livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

HranushԳեղեցիկ մեկամսյակը մոտենում է ավարտին, իսկ ընտրապայքարը դեռեւս շարունակվում է, որտեղ, ինչպես գիտենք, ներգրավված են նաեւ կանայք, իսկ թե ո՞րն է այսօր հայ կնոջ ամենամեծ խնդիրը (քաղաքական, հասարակական) այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, հայ կնոջ ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է իր ընտանիքին գլխավոր հենասյուն լինելը. ընտանիքում խաղաղ, հանգիստ մթնոլորտի ապահովումը, մայրենիի անաղարտ պահպանումը, երեխաների հայեցի դաստիարակությունը: Այդ ամենը ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական իմաստ ու նշանակություն ունեն, քանզի հասարակության հիմքը ընտանիքն է, հասարակությունը ընտանիքների հանրագումարն է:

- Ինչո՞վ են տարբեր եւ նման սփյուռքի եւ մեր կանայք:

- Նման են հայ կնոջը բնորոշ յուրահատկություններով` նվիրվածություն ընտանիքին, երեխաներին, ամուսնուն: Ընդհանուր են ազգային հատկանիշներով` պարկեշտություն, հյուրասիրություն, համեստություն, իմաստնություն…

Տարբեր են նաեւ եւ այդ էլ բնական է, իհարկե....: Արտերկրի տարբեր հատվածներում նրանք կրում են իրենց ապրած երկրի հասարակական, քաղաքական կյանքի, մշակույթի կնիքը եւ այդ պայմաններում գերխնդիր ունեն` հայ մնալու, հայրենիքի տեսլականն իրենց հոգիներում պահպանելու, ընտանիքը ուծացումից փրկելու:

- Ձեր կարծիքով, արտագաղթի եւ ներգաղթի հարցում,  ընտանիքում ավելի շատ ով է մեծ դեր խաղում կի՞նը, թե՞ տղամարդը:

- Ընդհանրապես արտագաղթի հարցում տղամարդն է մեծ դեր խաղում, որովհետեւ աշխատանք չունենալը ավելի շատ խոցելի է դարձնում ընտանիքի տղամարդուն եւ նա աշխատանքի անվերջ փնտրտուքում լինելով, ձգտում է այնտեղ, որտեղ կգտնի այն: Անշուշտ կինն էլ նպաստում է նման որոշման կայացմանը:

Ներգաղթի հարցում մեծ դեր է խաղում կինը, իր բնույթով նա ավելի շատ զգայական է, զգացմունքային եւ իր զավակների ապագան հայրենիքում տեսնելու ձգտումը նաեւ հայրենիքի կարոտը նրան ձգում է, հետ բերում:

- Գոյություն ունի կնոջ պատգամավորական ոճ, որոնցից մեկը` Զարուհի Փոստանջյանն է, ով որոշ հացեր լուծելու համար պառկում է գետնի վրա:  Մյուս տեսակը` դա հանդարտեցնողն է, ինչպես Դուք եք եղել ժամանակին, երբ պատգամավոր էիք: Կնոջ պատգամավորական ո՞ր տեսակն է ավելի  նախընտրելի պատգամավոր լինելու համար:

- ՙԿնոջ պատգամավորական տեսակ՚ արտահայտությունը տարօրինակ ձեւակերպում է, իսկ կնոջ ներկայությունը ե°ւ պառլամենտում, ե°ւ կառավարությունում, մասնակցությունը իշխանական ցանկացած թեւում պետք է շրջապատին զսպվածություն, լրջություն եւ հարգանք ներշնչի: Որեւէ մեկին գնահատական չտալով, կուզենայի ասել, որ թե° պառլամենտում, թե° կառավարությունում իմ հավատամքը եղել է եւ կա նվիրումը աշխատանքին, պատասխանատվությունը` ժողովրդի եւ ղեկավարության առջեւ, հավասարակշռված եւ հասարակության կողմից ավանդաբար հայ կնոջը հարիր, հասարակության մեջ բարության ավելացմանը նպաստող պահվածքով:

Ես աշխատում եմ, որտեղ էլ որ լինեմ, իմ վարքով, բարքով, գործելակերպով, վարվելակերպով, ողջ գործունեությամբ նաեւ խոսքի մշակույթով ձգտել հարգանքի արժանանալ եւ, ինչու չէ, օրինակ ծառայել երիտասարդ պաշտոնյաների եւ, մասնավորապես` կին պաշտոնյաների համար:

- Այսօր կանանց դերը նույնպես օրենսդրորեն կարգավորված է, այսինքն` յուրաքանչյուր նախընտրական ցուցակում ամեն վեցերորդը պետք է պարտադիր կին լինի: Արդյոք արհեստական որեւէ բան չե՞ք տեսնում այստեղ, քանի որ որոշ ցուցակներում  անծանոթ կանանց անունների ենք հանդիպում:

- Տեսնում եմ եւ կարծում եմ, որ դա լավ օրից չի արված: Այն կանանց հասարակական- քաղաքական ակտիվությունը բարձրացնելու նպատակով է կատարվում եւ շատ կուզենայի, որ պառլամենտ նոր եկողները այնքան պրոֆեսիոնալ դառնան, այնքան ակտիվություն ցուցաբերեն, որ ճամփա հարթեն հետագայում կանանց համար եւ տա Աստված նման քաղաքականապես հասուն կանանց թիվը այնքան շատանա, որ հետագայում կարիք չզգացվի քվոտավորման:

- ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդ եւ իններորդ  համարներում գտնվող անձինք հայտարարություններ են կատարում, որ կոալիցիան ձեւական է: Ի՞նչ կարող է սա  նշանակել եւ արդյոք կարող է կոալիցիան ձեւական լինել:

- Ցավում եմ, որ քաղաքականության մեջ փորձված մարդիկ են նման հայտարարություն անում: Կոալիցիա հենց նշանակում է, որ երկու եւ ավելի կուսակցություններ ընտրություններից հետո համաձայնության են գալիս, իրենց ծրագրային դրույթները մոտեցնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ եւ պարտավորվում են որոշակի ժամանակահատվածում այն իրականացնել:

Ծրագրից ելնելով ստանում են համապատասխան պորտֆելներ, դառնում են կառավարման այս կամ այն ոլորտի պատասխանատուներ, օգտագործում են պետական բյուջեի միջոցները` բավարարելու հասարակության ակնկալիքները, իրականացնելու ծրագրերը:

Չնայած պետության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առնչությամբ պատասխանատուն կառավարությունն է, սակայն կոալիցիոն յուրաքանչյուր կուսակցություն երկրում պատասխանատվություն է կրում իր կողմից ստանձնած ոլորտի զարգացման համար, հաջողությունների եւ ձախողման համար: Քանի դեռ կոալիցիոն կուսակցությունը դուրս չի եկել կոալիցիայից, վայր չի դրել իր ստանձնած պարտավորությունները, այն ձեւական լինել չի կարող:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում