livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

EduardՏեղին ենք գտնում ձեզ ներկայացնել օրերս կյանքից հեռացած հայ հանճար, "Կենդանի լեգենդ" տիտղոսին արժանացած Էդուարդ Ղազարյանի հետ իր վերջին տարիներին մեզ տրված հարցազրույցը:

Մեր թերթի հյուրը եւ զրուցակիցն է մանրարվեստի աշխարհահռչակ հիմնադիր եւ իր արվեստի ու արհեստի մեջ անգերազանցելի ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նրա մանրապատկերները զարդարում են Ինդիրա Գանդիի, Խո Շե Մինի, Ֆիդել Կաստրոյի, Ջորջ (ավագ) Բուշի եւ շատ ուրիշների հավաքածուները: Իսկ որոշ գործեր իրենց պատվավոր տեղն են գտել ՙԳինեսի՚ ռեկորդների գրքում: Նրա միկրոմանրապատկերները համարվում են աշխարհի ութերորդ հրաշքը: Էդուարդ Ղազարյանը նաեւ քանդակագործ է, գեղանկարիչ, երաժիշտ, ջութակի վարպետ, գյուտարար եւ գրող: Նրա մասին գրված են գրքեր, նկարահանված են վավերագրական կինոնկարներ:

Նրա արվեստի գործերը` բրնձի եւ շաքարի հատիկի վրա նկարչությունն ու փորագրությունը, ասեղի անցքի մեջ տեղակայված ֆիգուրաները (օրինակի համար` Չարլի Չապլինը կամ ուղտերի քարավանը), մարդու մազի մեջ տեղակայված Ստրադիվարիի տարբեր գույների ջութակները եւ շատ այլ հրաշքներ, մարդու աչքին հասանելի են միայն խոշորացույցով մի քանի հարյուր անգամ մեծացնելուց հետո:

Նրա պատրաստած ամենափոքր ջութակը 7 մմ է, որի վրա պարոն Ղազարյանը նվագում եւ համերգներ է տալիս: Նրա գործերին ծանոթ է ամբողջ աշխարհը: Իսկ նրա ստեղծած շարժվող մանրապատկերների գաղտնիքը չեն կարողանում բացահայտել նույնիսկ ֆիզիկոսները: Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, բազմաթիվ միությունների անդամ Էդուարդ Ղազարյանին 2005 թվականին շնորհվել է կենդանի լեգենդի տիտղոսը: Չնայած իր պատկառելի տարիքին` 86 տարեկան, նա շարունակում է ստեղծագործել եւ զարմացնել աշխարհը իր աշխատանքներով:


Վերջին մի քանի տարիներին պարոն Ղազարյանը ուսումնասիրում է նաեւ ժողովրդական բժշկությունը եւ կարծես թե գտել է մարդու` 300 տարի ապրելու գաղտնիքը: Փակագծերը շատ չբացեմ, քանի որ շատ բան պարզ կդառնա մեր զրույցից, որը այնքան հետաքրքիր եւ բովադակալից եղավ, որ ստիպված ենք ներկայացնել մասերով:

- Պարոն Ղազարյան, Դուք ուսուցիչներ ունեցե՞լ եք, թե՞ ինքնուս եք:

- Ես 3 տարեկան էի, երբ սկսեցի նկարել: Եվ այդ տարիքում ցուցադրվեց իմ առաջին ցուցահանդեսը` մանկապարտեզում: Հիշում եմ մանկությանս ամենաերջանիկ պահերը, երբ մանկապարտեզում ջրով թասի մեջ կավի գնդիկներ էին բերում: Ես խելագարվում էի. ինձ համար այդ օրը տոն էր դառնում: Կավից բաներ էի սարքում: 6 տարեկանից ինձ տարան դպրոց, եւ ես կավճի վրա սկսեցի մարդկանց դեմքեր փորագրել: Հետո էլ մատիտը սրում էի ու նամականիշերի նկարները` մի քանի անգամ փոքր չափսով, թղթի վրա էի նկարում: Հետո փայտի վրա էլ սկսեցի փորագրություններ անել: Հիշում եմ ռուսական հեքիաթ ՙՇաղգամը՚ փորագրեցի: 6 տարեկանում ինձ նաեւ ջութակի դպրոց տվեցին, եւ արդեն 80 տարի է` նվագում եմ: Հիշում եմ` ջութակի դասատուիս գործիքը լավ էր հնչում, իմը` այնքան էլ չէ: Ու 13 տարեկանում միս կտրելու քոթուկներից ինձ համար ալտ պատրաստեցի, եւ ինձ տեղափոխեցին ալտի դասարան: Դա իմ առաջին քայլը եղավ, որ խորանամ գործիք սարքելու գործի մեջ: 20 տարեկանում ինձ Մոսկվա ուղարկեցին` կատարելագործվելու, եւ ես դարձա ջութակի վարպետ: Ես չէի ուզում գնալ, ստիպեցին: Հիշում եմ` Սարաջովը զայրացավ, ձեռնափայտը խփեց գետնին ու ասաց. ՙ"Oн страдает самомнением! Немедленно послать в Москву!՚": Գնացի, տեսան, որ լավ ջութակ եմ սարքում, համապատասխան թուղթ տվեցին, որ վարպետ եմ: Այն ժամանակ դասական գործիքների վարպետ Հայաստանում չկար, ես էի սարքում օպերայի, կոնսերվատորիայի, ուսումնարանների համար: Մենք դիրիժոր ունեինք` Անդրանիկ Սողոմոնյան: Նա մի օր եկավ, խնդրեց, որ իր չորսամյա աղջկա համար ջութակ պատրաստեմ: Ֆաբրիկայի սարքածը մեծ է լինում, ես էլ այդ տաղանդավոր աղջկա համար փոքր չափսի պատրաստեցի, ու բոլորը զարմացան: Դա ինձ ոգեւորեց, ու ես լուցկու տուփի չափով ջութակ սարքեցի: Հետո էլ 14 միլիմետրանոց (քաշը` կես գրամ) ջութակ պատրաստեցի ու դրեցի ասեղի ծայրին ու ծածկոցով փակեցի:

ed1Ես նաեւ սարքել եմ Բախի պոմպոզա-վիոլայից (պոմպոզա` հանդիսավոր), որը 84 սմ է: Դա աշխարհում միակ, կրկնօրինակը չունեցող գործիք է: Բախի ժամանակ ալտն էր ընդունված, որը, համեմատած ջութակների հետ (որոնք այն ժամանակ չկային), թույլ էր հնչում: 1724 թվին Բախը այդ ժամանակվա լավագույն վարպետ Հոֆմանին պատվիրեց մեծ ալտ, որը պետք է շատ հզոր ձայն ունենար: Սակայն այդ գործիքով հնարավոր չեղավ նվագել, եւ այն մնաց որպես թանգարանային նմուշ: Երբ ինձ պատմեցին դրա մասին, ես գնացի, ուսումնասիրեցի, չափսերը վերցրեցի, սխալներն ուղղեցի, ակուստիկան լավացրեցի ու 1976 թ. առաջին անգամ վերականգնեցի Բախի պոմպոզան: Այդ գործիքով կոնսերվատորիայում համերգ տվեցի: Մոսկվայում իմացան դրա մասին եւ Խորհրդային Միության 60-ամյակի կապակցությամբ ինձ ուղարկեցին Ամերիկա` համերգների: ԱՄՆ-ում իմ աշխատանքների ցուցահանդես անցկացվեց եւ պոմպոզայով համերգներ տվեցի: ՙԼոս Անջելես Թայմսում՚ մեծ հոդված տպագրվեց` ՙՌուսական արտիստը Ամերիկայում՚ վերնագրով, քանի որ չգիտեին` հայը ով է:

Հիմա էլ միջին սեղանի չափսով գործիք եմ սարքել` 120 լարանի, այն կոչվում է լարային օրգան, որի վրա Բախի ստեղծագործություններն եմ նվագում: Նաեւ սարքել եմ ամենափոքր ջութակը` 7 մմ: Շատերը չէին հավատում, որ դրա վրա հնարավոր է նվագել: Օհան Դուրյանն էլ չհավատաց. ՙԱդիք նվագել չի լինի, ադիք մատ ո՞նց կդնես՚: Ես էլ ասացի` նվագախումբդ հավաքիր, ես կնվագեմ: Ու նվագեցի: Համերգի ժամանակ նա վեր կացավ, որ տեսնի` ինչպես եմ նվագում: Համերգից հետո էլ ասաց. ՙԵս տեսա, թե նա ինչով է նվագում`մազի ծայրով ( ջութակի աղեղը մի մազ է)՚: Ամեն մի միլիմետրի 1/100-րդական մասը մեկ նոտա է: Այն մեկը փայտից էր, հիմա նորն եմ սարքել` ոսկուց:

Խմորից պատրաստած ջութակ ունեմ, որի վրա ցորենի հատիկ է կպցրած եւ գրած է. ՙ всю жизнь кормил человечество хлебом. Сейчас вы услышите мой голос": Վերջերս դրանով Ֆրանսիայում համերգներ տվեցի:

Ես 30-ից ավելի գործիք ունեմ, ՙԿալաշնիկովի՚ ավտոմատ էլ ունեմ, որի վրա 40 գործիք կա: Այդ երաժշտական ավտոմատի կորպուսի վրա, որը պատրաստած է փայտի բարձրորակ տեսակներից, տեղադրված են տարբեր ազգերի 40 երաժշտական գործիքներ: Այդ փայտե գործիքները թանգարանային նմուշ չեն. բոլորն էլ նվագում են: Այդ մեծահամբավ երաժշտական ավտոմատը, ինչպես դրա մասին պատկերավոր արտահայտվեց ակադեմիկոս Դ.Ս. Լիխաչեւը, դարձավ հայերի առհավետ խաղաղության ձգտման խորհրդանիշը:

- Պարոն Ղազարյան, իսկ ինչպե՞ս երաժշտական գործիքներից անցաք այլ իրեր պատրաստելու:
- Մի ժամանակ այսպիսի կարգախոս կար "больше хлеба родной стране": Ես էլ գնացի, տրակտորը մոտիկից տեսա, նկարեցի ու իր բոլոր մասերով պողպատից սարքեցի: Դա էլ կպցրեցի ցորենի հատիկի վրա (տրակտորը ցորենի հատիկից 4 անգամ փոքր է) ու դրա ռադիատորի վրա էլ այդ կարգախոսը գրեցի: Դա էլ դրեցի ասեղի ծայրին: Ու Ժողովրդական արվեստի տանը ցուցադրվեց այդ տրակտորը եւ իմ 14 մմ-անոց ջութակը: Մոսկվայի թերթերը հետաքրքրվեցին, հետո էլ այլ երկրների մամուլը դրա մասին խոսեց: Գերմանական ՙՑայտունգ՚ թերթն էլ գրեց, բայց գերմանացիները չհավատացին, ու այդ թերթը ընթերցողներից 3000 նամակ ստացավ: Այդ ժամանակ նրա խմբագիր Շմիդտը ինձ նամակ գրեց, խնդրեց, որ իրենց ընթերցողներին նամակով պատասխանեմ: Նամակը գրեցի եւ մտածեցի` հետն էլ մի բան ուղարկեմ, որ հավատան: Հիշում եմ` մի անգամ մայրիկիս հագին կապույտ գույնի վերնաշապիկ կար, ու մի մազ ընկել էր այդ վերնաշապիկի վրա: Վերցրեցի, որ գցեմ, մեկ էլ Աստված ինձ միտք տվեց: Վերցրեցի մազը, մեկ սմ կտրեցի ու վրան գերմաներեն փորագրեցի. ՙԵղբայրական ողջույն գերմանացի ժողովրդին հայ ժողովրդից՚: Մազի երկու ծայրին էլ ռուբինի քարեր դրեցի եւ ուղարկեցի: Դրանից հետո արդեն սկսեցի մազը ծակել: Մի հատ շոգեքարշ սարքեցի ու մազի մեջ դրեցի: Եթե խոշորացույցով նայում ես, պատուհանից երեւում է, որ ուղեւորները նստած թերթ են կարդում: Դրա մասին ամբողջ աշխարհի թերթերը գրեցին:

Շատ գործեր ունեմ, եւ երբ նայում եմ, ինքս չեմ հավատում, ասում եմ` դա հնարավոր չի սարքել: Անցնում են տարիներ, ու եթե ասեն` կրկնի, էլ չեմ կարող կրկնել: Իտալական մարմարից Միլոսյան Վեներայի մազի հաստությամբ արձանն եմ սարքել: 8 սմ մազի վրա յուղաներկերով նկարել եմ հայ գիտնականների, բանաստեղծների, փիլիսոփաների 62 դիմանկար:

- Պարոն Ղազարյան, շատ հետաքրքիր է իմանալ Ձեր աշխատանքի գործընթացի մասին: Ինչպե՞ս եք աշխատում: Ի՞նչ գործիքներ եք օգտագործում:


- Տարբեր գործիքներ ունեմ: Գործիքները ինքս եմ պատրաստում կարծր մետաղներից եւ ալմաստներից: Հարյուրավոր գործիքներ եմ հորինում տաշելու, փորագրելու համար: Իսկ աշխատում եմ սրտի բաբախումների արանքում: Մինչեւ սրտիս բաբախելը պետք է հասցնեմ փորագրել, որ ձեռքս չդողա:
Հարցազրույցի շարունակությունը ` գիտնականների կողմից անբացատրելի շարժվող մանրապատկերների, մարդու` 300 տարի ապրելու թեորիայի եւ այլնի մասին կարող եք կարդալ մեր թերթի առաջիկա համարներում:

Զրույցը վարեց
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում