livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

Eduard3Շարունակում ենք հարցազրույցը  ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, ում ներդրումը մեծ է նաեւ բժշկության մեջ: Նա պատրաստել է գործիքներ մարդու գլխուղեղի վիրահատության համար, ներարկիչներ` բջիջների սրսկումների համար, միկրոասեղներ` աչքի վիրահատությունների ժամանակ վերքերը կարելու համար: Այդ բոլոր գործիքներով հնարավոր է աշխատել միայն մանրադիտակի օգնությամբ:

30 տարի առաջ ուղեղի կաթվածը վերացնելու համար պրն Ղազարյանը այնպիսի սարք է պատրաստել, որը պայթած անոթները մեկ րոպեում իրար է միացնում: Այն կոչվում է ՙՂազարյանի օղակ՚:
Բացի այդ ամենից, պարոն Ղազարյանը գրում է նաեւ գրքեր եւ զբաղվում ժողովրդական բժշկությունն ուսումնասիրելով: Էդուարդ Ղազարյանը գտել է մարդու երկարակեցության եւ առողջ ապրելակերպի գաղտնիքը:

- Գրել եմ ՙԻմ կյանքի պատմություն՚ գիրքը, որտեղ մանրամասնորեն պատմում եմ իմ կյանքի, հետաքրքիր հանդիպումների, աշխատանքների մասին: Այդ գիրքը տպագրեցի, եւ ամբողջ տպաքանակը վաճառվեց:
Պատանիների համար շատ հետաքրքիր արկածային գիրք եմ գրել` ՙՊատմվածքներ Հորոմլեսի մասին՚: Դա էլ նոր պետք է տպվի:
Երկարակեցության մասին էլ եմ գիրք գրել, որը դեռեւս չի տպագրվել: Երբ ես ութսուն տարեկան էի` 6 տարի առաջ, ընկերներիցս շատերը արդեն մահացել էին, մնաց 3-4 ընկեր: Ես սկսեցի ուսումնասիրել` ինչպես անեմ, որ ես էլ չմեռնեմ, որովհետեւ դեռ շատ մտահղացումներ ունեմ, որոնք պետք է իրագործեմ: Ես մեռնելու ժամանակ չունեմ: Անգլիացի գիտնականները ապացուցել են, որ մարդ պետք է 300 տարի ապրի: Իսկ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 65 տարի է, Ռուսաստանում` 70, Ճապոնիայում` 85, որովհետեւ նրանք միս քիչ են ուտում, ավելի շատ ձուկ են օգտագործում, որը աչքերի համար օգտակար է: Սակայն ես խորհուրդ չէի տա չարաշահել նաեւ ձկան կերակուրները:

Ժողովրդական բժշկությունն ուսումնասիրելու համար ես մի տարով գնացի արտասահման: Աշխարհում ժողովրդական բժշկության մասին 70 հազ. գիրք կա գրված: Ես դրանք ուսումնասիրեցի, ծաղկաքաղ արեցի, իմ խելքով մշակեցի: Ուսումնասիրություններս սկսեցի 5 տարի առաջ եւ գնալով երիտասարդացա: Բոլոր փորձերը իմ վրա եմ կատարում եւ գնալով առողջանում եմ: Իմ աչքի կատարակտն էլ բուժեցի: Այն ժամանակ մեր շենքի 10-րդ հարկը ես չէի կարող ոտքով բարձրանալ (վերելակը հաճախ փչանում էր), իսկ հիմա կարող եմ 100 անգամ բարձրանալ, իջնել:

Ես գտա մարդու` 300 տարի ապրելու գաղտնիքը. կարեւորը ճիշտ սնվելն է:
Ամեն կենդանի արարած իր մթերքն ունի, մարդն էլ է կենդանի արարած: Ու եթե մթերքները իրար խառնես, երկար չես ապրի: Ես գտա, որ մարդը պտղակեր եւ խոտակեր (կանաչի չէ` խոտ) կենդանի է: Միլիոն տարի առաջ կանաչի չի եղել, խոտ է եղել: Պատահական խոտ չկա, ամեն մի խոտ առողջության համար է: Ես ցանկանում եմ մի հատ մեքենա սարքել, որ խոտը բերեմ, դրանից հյութ սարքի, որ կովերի պես չնստենք-ծամենք: Կաթնասուն կենդանիները ծնվելուց հետո որոշ ժամանակ կաթ են ուտում, բայց հետո, երբ ատամները դուրս են գալիս, նրանք այլեւս կաթ չեն ուտում, մարդն էլ չպետք է կաթ ուտի. խոլեստերին է հավաքում անոթներին: Ամենաշատ խոլեստերին կա պանրի եւ ձվի դեղնուցի մեջ: Մարդը պետք է բանջարեղեն, պտուղ, ձավար, խոտ ուտի:
Ամենաառողջարար ուտելիքներից է հնդկացորենի քաշովին, որի վրա սիրում եմ սոխը մանր կտրատել, եգիպտացորենի ձեթով խառնել, մի քիչ էլ մածուն ավելացնել: Կորեկի շիլան էլ է շատ առողջարար ու նաեւ ճնշում է իջեցնում: Մարդը մսակեր չէ, եւ այն, ինչ ունի կենդանական ծագում, մարդ չպետք է օգտագործի: Դե, հազվադեպ, երբ դրսում հյուրասիրում են, մի քիչ կարելի է ուտել (ծիծաղում է- Զ. Բ.):

Eduard4Օրական հինգ րոպե մարդ պետք է փակած աչքերով արեւին նայի, որից նա էներգիա է ստանում: Ծնվելուց հետո մարդը պետք է հողին բոբիկ ման գա: Հին Հռոմում 2000 տարի առաջ, ով որ մինչեւ 20 տարեկան կոշիկ էր հագնում, խիստ, մինչեւ անգամ մահապատժով էին պատժում, որովհետեւ նրանց պետք էին ուժեղ զինվորներ: Իսկ որպեսզի մարդը ուժեղ լինի, պետք է բոբիկ ման գա: Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, հեռուստացույցի եւ ժամանակակից տեխնիկայի ճառագայթումը, սինթետիկ հագուստի, նույնիսկ սանրով սանրվելուց այդ վնասակար ճառագայթները հավաքվում են մարդու բջիջների մեջ եւ քաղցկեղ առաջացնում: Իսկ բջիջը շատ բարդ կառուցվածք է. ինչքան մեծացնում ես, այնքան հայտնաբերում, որ այդ փոքրությունները սահման չունեն: Բջջի կառուցվածքը օրենքներ ունի, եւ եթե այդ ճառագայթներից մի բան խախտվի` վերջ, դառնում է ուռուցք: Եթե չես ուզում քաղցկեղ ունենալ, պետք է հողի վրա գոնե 5 րոպե բոբիկ ման գաս: Ես 15 տարի առաջ նյութ հայտնաբերեցի, որը սրսկում են, որ քաղցկեղը չաճի, բայց այն բուժելը շատ դժվար է: Կամ, եթե բոբիկ չես ուզում քայլել, պետք է շամփուրը վերցնել եւ հողի մեջ խրել, 5 րոպե պահել, որպեսզի այդ էներգիան դուրս գա: Եթե մարդու ճնշումը բարձր է լինում, պետք է բոբիկ կանգնել հողի վրա, եւ այն միանգամից կկարգավորվի: Ընկերոջս վրա փորձեցի: Նրա ճնշումը 170 էր, դարձավ 120: Բացի այդ, մարդու ոտի թաթի փոսը շատ կարեւոր տեղ է, որի վրա 60 կետ կա: Դրանք կոշիկին չեն կպչում` մնում են օդում, իսկ հողին կպչելով, նրանք ակտիվանում են:

Ուսումնասիրելով կենդանիներին` հետաքրքիր բաներ իմացա: Կենդանիները, ապրելով բնության օրենքներով, ապրում են այնքան, ինչքան իրենց տրված է` առանց քիմիական դեղամիջոցների եւ այլ հարմարությունների: Մարդ ամեն ինչ բնության օգնությամբ կարող է բուժել: Գլխացավի, սրտի ցավերի դեմ հատուկ մերսումներ կան: Իսկ մարդը 450 հազար անուն քիմիական դեղ ունի: Գայլը մեկ ամիս ընդհանրապես բան չի ուտում, բայց չի հիվանդանում: Ամենահասարակ բանը ամենահանճարեղն է, եթե հասկանաս:

Կրիան ապրում է 400 տարի` առանց ֆիզկուլտուրա անելու: Ես մի ընկեր ունեմ, 90 տարեկան գիտնական է: Նա ամբողջ կյանքում իր կաբինետում նստած ուսումնասիրություններ է անում: Իսկ նրանք, ովքեր ամբողջ օրը վազում, ֆիզկուլտուրա էին անում, 60 տարեկանում մահացան:

Իմ պապերը հարյուրավոր տարիներ տերտերներ են եղել, այստեղից նրանց 1666 թվին տարել են Պարսկաստանի Սալմաստ քաղաքը: Հետո Գրիբոյեդովը կազմակերպեց, Սալմաստի Սավրա գյուղից նրանք 1828 թվին հետ եկան Հայաստան` Սիսիան քաղաք: Պապերիս ամբողջ ցեղը կապված է եղել Աստծո հետ, բայց ես Տեր-Ղազարյան չեմ գրվում, թե չէ` արտասահմանում հարցնում են` տեր-ը ինչ է, ամեն անգամ չեմ կարող բացատրել: Բայց հոգեպես ես կապված եմ Արարչի հետ, նա է ինձ թելադրում, ինձ միտք է տալիս: Հետո էլ այդ հանճարեղ մտքերը վերածում եմ գործի: Մի բան էլ որ չի ստացվում, նա ինձ ուղղորդում է: Առաջին խորհուրդը տվեց, երբ ես հարցրեցի` ինչպե՞ս անեմ, որ երկար ապրեմ: Ասաց, որ հողանցում անեմ, հետո էլ` մնացածը:

- Ստացվում է` Ձեր ընտանիքում արվեստագետներ չկա՞ն:

- Ոչ , հայրս ուստա ճախարակագործ էր: Հետո էլ Լենինը նրան առաջ քաշեց, հայրս դարձավ նախարար: Այնուհետեւ Մոսկվայում սովորեց, դարձավ Հայաստանի դատախազ: Իսկ 1937 թ., որպես տրոցկիստի, բնակարանից հանեցին, մեր ընտանիքը տարան մի մութ սենյակ-նկուղում բնակեցրին: Տառապեցինք երկար տարիներ, մինչեւ հորս վերականգնեցին: Երբ ես Գերմանիա` այն թերթին պատասխան նամակ գրեցի, ասացին` ամոթ է, գերմանացիները կգան, կտեսնեն, որ Ղազարյանը նկուղում է ապրում: Այդ ժամանակ լավ բնակարան տվեցին, որ չխայտառակվեն:
Ուզո՞ւմ եք պատմեմ 300 տարի ապրելու գաղտնիքը:

- Իհարկե…

Eduard5- Առավոտը ժամը վեցին պետք է վեր կենալ, վերցնել մեկ հատ մագնիս, գցել բաժակի մեջ, հետո լցնել թորած կամ եռացրած, ապա սառեցրած ջուր, 2-3 թեյի գդալ տնական խնձորի քացախ ավելացնել: Ու դա պետք է խմել: 10 րոպե անց պետք է 2 միջին չափի կամ մեկ հատ մեծ խնձոր ուտել: 20 րոպե անց 3 հատ Բաղդադի խուրմա (կարելի է նաեւ փոխարինել չրով), 3 հատ էլ ընկույզ պետք է ուտել: Ընդհանրապես ընկույզը շատ օգտակար է:
Այնուհետեւ մինչեւ ժամը հինգը պետք է ոչինչ չուտել, բայց ջուր, իհարկե, անհրաժեշտ է խմել: Դա կոչվում է ծոմ: Մարդը այնպես է ստեղծված, որ պետք է դիմադրի սովին, հետո էլ, եթե օրգանիզմում հիվանդ բջիջ է առաջանում, առողջները նրան սպանում են: Իսկ երբ այդ 11 ժամը անցնում է, կարող եք հնդկացորենի շիլան ուտել: Այդ 11 ժամվա ընթացքում մարդը պետք է խմի 1,5 լ ջուր: Բայց 1 բաժակ թթու թանը անհրաժեշտ է, նույնիսկ այն, որը մնում է խնոցու մեջ: Այդ թթուն սպանում է մարդու օրգանիզմի բացիլները: Իսկ քնելուց առաջ պետք է խմել նույն քացախի բաղադրությամբ ջուրը` դրան ավելացրած 1 թեյի գդալ մեղր: Իսկ քնել պետք է, ինչքան հնարավոր է, շուտ, որովհետեւ ուշ քնելն էլ է վնաս:

Այդ ամենը մանրամասն գիտականորեն բացատրում եմ գրքիս մեջ:

Ամեն մեռնող մարդ վերջին խոսքն է ասում: Բեթհովենն ասել է. ՙՓակեք վարագույրը. ներկայացումն ավարտվեց՚: Մոցարտի վերջին խոսքն եղավ. ՙԼույս եմ ուզում՚: Թուրքը ասում է. ՙԱփսոս, սարերի ջուրը մնաց՚: Ես էլ մեռնելուց պետք է ասեմ ` ճիշտ էր, եթե ապրեմ 300 տարի, կամ` սխալ էր, եթե իմ թեորիան ճիշտ չլինի:


Զրույցը վարեց
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում