգտագործված լեզուն է` բանակային ժարգոնը»: Ահա այսպիսի անմեղ ու պարզ պատասխան: Բայց ի՞նչ կարիք կա այդ բանակային ժարգոնը մատուցել գրքում զետեղված պատմվածքի տեսքով: Ճիշտն ասած, մենք այդ պատմվածքից որոշ հատվածներ կարդացինք եւ այդ ընթացքում նայում էինք շուրջներս, որպեսզի հանկարծ կանայք կամ աղջիկներ, ինչո՞ւ չէ, երիտասարդ տղաներ չկարդան այդ «մտքի գոհարները»: Եվ զարմանալին այն է, որ գրքի հեղինակին նաեւ հեռուստաեթերում են պաշտպանողներ գտնվում: Մենք այդ պաշտպանողներին պարզապես հարց կտանք` դուք կցանկանա՞ք, որ ձեր աղջիկները, կանայք, ձեր մայրերը կարդան այդ գիրքը...

Դառնանք վերոնշյալ հարցազրույցին եւ լսենք հեղինակին. «Այս ամենը վկայում է, որ դեռ չի վերացել սովետական մտածելակերպը, կարելի է ասել` տոտալիտար մտածելակերպը, չնայած չի էլ վերանա, կարեւորը, որ չիշխի: Իհարկե, շատերը հիմա էլ են ուզում, որ լինի գրաքննություն, շատերը գիտեն, թե դեռ կա գրաքննություն, ու դրա համար էլ սկսեցին այս պատմությունը»: Բայց ի՞նչ կապ ունի տոտալիտարիզմը հայհոյանքի, փողոցը գրականություն բերելու հետ:

Վերջում ներկայացնենք «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» հայտարարությունը, որտեղ «Ուվալնյատի օրը» պղծագիր «ստեղծագործությունը» որակում են մեծագույն խայտառակություն. «Անգամ որպես գեղարվեստական ոճ, սա չհաջողված ստեղծագործություն-խզբզանք է, ինչը հատուկ է անպատասխանատու եւ չակերտավոր ազատականներին:

Այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ: Այդ նյութի առաջին իսկ բառերը մարդկայնորեն ատելություն են սերմանում հայրենիքի, բանակի, սպայի, ծառայության, պարտքի եւ պատվախնդրության հանդեպ: Տեքստի բոլոր խոսքերը եւ բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը, վախկոտի նման փախչում են բոլոր պատասխանատվություններից եւ միայն երազում են ոչ մարդկային սպառման ու կենդանական հաճույքների մասին: Այդտեղ խոսք է գնում միայն բանտային միջավայրի եւ հանցագործ մթնոլորտի մասին: Զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, որը երկու երջանիկ օր ունի` սեքսի եւ զորացրման: Սպաները ներկայացված են որպես վախկոտ ստորներ, որոնք ինչ-որ զինվորի խաղալիք են կամ անսիրտ գազաններ: Տեքստը, ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական եւ հակաուսուցողական է ցանկացած ընթերցողի համար: Դժվար է մի փոքր պատվախնդիր մարդ լինել եւ այդ տեքստից զզվանք չապրել: Սա անթույլատրելի է, մեծ վրդովմունք է առաջացրել բանակում ծառայած մեծաթիվ հայորդիների, նախկին զինվորների եւ սպաների շրջանում: Սա անարգանք է զոհված բազում հերոսների հանդեպ: Կոչ ենք անում անհանդուրժող լինել անհայրենիք մարդկանց կողմից մեր հայրենիքը վարկաբեկող գործողությունների հանդեպ: Սա յուրաքանչյուր հայի համար պատվի հարց է»:

 

ԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ ՈՒ ԱՂՔԱՏՆԵՐ

 

ErevanԻսկ այժմ կտրվենք այդ «գրական» թեմայից եւ տեսնենք, թե ինչ են մտածում մայրաքաղաքի տեսքի վերաբերյալ մշակույթի բնագավառի ներկայացուցիչները: Ինչպես ներկայացված է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում, Կալենց թանգարանի տնօրեն ՍԱՐՈ ԿԱԼԵՆՑԻ կարծիքով` Երեւանը «խաշ ուտող մարդու չափանիշներով ստեղծված քաղաք է»: Պատճառը, ըստ նրա, այն է, որ շատ շենքերի պատվիրատուները նոր հարստացած մարդիկ են, ովքեր «կուլտուրա չունեն օգտագործելու եւ դհոլ-զուռնայով դրանք վերածել են քաբաբանոցի»: Տհաճ է նաեւ ամենուրեք շատ բարձր միացված երաժշտությունը, ինչը նա համարում է կուլտուրայի բացակայության դրսեւորում: Այսինքն` մի իսկական շուկա: Այս ամենն իր լուծումը կստանա ժամանակի ընթացքում, երբ դասային անհավասարությունն այսքան ակնհայտ չլինի. «Ժամանակ է պետք, որ ձեւավորվի միջին դաս, որ ժողովրդի մակարդակը բարձրանա: Հարուստներ եւ աղքատներ կոնտրաստը առաջացնում է այս պրոբլեմը»:

Իհարկե, ցանկացած պետության կայացման, ներքաղաքական լարվածությունը եթե ոչ` վերացնելու, ապա գոնե մեղմելու հարցում անչափ կարեւոր է միջին դասի, միջին խավի կայացումը: Նույնիսկ նման կուսակցություններ ստեղծվեցին ժամանակին, բայց... Ավելորդ չենք համարում հավելել, որ, այսպես կոչված, էլիտար շենքեր կան, սակայն չկա ոչ միայն միջին խավ, այլ նաեւ հասարակական էլիտա` բառի իսկական իմաստով: Այսինքն` կան ընդամենը հարուստներ ու աղքատներ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում