livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

(Շարունակություն)

Eduard1Թերթի նախորդ համարում ներկայացրել էինք մեր զրույցը աշխարհահռչակ մանրանկարիչ, ՙկենդանի լեգենդ՚ տիտղոսը կրող, Հայաստանի 20-րդ դարի 10 հանճարների շարքին դասված գտնվող ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որտեղ նա պատմում էր իր ստեղծագործական ուղու կայացման, իր արվեստի մասին: Այժմ կարող եք ընթերցել մեր զրույցի շարունակությունը:

-Պարոն Ղազարյան, լսել եմ, որ Ձեր որոշ գործեր ուղարկվել են որպես նվեր տարբեր երկրների ղեկավարներին:

-Ես ընդհանուր առմամբ յոթ հարյուր մանրարվեստի գործ եմ սարքել, որոնցից 70-ն ուղարկել ենք տարբեր երկրների կառավարություններին:

Խաղաղության, երկրների միջեւ հարաբերությունները լավացնելու համար ես շատ գործ եմ արել: Խրուշչովը ինձ կանչեց Մոսկվա ու հանձնարարեց Աֆղանստանի թագավորի համար նվեր պատրաստել: Ես բրնձի հատիկի վրա մեր երկրների գերբերը նկարեցի, տակն էլ աֆղաներեն ուղերձ գրեցի, դրեցի ոսկու պատվանդանի վրա եւ ուղարկեցի Մոսկվա: Մի անգամ էլ նա ինձ կանչեց, ասաց, որ բրնձի մի կողմի վրա Ինդիրա Գանդիին պատրաստեմ, մյուս կողմի վրա էլ` իրեն: Տակն էլ մազի վրա գրեցի. ՙԿեցցե' սովետա -հնդկական բարեկամությունը՚: Խրուշչովին Հնդկաստանից նվեր ասեղ էին ուղարկել, որի վրա յոթ հատ փիղ էր փորագրած: Նա խնդրեց, որ պատասխան նվեր պատրաստեմ: Ես էլ 300 հատ փիղ սարքեցի ու մազի մեջ դրեցի: Մեծ Բուշի համար էլ եմ նվեր սարքել, քանի որ նա 1988 թ. երկրաշարժի ժամանակ հայերին մեծ օգնություն ցույց տվեց` 27 միլիոն դոլար ուղարկեց: Բրնձի 1/4-ի վրա Բուշի նկարը սարքեցի, տակն էլ գրեցի շնորհակալությունս£ Հայաստանի հարեւան Իրանի հետ հարաբերությունները լավացնելու համար Իմամ Խոմեյնի մահվան հինգերորդ տարելիցի ժամանակ բրնձի մեկ քառորդի վրա յուղաներկերով նրա պատկերը նկարեցի, բրնձի մեջտեղի մասում էլ թանկարժեք քարերով Թեհրանի նկարը սարքեցի, տակն էլ հայերեն ու անգլերեն գրեցի. ՙԻմամ Խոմեյնին ամբողջ իսլամական աշխարհի լույսն է՚: Այդ գործը արժեր մեկ միլիոն դոլարից ավելի: Հետո էլ ինձ ընտանիքիս հետ Իրանի նախագահը հյուր հրավիրեց.

- Պարոն Ղազարյան, Դուք նաեւ շարժական մանրարվեստի գործեր ե՞ք սարքում:

- Քրիստոս եմ սարքել ու մազի մեջ դրել: Ինչ հարց տալիս ես, պատասխանում է. գլուխը շարժում է. այո է ասում, կամ` ոչ: Գիտությունը չի կարողանում դրա գաղտնիքը պարզի: Ես էլ բացատրել չեմ կարող: Բացի այդ, վեց հատ հեռուստացույց եմ սարքել, դրել մազի մեջ: Հետաքրքիրն այն է, որ դրանք աշխատում են. ալիքներ են բռնում: Ու շատ պարզ են ցույց տալիս:

- Իսկ դա ի՞նչ ալիք է:

- Ես եմ հնարել, իմ ալիքն է: Չարլի Չապլինի կինոներն է ցույց տալիս, ամերիկյան մուլտֆիլմ ՙԹոմն ու Ջերին՚ ու շատ այլ բաներ: Շատերը ասում են` տեսանք, բայց միեւնույն է` չենք հավատում: Ֆիզիկոսները չեն կարողանում դրա գաղտնիքը բացատրել: Մի ուրիշ շարժական մանրապատկեր էլ ունեմ. փոքր հրապարակի վրա Գուլիվերն է կանգնած, ձեռքին մազից սարքած շիշ է, որի մեջ մի լիլիպուտ է նստած: Այդ լիլիպուտը թռչում է ու չի կարողանում շշից դուրս գալ: Ֆիզիկոսներին զարմացնում է այն, որ նա միշտ ոտքի վրա է ընկնում, երբեք գլխի վրա չի ընկնում: Մյուս կողմից էլ ուրիշ լիլիպուտներ աստիճան են դրել, իրար վրա են բարձրանում, Գուլիվերի ձեռքի վրայով են վազում, որ իրենց ընկերոջը փրկեն: Բացի այդ, Գուլիվերը գլուխն էլ է շարժում: Հազարավոր ֆիգուրաներ կան. ձիավորներ, թնդանոթներ, եւ այդ բոլորը շարժվում են: Այդ գործի վրա մեկուկես տարի աշխատել եմ` առավոտվա 5-ից մինչեւ ուշ գիշեր: Գիտությունը դա չի կարողանում բացատրել: Ասում են` Նյուտոնի օրենքի դեմ է. եթե մագնիսական դաշտ է, ինչպե՞ս են ֆիգուրաները իրար հակառակ շարժումներ անում: Ամեն մեկը մի բան է անում, եւ նույն շարժումը չի կրկնվում:

- Իսկ Դուք կարող ե՞ք դա տեսականորեն բացատրել:

Eduard2- Ոչ: Ես քսան հազար փորձ եմ արել` մինչեւ շարժման ձեւը գտել եմ, բայց տեսականորեն բացատրել չեմ կարողանում: Մոսկվան դա ցույց տվեց, գործերս տարա Ամերիկա, այնտեղ էլ թերթերը գրեցին. անվանեցին աշխարհի 8-րդ հրաշքը: Ամերիկացիները 4 ժամ հերթ էին կանգնում արեւի տակ, որ նայեն: Այդ աշխատանքի մասին աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը` էյնշտեյնի թեորիայի շարունակող Ալեքսանդր Օտտո Ստինը, գրեց, որ եթե գիտությունը այս տեմպերով շարժվի առաջ, հավանական է, որ միայն 7000 տարի անց` 9000 թվին, այս շարժման բանաձեւը գտնվի:

2005 թվականին Քեմբրիջից, որտեղ գործում է համաշխարհային կենսագրական կենտրոն, ստացա ոսկե մեդալ: Այդ կենտրոնը աշխարհում 5000 հանճար գտավ, որոնց մեջ ես էլ կամ: Այդ 5000-ին էլ մաղեցին, թողեցին 200 անուն: Իմ անունը այդ ցուցակի առաջին մասում է: Այդ մեդալի վրա գրված է` ՙԿենդանի առասպել՚: Հայաստանում, Ռուսաստանում դրանից այլեւս ոչ ոք չունի: Բացի այդ, Հայաստանի 20-րդ դարի 10 հանճարների` Համբարձումյանի, Ալիխանյանի եւ ուրիշների շարքում եմ:

Վերջերս Ֆրանսիայում համերգներ տվեցի, ու իմ գործերի ցուցահանդեսն եղավ: Ինձ ասել էին, որ պետք է գնամ Ֆրանսիա. այնտեղ հայկական օրեր էին անցկացվում: Բայց բոլորին տարան, ինձ մոռացան: Ու Մարսելի քաղաքապետը, իր վրա վերցնելով բոլոր ծախսերը, ինձ մեկուկես ամսով Ֆրանսիա հրավիրեց: Այնտեղի հայերի հետ շփվեցի, տեսա, թե ինչ ճոխ են ապրում: Իրենց թոշակով կարող են ամբողջ աշխարհը պտտվել: Ցուցահանդեսից հետո ինձ զանգ տվեցին ՙԱզատություն՚ ռադիոկայանից եւ հարցրեցին, թե ինչպես անցավ ուղեւորությունը: Մարսելի հայերից հարցրին,հետո, թե ես ինչպե՞ս եմ ապրում£ Ասացի, որ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ասեի, որ թոշակս 15 հազար դրա՞մ է:

Սիմֆոնիկ նվագախմբում կոնցերտմեյստեր էի աշխատում եւ նվագում էի, Բյուրականի աստղադիտարանում էլ գլխավոր ինժեներ էի: Իմ ամեն մի ջութակն արժեր 5-10 հազար: Երկրի ղեկավարությունից էի բազմաթիվ պատվերներ ստանում:

Վիկտոր Համբարձումյանը ինձ մի օր հարցրեց, թե ինչքան եմ ստանում: Պարզվեց, որ նա ամիսը 14 հազար ռուբլի է ստանում, ես` 15 հազար: Թոշակս էլ հիմա այդքան է, քանի որ սիմֆոնիկի ու Բյուրականի արխիվները չեն պահպանվել: Մի ժամանակ էլ Մոսկվայում էի աշխատում, բայց դա էլ չեն հաշվում...

Այդ ամենի հետ մեկտեղ` ինձ նույնիսկ ցուցասրահ չեն տրամադրում: Իմ գործերը տանը դրած են, իսկ ես դրանք պատրաստել եմ ժողովրդի համար: Ես մշտական ցուցահանդեսի տեղ չունեմ: Քաղաքապետ Զախարյանին դիմեցի, ասաց, որ կմտածի: Բայց դա ի՞նչ մտածելու բան է: Գործերս տանում ենք արտասահման, ցույց ենք տալիս, ետ բերում: Կարող եմ , չէ՞, այնտեղ թողնել. լավ էլ փող կստանամ: Մեր կառավորությունը ինձ կոմունիստների վերջին տարիներին կանչեց, ասաց.ՙՈրտեղ մատդ դնես, այնտեղ էլ կբացենք՚: Այդպես ՙՄոսկվա՚ կինոթատրոնի մոտ մի քանի տարի իմ աշխատանքների ցուցասրահն էր: Նույնիսկ արտասահմանից էին գալիս աշխատանքներս տեսնելու: Այնքան մարդ կար, որ հերթ էր առաջանում: Հետո էլ, երբ ամեն ինչ խառնվեց, այդ տարածքը ԱԺՄ-ի դուրը եկավ, ասացին` ցուցահանդեսի ժամանակը չէ: Ու մեզ այդտեղից հանեցին: Ինձ պետք է, որ տարածք տրամադրեն, որպեսզի ե°ւ համերգներ տամ այդ բոլոր գործիքների վրա, ե°ւ իմ գործերի ցուցահանդեսը լինի: Ես ուզում եմ, որ իմ գործերը մնան Հայաստանում:

(շարունակելի)

Զրույցըª ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում