livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

vagina«Oրերս «Վիտամին» ակումբի հյուրերի թվում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել իրենց գործունեության ոլորտները: Սակայն հիշեցինք նրանց կազմակերպած մի միջոցառում, որը հաստատ չի տեղավորվում «ավանդական ընտանիք» հասկացողության մեջ. անցյալ տարի այդ կազմակերպությունն անցկացրեց «Հեշտոցի մենախոսությունները» վերնագրով, այսպես կոչված, թատերական միջոցառում: Ահա այսպես: Վերջում ուզում ենք դիմել հետեւյալ կոչով` գրանտածիծներ բոլոր տեսակի, միավորվե՛ք»»:

Մարտ ամսվա մեր հրապարակման այս հատվածը դուր չի եկել վերոնշյալ կազմակերպությանը, նրանք դիմել են դատարան, ու վերջերս ստացանք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը: Չխորանանք իրավական մանրամասների մեջ` դա թողնելով մասնագետներին եւ ընդամենը ներկայացնենք այս ամենից ստացած մեր տպավորությունները:

Ըստ կազմակերպության, «հրապարակումը պարունակում է ապատեղեկատվություն հայցվորի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակ հետապնդող վիրավորական խոսքեր` «ընտանիք քանդող», «գրանտածիծ»»: Նրանք հղում են անում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ ասված է. «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ»: Ուզում ենք միանգամից ասել, որ մենք որեւէ «անձի» անուն չենք տվել եւ որեւէ մեկին չենք վիրավորել:

Եթե վիրավորվել են մեր այն նախադասությունից, որ իրենց ներկայացուցիչը ելույթ է ունեցել «Վիտամին» ակումբում, ապա բնական հարց է ծագում` մի՞թե սարսափելի, անպատվաբեր բան է այդ ակումբում ելույթ ունենալը: Իսկ ինչ վերաբերում է նրանց ներկայացուցչի ելույթին, ապա դա եղել է ոչ թե «Վիտամին», այլ մեկ այլ` «32 ատամ» ակումբում: Իսկ այն հանգամանքը, որ տղաները մի ժամանակ միասին են աշխատել, շփոթության մեջ է գցել մեզ այդ տեղեկատվությունը տրամադրողին: Բայց մի՞թե դա ինչ-որ բան փոխում է:  

Եվ ահա մոտենում է այն պահը, երբ պետք է հայցենք ընթերցողի ներողամտությունը, քանի որ ստիպված ենք լինելու մեջբերումներ կատարել մեղադրանքից ու նաեւ մեկնաբանել, պատասխանել դրան: Ահավասիկ. «Ինչ վերաբերում է «Հեշտոցի մենախոսությունները նեկայացումը», որը, հեղինակի կարծիքով, չի տեղավորվում «ավանդական ընտանիք» հասկացողության մեջ, ապա պետք է նշել, որ հայկական ավանդական ընտանիքը միասեռականների ընտանիք չէ եւ կազմված է կնոջից եւ տղամարդուց (շնորհակալություն հիշեցման համար-Ռ.Թ.): Կարծում եմ` այս փաստարկի վերաբերյալ ոչ մի կասկած չի կարող լինել: Ինչպես բոլոր կանայք, այնպես էլ հայ ավանդական ընտանիքի կանայք ունեն իրենց սեռական օրգանը` հեշտոցը: Այնպես որ` հեշտոցն ինքնին չի կարող համարվել ավանդական ընտանիքի մեջ չտեղավորվող»: Այսինքն` այն տեղավորվում է ավանդական ընտանիքի մեջ: Հասկացանք: Նրանք շարունակում են փիլիսոփայել այդ օրգանի շուրջ. «Գուցե հեղինակը կարծում է, որ «հեշտոց» բառի օգտագործմամբ ցանկացած ստեղծագործություն պետք է հեռու պահել հայկական ավանդական ընտանիքից: Դա նրա իրավունքն է, սակայն միայն այդ հիմքով կազմակերպությանն ընտանիք քանդող անվանելը, մեղմ ասած, իրավաչափ չէ: Այդ դեպքում կարող է որպես «ընտանիք քանդող» անվանարկվել նաեւ կենսաբանության դասագրքերն ու Միսաք Մեծարենցի ստեղծագործությունները, օրինակ` այս բանաստեղծությունը.

Համբոյրիդ, գիշեր, պատուհանս է բաց,

Թո՛ղ որ լիառատ ծըծեմ` հեշտագին

Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին`

Ու զով շաղերուդ կախարդանքը թաց»:

Այդ գեղեցիկ մեջբերումից հետո, որին մի քիչ անց նորից կանդրադառնանք, նրանք անցում են կատարում «Հեշտոցի մենախոսություններ»-ին եւ նշում. «Այդ ներկայացման մեջ «հեշտոց» բառն օգտագործվում է որպես կնոջ եւ նրա խնդիրների սիմվոլ, իսկ այդ խնդիրներն առկա են աշխարհի բոլոր կանանց, այդ թվում` նաեւ հայ կանանց մոտ»: Իսկ մեզ` միամիտներիս, թվում էր, թե կնոջ համար որպես սիմվոլ կարող են լինել, օրինակ, գեղեցկությունը, ընտանիքին նվիրվածությունը, հավատարմությունը, ինչու չէ, ինտելեկտը, հումորի զգացումը: Իսկ եթե ամեն ինչի կենտրոնում այդ օրգանն է (Ֆրեյդի ու նրա «սեռական հակումների» ականջը կանչի), ապա մեզ մնում է մեկ այլ բան էլ առաջարկել. թող մի օր էլ կազմակերպեն ոչ թե «մենախոսություններ», այլ «երկխոսություններ»... Իհարկե, այդ դեպքում հեշտոցը չի կարող միայնակ երկխոսել...

Մի բան էլ է մեզ զարմացնում. հայցը ստորագրած հայցվոր կազմակերպության տնօրեն Լ. Ահարոնյանն ինքն իրեն է գովում. «Նման հաջողված համատեղության (ավանդականի ու ժամանակակիցի-Ռ.Թ.) վառ օրինակ է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ տնօրեն Լարա Ահարոնյանի ընտանիքը, ով իր հասարակական գործունեությունը համատեղում է սիրող ու հոգատար մոր, հավատարիմ ու նվիրված կնոջ կենսակերպի հետ եւ օրինակ ծառայում կազմակերպության բոլոր աշխատակիցների, կամավորների ու շահառուների համար»: Բայց, սիրելիներս, որեւէ թթու խոսք ասե՞լ ենք տնօրենի հասցեին:

Ինչպես խոստացել էինք, այժմ անդրադառնանք Մ. Մեծարենցի բանաստեղծությանը, քանի որ մեզ մեղադրում են նաեւ «գրանտածիծ» բառն օգտագործելու համար: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «թո՛ղ որ լիառատ ծըծեմ` հեշտագին կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին» տողերի «ծըծեմ» բառը համարում են վայելուչ, իսկ մեր «գրանտածիծ» բառը` վիրավորական: Իհարկե, Մեծարենց չենք, բայց այդ բառի իմաստը շատ լավ գիտենք: Մեզ համար դա ընդամենը գրանտ կամ, իրենց ասած, դրամաշնորհ ստանալ, ուտել, ինչու չէ, ծծել է նշանակում... Նրանք մեջբերումներ են անում իրենց կազմակերպության կանոնադրությունից` համոզելու համար, որ իրենց նպատակները վեհ են ու համամարդկային, բայց երբեւէ տեսե՞լ եք մի կազմակերպություն, որի կանոնադրությունում «քըխ» բաներ գրված լինեն: Համոզված ենք, որ իրենք էլ լավ գիտեն այդ բառի իմաստը: Չնայած, ինչպես ասում են, ամեն մարդ մտածում է... Եվ, ի վերջո, այն, այսպես ասած, արժեքները, ավանդույթները, որոնք ընդունվում են եվրոպական մի շարք երկրներում, պարտադիր չէ, որ ընդունվեն նաեւ մեզ մոտ...

Միայն հավելենք, որ պատահական չենք համարում, որ «Կյանքի խոսքի»` մեզ դատի տալուց հետո հիմա էլ դատի է տալիս «Կանանց ռեսուրսային կենտրոնը», բայց դա առանձին խոսակցության թեմա է:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում